Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիան այլեւս մեծամասնություն չէ

Մայիս 19,2006 00:00

Կոալիցիան այլեւս մեծամասնություն չէ Բայց մեծամասնության անվան տակ խորհրդարանի 50 պատգամավորները կառավարություն են ձեւավորում: Մինչ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շարունակում է որոշումներ ընդունել խորհրդարանական կոալիցիան լքած ՕԵԿ-ական նախարարներին ու փոխնախարարներին, մարզպետներին ու փոխմարզպետներին զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին, իսկ կոալիցիոն երկու կուսակցությունները վերաբաշխում են կառավարության պորտֆելները, քաղաքական շրջանակներում հասունանում է միանգամայն այլ՝ ՀՀ կառավարության հրաժարականի նպատակահարմարության հարցադրումը: Բանն այն է, որ ընդհանրապես ու նորմալ երկրներում խորհրդարանական «կոալիցիա» ասվածը ստեղծվում է մեկ հիմնական նպատակով՝ ձեւավորել կառավարություն եւ (կամ) պաշտպանել կառավարությանը, որն այդ դեպքում ընդունված է համարել խորհրդարանական մեծամասնության կառավարություն: ԱԺ-ում 20 պատգամավոր ունեցող ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո ՀՀ խորհրդարանում, ըստ էության, մեծամասնություն, որպես այդպիսին՝ այլեւս գոյություն չունի: Այս պարագայում նախարարների, պատգամավորների կողմից ՕԵԿ-ը լքելու քննարկումներն անգամ էական չեն: Ասել է թե՝ որեւէ նորմալ երկրում խորհրդարանում մեծամասնությունից զրկված կառավարությունը նման դեպքերում հրաժարական է տալիս, որովհետեւ այդ կառավարությունն ի սկզբանե ձեւավորված էր խորհրդարանական մեծամասնության՝ կոալիցիայի հենքի վրա, պաշտոններն էլ ե՛ւ գործադիր, ե՛ւ օրենսդիր մարմիններում բաշխված էին հենց այդ սկզբունքով ու երեք կուսակցությունների ստորագրած հուշագրին համաձայն: Եթե այլեւս չկա խորհրդարանական մեծամասնություն, ապա ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի դիտարկմամբ, պետք է նախ ստեղծվի նոր խորհրդարանական մեծամասնություն, որը նոր հուշագիր պետք է ստորագրի ու նոր սկզբունքներով կառավարություն ձեւավորի: «Իսկ այսօր ստացվում է, որ ԱԺ 50 պատգամավոր՝ 39 Հանրապետական եւ 11 դաշնակցական, ովքեր մեծամասնություն չունեն խորհրդարանում, իրար մեջ վերաբաշխում են կառավարության պորտֆելները, ինչն անտրամաբանական է: Ես հասկանում եմ, որ Հայաստանում դա հնարավոր է, որ մեր երկրում կառավարությունն ու Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանում մեծամասնություն ունեն առանց կոալիցիայի, բայց գոնե ձեւական կողմը պետք է պահվի, եւ Անդրանիկ Մարգարյանն ու Գալուստ Սահակյանը, ովքեր սիրում են խոսել մեծամասնություն ունենալու մասին, պետք է նշեն, թե ո՞րն է այն մեծամասնությունը, որն իր վրա կառավարություն ձեւավորելու պատասխանատվություն է վերցրել: Ո՞րն է այն եւս 16 պատգամավոր ունեցող ուժը, որը պետք է միանա ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին, որպեսզի նրանք խորհրդարանում մեծամասնություն ունենան: Այսօր այս կուսակցությունները ԱԺ-ում մեծամասնություն՝ 66 ձայն չունեն»,- արձանագրեց պարոն Իգիթյանը: Նա չբացառեց, որ, ի վերջո, տեսականորեն խորհրդարանում նոր մեծամասնություն կարող են ստեղծել «օրինակ՝ ՕԵԿ, «Արդարություն», «Ազգային միաբանություն» խմբակցությունները, եւ եւս մեկ-երկու խմբակցություն կարող էին միանալ ու նոր մեծամասնություն ձեւավորել, ինչպես դա եղավ Ֆրանսիայում, երբ սոցիալիստները խորհրդարանում մեծամասնություն ձեւավորեցին: Անտրամաբանական է, երբ 50 պատգամավորը կառավարությունում տեղեր է բաժանում»: Ի դեպ, հիշեցնենք, որ խորհրդարանում կոալիցիայից դուրս այլեւս 81 պատգամավոր կա: Այս պարագայում, թեկուզ զուտ տեսականորեն, չի բացառվում, որ եթե կոալիցիայի փլուզումից հետո ձեւավորվեր նոր կառավարություն՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հենքի վրա, եւ այդ կառավարությունը՝ ՀՀ Սահմանադրության 74 հոդվածով նախատեսված կարգով, իր նոր ծրագիրը ներկայացներ ԱԺ-ին, ուղղակի հավանության չարժանանար ու տապալվեր: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել