Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ

Մայիս 19,2006 00:00

«ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՉՊԵՏՔ Է ՀԱՃՈՅԱՆԱ ԱՄԲՈԽԻՆ» Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս այս բանաձեւը ոչ միշտ է գործում: Մայիսի 1-13-ը Տրապիզոնում կայացել է Սեւծովյան երկրների դրամատիկ թատրոնների 7-րդ միջազգային փառատոնը: Հայաստանը ներկայացրել է Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը՝ Մրոժեկի «Սովածները» բեմադրությամբ եւ արժանացել հատուկ դիպլոմի: Փառատոնին մասնակցում էր 12 երկիր, այդ թվում՝ Ռումինիան, Բուլղարիան, Մակեդոնիան, Վարաստանը, Ադրբեջանը: Հարցին՝ ո՞ր թատրոնը կառանձնացնեիք հետաքրքիր լուծումների համար, Տիկնիկայինի տնօրեն Ռուբեն Բաբայանը պատասխանեց. «Ցավոք, ոչ բոլոր ներկայացումները հնարավորություն ունեցանք դիտելու, որովհետեւ ավելի վաղ վերադարձանք: Եղածներից ամենահետաքրքիր տպավորությունը թողեցին Մոլդովայի եւ Ռումինիայի թատրոնները՝ բեմի հարթությունը, ժամանակակից թատերական ձեւերը օգտագործելու առումով, իսկ, օրինակ, Կոստրոմայի թատրոնը բերել էր մի գործ, որից ուղղակի պրովինցիալիզմի հոտ էր փչում: Մնջախաղի ձեւի մեջ իրենց ներկայացրին ադրբեջանցիները. թեեւ բեմադրությունը կատարողական տեսակետից, հետաքրքիր չէր, սակայն բավական բարձր էր մակարդակը»: Ռ. Բաբայանի համոզմամբ, հայաստանյան թատրոններն ավելի բարձր մակարդակ ունեն, քան, ասենք, նույն թուրքականն ու իրանականը: Մասնագետները բավական պերճախոս են արտահայտվել Տիկնիկային թատրոնի բեմադրության վերաբերյալ. «Հայերը ներկայացման կենտրոնում դրել են մարդուն, մինչդեռ մյուս թատրոնների դեպքում՝ մարդը դարձել է դիմակ, գեղեցիկ ձայնային եւ լուսային էֆեկտների մեջ կարծես թե կորել է դերասանի էությունը»: Ի դեպ, Թուրքիայում տարեկան անցկացվում է 5 փառատոն, բոլորն էլ պետական աջակցությամբ: Ռ. Բաբայանի կարծիքով, 7-8 մլն եվրո բյուջեն նրանց հնարավորություն է տալիս հրավիրել աշխարհի լավագույն թատրոններին, անգամ նրանց, ում հոնորարները 100000-ավոր եվրո են կազմում: Ռ. Բաբայանի փոխանցմամբ, հայերն ու ադրբեջանցիները միմյանց հաջողություն են մաղթել ներկայացումներից առաջ, իսկ հետո ջերմորեն ձեռք սեղմել ու շնորհավորել: Սակայն, Տիկնիկայինի տնօրենի տպավորությամբ, վերջին տարիներին ազերի արվեստագետները հայերի հետ շփումներում ավելի կաշկանդված են, ինչը նկատելի է նաեւ հայերի մոտ՝ թուրքերի հետ շփվելիս: «Մենք չպետք է ամաչենք իրար ձեռք սեղմելուց: Մտավորականը պետք է կարողանա ոչ միշտ հաճո լինել ամբոխի տրամադրություններին: Այդ տեսակետից ինձ համար շատ լավ օրինակ է Թումանյանը, եւ վատ օրինակ՝ ժամանակակից գործիչները: Չի կարելի ապրել մշտական թշնամանքի մեջ, եւ շարունակ գոռալ՝ մահ թուրքերին»,- կարծում է Տիկնիկային թատրոնի տնօրենը: Անդրադարձ եղավ նաեւ Երվանդ Ղազանչյանի ղեկավարած թատերական գործիչների միությանը՝ իբրեւ հակակշիռ ստեղծվող նորաստեղծ թատերական միության: Ռ. Բաբայանն ասաց, որ հունիսի վեջին կկայանա իրենց միության հիմնադիր համագումարը: Հարցին՝ ինչո՞վ է տարբերվելու այն Ղազանչյանի ղեկավարած ԹԳՄ-ից, Բաբայանը պատասխանեց. «Նախ նրանով, որ պիտի ունենանք հստակ հասարակական դիրք: Անպայման բարձրացնելու ենք, օրինակ, Փոսի եւ Մնջախաղի թատրոնների չարչրկված հարցը: Երկրորդ՝ պիտի երիտասարդներին ստեղծագործելու հնարավորություն տանք, ինչը եւ անում եմ իմ թատրոնի օրինակով, կարեւորելով ազատ բեմ հասկացությունը: Ընդ որում, արդեն պատրաստում ենք մեր միության թերթի առաջին համարը, որտեղ մեր դիրքորոշումը կարտահայտենք թատրոնի հետ կապված կոնկրետ հարցերի վերաբերյալ, մեր ընկերությունը կզբաղվի նաեւ թատերական ոլորտին վերաբերող օրենսդիր գործունեությամբ… Մտածում եմ, որ մեր աղմուկը ինչ-որ տեղ օգուտ բերեց նաեւ ԹԳՄ-ին: Հիմա նրանք էլ են ուզում ամսագիր հրատարակել, երիտասարդական ներկայացումների փառատոն անել եւ այլն: Անգամ եթե մեր գործունեությունը սահմանափակվի նրանով, որ մեկին բզենք՝ ինչ է թե գործ անի, դա էլ վատ չի»: Ի տարբերություն ԹԳՄ-ի, նոր թատերական միությունը կղեկավարվի համանախագահների սկզբունքով: «Բոլոր որոշումները կընդունվեն կոլեգիալ սկզբունքով, մեզ մոտ չի լինի 1 նախագահ, որը ինքնուրույն որոշումներ է կայացնում»,- հավաստիացրեց պրն Բաբայանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել