Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հ/Կ-ՆԵՐԸ ՊԱՍԻՎ

Մայիս 20,2006 00:00

Ով
մասնակցել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի նիստերին՝ հասկացել է Հայաստանում
գրանցված է շուրջ 4000 հասարակական կազմակերպություն, որից յուրաքանչյուրն ունի տասնյակից
ավելի անդամ: Սա բավականին լուրջ թիվ է՝ երկրում տարբեր խնդիրների մասին օբյեկտիվ
տեսակետ ձեւավորելու, քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտների գործընթացները վերահսկելու
եւ ցանկացած սխալ քայլի դեպքում իշխանավորներին սեղմելու համար: Բայց իրականում թե
ինչ են անում այդ մարդիկ, ինչով են զբաղվում, ինչ օգուտ են բերում մեր երկրին՝ ոչ
ոք չի հասկանում: Հ/կ-ներն ակտիվանում են միայն այն ժամանակ, երբ դրամաշնորհներ կամ
այլ գումարներ ձեռք բերելու «հոտ են առնում»: Բոլոր փող փնտրող միամիտ հ/կ-ներին
ասենք, որ գրանտները ոչ մեկին սիրուն աչքերի համար չեն տալիս, պետք է պատկանես այս
կամ այն չինովնիկին, իսկ նման «չափանիշների» չհամապատասխանելու դեպքում պիտի տարիներով
քեզ այսուայնկողմ գցես, անընդհատ վերեւների աչքի առաջ լինես, որ տակը ինչ մնաց՝ տան:
Հայ հասարակական կյանքում ոչկառավարական կազմակերպություններին իրենց ակտիվությունը
ցույց տալու համար վերջերս լավ եւ հարմար առիթ ստեղծվեց: Խոսքը ԱՄՆ-ի կառավարության
կողմից ֆինանսավորվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասին է, որը ոչկառավարական
կազմակերպություններին հնարավորություն էր ընձեռում ծրագրի կառավարման եւ շահառուների
խորհուրդներում ընտրել հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: Սակայն, ի զարմանք
բոլորիս, ընտրություններին հասարակական սեկտորից հայտեր ներկայացրին շատ քիչ թվով
կազմակերպություններ: Այսպես՝ ընտրությանը հայտ էր ներկայացրել 217 ոչկառավարական
կազմակերպություն, որ կազմում է հայաստանյան հասարակական սեկտորի մոտ 3-4 տոկոսը,
սակայն նրանցից ընտրությանը մասնակցեց 193-ը: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էին այդքան
քիչ թվով կազմակերպություններ մասնակցում ընտրությանը, եւ ինչո՞ւ ծրագրի սկզբում
մեծ ակտիվություն ցուցաբերող, բոլոր նիստերին ու քննարկումներին մասնակցող հ/կ-ների
մի մասը հրաժարվեց հետագա մասնակցությունից եւ հայտ ներկայացնելուց: Դեռ ընտրական
կարգը մշակելիս ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունն էլ կանխագուշակել էր,
որ հայտ կներկայացնի առավելագույնը 250 կազմակերպություն: Խնդիրն այն է, որ չնայած
ծրագրի ամերիկյան կողմը հայաստանյան ներկայացուցիչներից բազմիցս պահանջել էր առավելագույնս
ապահովել բոլոր գործընթացների թափանցիկությունը եւ հրապարակայնությունը, սակայն Շահառուների
եւ Կառավարման խորհուրդների անդամների ընտրությունների հետ կապված՝ հասարակական սեկտորն
ինչպես հարկն է չիրազեկվեց, հայտ ներկայացնելու ժամկետների, ձեւի մասին տեղեկացան
այն մարդիկ, ովքեր նախարարությունում տեղի ունեցած քարտուղարության հրավիրած նիստին
եկել էին: Մյուս տեղեկացման աղբյուրն էլ նախարարության ինտերնետային կայքն
է, որից վստահաբար քչերն են օգտվում: Ֆիննախի այդ գործելակերպը անփութությո՞ւն էր,
դիտավորությո՞ւն, թե՞ ֆինանսների խնայողություն, այդպես էլ չհասկացանք: «Հազարամյակի
մարտահրավերներ» ծրագրում մասնակցության կարգը տակնուվրա եղավ այն ժամանակվանից,
երբ մերոնք ԱՄՆ-ում ստորագրեցին ծրագրի հուշագիրն ու վերադարձան: Դրան անմիջապես
հաջորդող նիստում ծրագրի հայաստանյան համակարգող, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար
Դավիթ Ավետիսյանը հանկարծ որոշեց ընտրություններին մասնակից դարձնել նաեւ ոչկառավարական
հանդիսացող այլ կառույցներին, ինչպիսիք են հիմնադրամները, սպառողական կոոպերատիվները,
միջազգային եւ այլ կառույցները՝ պատճառաբանելով, թե «NGO» բառը հայերեն լավ չի թարգմանվել:
Նույն տրամաբանությամբ շատ հնարավոր էր, որ ծրագրում ներգրավեին նաեւ քաղաքական կազմակերպություններին,
ՍՊԸ-ներին ու ֆիրմաներին: ՍԱՐԳԻՍ ՍԵԴՐԱԿՅԱՆ «Ֆերմերային
շարժում» հ/կ նախագահ Իսկապես, հասարակական կազմակերպությունները մեր երկրում «վախեցած»
են: Վերջին շրջանում նրանցից շատերը նոր «խասիաթ» են սարքել. լրագրողների հետ շփվելիս
նախ ճշտում են՝ դիկտաֆոնը միացրա՞ծ է, թե՞ ոչ, հետո նոր ազատ խոսում: Եթե նրանց «սուր»
մտքերից էլ տպագրվում է, հաջորդ օրը զանգահարում են խմբագրություն ու դժգոհում, որ
«դա ես ընկերական էի ասել»: Օրինակ, վերջերս «պետության գործընկեր» հ/կ-ների ընտրության
ժամանակ «Արազա» կազմակերպության նախագահ Թամարա Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ
պետության հետ «գործընկերությունը Հայաստանում անձերով է պայմանավորված. վերեւները
ծանոթ են լինում հ/կ նախագահին՝ նրա ծրագրերը կյանքի են կոչվում ու ֆինանսավորվում
են, չէ՝ ոչ մի հարց էլ չի լուծվում»: Հրապարակման հաջորդ օրը նա փոխել էր իր տեսակետը՝
պետության հետ գործընկերության մասին եւ փորձում էր համոզել, որ իրեն սխալ ենք հասկացել:
Թ. Աբրահամյանը, որը արտահայտեց սեփական կարծիքը՝ հետո հրաժարվեց, «Հազարամյակի մարտահրավերներ»
ծրագրի ամենաակտիվ հ/կ-ներից է. նա նաեւ Շահառուների խորհրդում հ/կ-ների ընտրական
հանձնաժողովի անդամ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել