Օրերս
Համազգային թատրոնում կայացավ Ժան Բատիստ Մոլիերի «Սկապենի արարքները» կատակերգության
պրեմիերան: Տեղեկացնենք, որ հանրահայտ գրողի թողած մեծ ժառանգությունից ընդամենը
երկու պիես է հրատարակված հայերեն: Ըստ մասնագետների, վերոհիշյալ կատակերգությունը
հեղինակի ավելի ուշ շրջանի գործերից է եւ կարելի է զուգահեռ անցկացնել Բոմարշեի «Ֆիգարոյի
ամուսնությունը» եւ Պիերոյի «Կոշկավոր կատուն» երկերի հետ: Դա օրինաչափ է, քանի որ
հիշատակված երկու հեղինակները ապրել են Մոլիերից հետո եւ չի բացառվում՝ ազդված լինեն
մոլիերյան ստեղծագործություններից: «Սկապենի արարքների» սյուժեն հետեւյալն է. խելացի
ծառան խաբեությամբ կարողանում է փող խլել իր ժլատ տիրոջից: Մեզ հետ զրուցած արվեստագետներից
ոմանք, մեկնաբանելով սյուժեն, կեսկատակ-կեսլուրջ հայտնեցին հետեւյալ ցանկությունը.
ո՞ւր էր նման բախտ մեզ՝ ծառաներիս, որ թեկուզ խաբեությամբ մենք էլ կարողանայինք փող
կորզել մեր տերերից: Իսկ թե ովքեր են իրենց տերերը, պատասխանը մեկն էր՝ ի՞նչ է, դուք
վերեւի՞ց եք իջել, չգիտե՞ք ովքեր են… Ներկայացումը, որ Հայաստանում առաջին
անգամ է բեմադրվում, Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի Արմեն Մազմանյանի ղեկավարած դերասանական
ավարտական կուրսի դիպլոմային աշխատանքն է: Հանդիպեցինք ներկայացման բեմադրիչ
Վահագն Մալոյանի հետ: «Առավոտը» բեմադրիչից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հենց իրեն
եւ ոչ հայտնի (կամ պակաս հայտնի) ռեժիսորի վստահվեց բեմադրության իրականացումը, մանավանդ
որ, հայաստանյան թատերական կյանքում Վահագն Մալոյան անունը անծանոթ է: Մեր զրուցակիցը
նախ հարկ համարեց տեղեկացնել, որ այսուհետեւ ինքը հանդես կգա Դանիել Առագաստ կեղծանվամբ
եւ հետո ներկայացրեց թատերարվեստ իր մուտքի համառոտ պատմությունը: Պարզվում է՝ 5-6
տարի առաջ Վ. Մալոյանը «գիտության մեջ խորանալու» նպատակով մեկնել է Գերմանիա (առաջին
մասնագիտությամբ ֆիզիկոս է) ու հենց այնտեղ հայտնվել մի հեքիաթում, որը կոչվում է
թատրոն: «Գյոթինգենի համալսարանում սովորեցի ու ավարտեցի թատերական ռեժիսուրայի կուրսը
ու աշխատանքի անցա տեղի թատրոններում: Իրականացրի 6 ներկայացում, այդ թվում՝ Շեքսպիրի
«Համլետը», «Ռոմեո եւ Ջուլիետը» եւ այլն»,- հայտնեց ռեժիսորը: Նրա հավաստմամբ, հայրենիքում
իրեն «հայտնաբերել» է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը,
որն էլ ծանոթացրել է Արմեն Մազմանյանին եւ երաշխավորել Մոլիերի այս կատակերգությունը
բեմադրելու համար: Վ. Մալոյանին խնդրեցինք որոշ զուգահեռներ անցկացնել Գերմանիայի
ու Հայաստանի թատերական բարձրագույն հաստատությունների ուսումնական ընթացքի եւ ընդհանրապես
այն ամենի շուրջ, ինչը կոչվում է թատերարվեստ: Ռեժիսորը հայտնեց, որ «դերասանական
ֆակուլտետներ դիմողների թիվը այնտեղ հարյուրներով է հաշվվում, բայց ընդունվում են
քչերը»: Նա հայտնեց նաեւ, որ Գերմանիայի մշակույթի բարձրագույն համալսարաններում
ուսումը անվճար է, իհարկե՝ կան նաեւ վճարովի ինստիտուտներ, նշելով, որ այնտեղ պետական
հովանավորության ներքո գործող թատրոնները առաջին հերթին դերասաններ ընդունում են
պետական հաստատություններից: «Ուսանողները իրենց օրվա մեծ մասը՝ ավելի քան 12 ժամ,
անցկացնում են համալսարանում: Մեզ մոտ՝ թատերականում, կասկածում եմ, որ ուսանողները
դիմանան ծանրաբեռնված ուսումնական պրոցեսին: Ավարտելուց հետո թատրոններում առաջին
քայլերն անող երիտասարդ դերասաններին միանգամից վստահվում են մեծ դերեր: Իհարկե,
կա նաեւ բացասական մի կողմ՝ յորաքանչյուր արտիստի հետ կնքվում է առավելագույնը մեկ
տարվա պայմանագիր»,- հայտնեց ռեժիսորը: Մեր հետաքրքրությանը՝ կարելի է եզրակացնել,
որ Գերմանիայի թատերական օջախներում ընդգրկված են միայն երիտասարդ ու միջին տարիքի
դերասաններ, Վ. Մալոյանը հավաստիացրեց, որ անկախ թատերարվեստում ունեցած վաստակից,
դերասանը Գերմանիայում 65 տարեկանից անցնում է հանգստի. «Այո, նա այլեւս ընդգրկված
չի լինում հիմնական դերասանախմբի կազմում, պարզապես տարին մի քանի անգամ հնարավոր
է նրան հրավիրեն խաղալու՝ ելնելով դերի խառնվածքից»: Ռեժիսորը Գյոթինգենի
«Թատրոն ՕՊ»-ում աշնանը կիրականացնի Ագաթա Քրիստիի «Մկների թակարդը» ներկայացումը,
իսկ մինչ այդ կմասնակցի Թատերական գործիչների միության կողմից հունիսի վերջին անցկացվելիք
երիտասարդ ռեժիսորների ներկայացումների փառատոնին՝ Դարի Ֆոյի «Մի վագրի պատմությունը»
բեմադրությամբ: Ընդ որում, ինչպես Վ. Մալոյանը նշեց, փառատոնին մասնակցելու համար
իր թեկնածությունը նույնպես առաջարկել է Ռուբեն Բաբայանը: Լ.
ԴԱՆԻԵԼՅԱՆ