Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԸ ԿԱՊ ՈՒՆԻ՞

Մայիս 20,2006 00:00

Հնարավոր
է, որ ԱԺ գործարար պատգամավորն աջակցում էր դպրոցի տնօրենի «դրսի» թեկնածուին Երեկ
Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տնօրենի ընտրություններ էին: Դպրոցի նախկին
տնօրեն Նարինե Հովհաննիսյանը, ինչպես հայտնի է, այժմ ԿԳՆ հանրակրթության վարչության
պետն է, եւ շուրջ 1.5 տարի դպրոցը տնօրեն չուներ: Մոտ 10 ամիս առաջ պաշտոնակատար
էր նշանակվել դպրոցի նախկին փոխտնօրեն Անահիտ Խոսրովյանը, որը տնօրենի թեկնածուներից
մեկն էր: Մյուս թեկնածուն Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի փոխտնօրեն Վիկտորյա
Սուքիասյանն էր: Հենց շեմքի մոտ ակնհայտ էր, որ դպրոցի կոլեկտիվին դուր չէր գալիս,
որ իր թեկնածությունն է առաջադրել դրսից ինչ-որ մեկը: Նրանք նույնիսկ շահարկում էին
տիկին Սուքիասյանի՝ ինժեներական մասնագիտությունը, թեեւ տնօրենի պաշտոնի համար մանկավարժական
կրթությունը պարտադիր չէ: Ավելի ուշ պարզվեց, որ Վ. Սուքիասյանը հեռակա սովորում
է նաեւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի 4-րդ կուրսում: «Ես ներկայացել
եմ իմ կենսագրությամբ, պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի, ունեմ բոլոր տվյալները՝
տնօրեն աշխատելու համար»,- հարցաթերթիկը լրացնելուց հետո մեզ ասաց Վ. Սուքիասյանը:
Մեր հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է ճնշում խորհրդի վրա՝ այս կամ այն թեկնածուի
օգտին, տիկին Սուքիասյանը պատասխանեց. «Ես ոչինչ չեմ բացառում, բայց չեմ կարող ասել»:
Մյուս թեկնածուն՝ Ա. Խոսրովյանը բացառում է որեւէ միջամտություն. «Այստեղ
կա կոլեկտիվ՝ իմ կողմից սեր կոլեկտիվի նկատմամբ, կոլեկտիվի կողմից սեր՝ իմ նկատմամբ»:
Ի դեպ, դպրոցական խորհրդի նախագահ, Կենտրոն համայնքի ղեկավարի տեղակալ Համլետ
Մարգարյանը երեկ մեզ արգելեց մասնակցել նիստին: Նշենք, որ ընթացակարգով լրագրողի
մասնակցության հարցը հստակեցված չէ, եւ ինչպես նշեց ԿԳՆ ներկայացուցիչ Սամվել Պեպանյանը,
խորհուրդն ինքն է որոշում՝ թողնե՞լ լրագրողին, թե՞ ոչ: (Նույն Ս. Պեպանյանն անցյալ
տարի շատ ջերմորեն ընդունեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կազմակերպած ակցիան՝ մասնակցել
տնօրենի ընտրություններին, ինչը մենք նրա հետ միասին իրականացրինք Եղեգնավան գյուղում):
Երեկ, սակայն, ինձ ներս թողեցին միայն այն ժամանակ, երբ պետք է հայտնեին քվեարկության
արդյունքները: Քննարկումներն արվեցին փակ դռների հետեւում: Իսկ մեր մասնակցությունը
կօգներ հասկանալ, թե ինչ օբյեկտիվ պատճառներ կային՝ նախապատվությունը տալու Անահիտ
Խոսրովյանին՝ այն դեպքում, երբ 2 թեկնածուներն էլ ճիշտ նույն միավորներն էին վաստակել,
լրացնելով տրված հարցաթերթիկները: Նշենք, որ խորհրդի կազմում 2-ը դպրոցի մանկավարժներից
են, 2-ը՝ ծնող, 2-ը՝ համայնքից եւ մեկը՝ քաղաքապետարանից: Սամվել Պեպանյանից հետաքրքրվեցինք,
թե ինչու կողմնորոշիչ հարցազրույց չանցկացվեց թեկնածուների հետ՝ հաշվի առնելով այն
փաստը, որ 2 թեկնածուներն էլ վաստակել էին հավասար միավորներ: Պրն Պեպանյանն ասաց,
որ խորհուրդը նպատակահարմար չգտավ եւ միանգամից քվեարկեց՝ ելնելով իր սուբյեկտիվ
դիրքորոշումից: Ա. Խոսրովյանի համակիրներից մեկը փորձեց հիմնավորել, թե ինչ ակնհայտ
առավելություններ ունի իր նախընտրած թեկնածուն: Այդ դեպքում մյուս թեկնածո՞ւն ինչ
հիմքով մի ամբողջ 3 ձայն հավաքեց: Այս հարցերի պատասխանը թերեւս ստանայինք, եթե ներկա
լինեինք քննարկումներին: Խորհրդի նախագահն ընտրություններից հետո մեզ ասաց, թե իբր
լրագրողի ներկայությունը կկաշկանդեր խորհրդի անդամներին, եւ նրանք ազատ չէին կարողանա
արտահայտվել: Պրն Մարգարյանին հարցրինք՝ արդյոք բացառո՞ւմ է դպրոցի նախկին տնօրեն
Նարինե Հովհաննիսյանի դերն ու ազդեցությունը տնօրենի ընտրություններում: «Դա անհասցե
հարց է»,- պատասխանեց նա: Մեր հաջորդ հարցին՝ «Օբյեկտի՞վ էին արդյոք ընտրությունները»,
պրն Մարգարյանը պատասխանեց այսպես. «7 մարդ է քվեարկել, ու արդյունքներն այդպիսին
են»: Փորձը ցույց է տալիս, որ դպրոցների տնօրենների ընտրություններում, որքան
էլ շատ դեպքերում հարցը քաղաքականացվում է եւ որոշակի լծակներ են գործի դրվում, սակայն
հաղթելու առավել մեծ շանսեր ունի ներսի թեկնածուն: (Հիշենք՝ խորհրդի անդամների մեծամասնությունը
«ներսից» է՝ մանկավարժներ եւ ծնողներ): Եվ ինչպես երեկ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի
Լարիսա Մովսիսյանն ասաց՝ «փորձած թանն անփորձ մածնից լավ է»: Հետեւաբար՝ մեր իրականության
մեջ մի տրամաբանական հարց է առաջ գալիս. ո՞ւմ վրա է հույսը դնում այն թեկնածուն,
ով գալիս է դրսից: Առանց մեկնաբանությունների, բերենք երեկվա օրինակը: Դրսի թեկնածուն՝
Վիկտորյա Սուքիասյանը, որ անընդհատ «հեռախոսազանգերի մեջ էր», ընտրություններից հետո
դուրս եկավ դպրոցից եւ երկար ժամանակ նստած էր բակում, մեքենայի մեջ՝ իրեն ուղեկցող
մեկի հետ: Ավելի ուշ նրանց մոտեցավ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը: (Մենք նաեւ ապացույց
ունենք՝ լուսանկարի տեսքով): Կարճ զրույցից հետո նրանք հեռացան: Եզրակացություններն
ու ենթադրությունները թողնում ենք ընթերցողին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել