Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ ԵՎ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ»

Մայիս 19,2006 00:00

«ՄԵՆՔ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ ԵՎ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ» Ասում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը – Պարոն Բալասանյան, փաստորեն, այսուհետեւ ձեր գլխավորած խմբակցությունը խորհրդարանում գործելու է բոլորովին նոր կարգավիճակով: ՕԵԿ-ն այլեւս իշխանության մաս չէ, եւ Արթուր Բաղդասարյանը մոտավորապես մեկ շաբաթ անց կիջնի ԱԺ նախագահությունից եւ տեղ կզբաղեցնի շարքային պատգամավորների մեջ: Հոգեբանորեն պատրա՞ստ եք այս նոր կարգավիճակին: – Հիշեցնեմ, որ մինչեւ 2003 թվականը մենք դարձյալ դահլիճում նստում էինք իրար կողքի եւ աշխատում էինք, եւ եթե հիշում եք՝ վատ չէինք աշխատում: Հիմա էլ կաշխատենք, խնդիր չեմ տեսնում: Իսկ այն մտայնությունը, որ մենք պետք է մեզ վատ զգանք դրանից, սխալ է: Քավ լիցի, մենք բարդույթներ չունենք եւ պատրաստ ենք աշխատել: Ըստ էության, մեր խմբակցությունում ոչինչ էլ չի փոխվել, քանի որ խմբակցության անդամ պատգամավորների այն մասը, ովքեր ակտիվորեն աշխատել են այս երեք տարիներին, դարձյալ խմբակցության մեջ են եւ շարունակելու են աշխատել նույն ոգով, նույնիսկ ավելի մարտական: Գիտեք, որ ժամանակին մեր գործընկերների հետ տարաձայնություններ կային, որոնք հասկանալի պատճառներով չէինք կարող ամբողջությամբ արտահայտել, հիմա կարող ենք ավելի ազատ լինել: – Իսկ այս փոփոխությունը անձամբ ձեզ համար սպասելի՞ էր, ՕԵԿ-ի ընդդիմություն դառնալը դուք հնարավոր համարո՞ւմ էիք: – Անկեղծ ասած, որպես խմբակցության ղեկավար նման բան չէի սպասում, նման զարգացումներն ինձ համար կանխատեսելի չէին, բայց, մյուս կողմից էլ, ի՞նչ է պատահել, մենք առաջին օրը չէ, որ Ազգային ժողովում ենք, նման բաներ տեսել ենք, եւ «Միասնությունը» եւ «Կայունություն» խումբը ժամանակին անցել են այս ճանապարհով: Այնպես որ, սա դարձել է կարծես սովորական քաղաքական մշակույթ: Չեմ կարծում, որ որեւէ արտառոց բան է տեղի ունեցել: Չէ՞ որ, ի վերջո, ամեն ինչ արվել է երկրի եւ ժողովրդի համար: – Իսկ այս նոր կարգավիճակը չի՞ խանգարի ՕԵԿ-ի հետագա քաղաքական գործունեությանը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՕԵԿ-ը գնում էր դեպի նախագահական ընտրություններ իր թեկնածուով՝ Արթուր Բաղդասարյանով: – Մենք երբեք չենք քննարկել, որ Արթուր Բաղդասարյանը գնում է նախագահական ընտրությունների, մենք առայժմ պատրաստվում ենք խորհրդարանական ընտրությունների, եւ եթե դրա արդյունքում եղավ քաղխորհրդի որոշումը, այդ դեպքում կնախապատրաստվենք: Իսկ հիմա մենք գնում ենք դեպի խորհրդարանական ընտրություններ եւ զբաղված ենք կուսակցական շինարարությամբ: – Արդեն հայտնի է, որ ՕԵԿ-ից դուրս եկածները պատրաստվում են առանձին պատգամավորական խումբ ստեղծել: Ինչպե՞ս եք պատկերացնում իրենց հետ ձեր աշխատանքը: Խռովելու եւ նեղացա՞ծ եք լինելու իրենցից, թե՞… – Ես իմ տեսակետն արդեն հայտնել եմ եւ ասել, որ մենք նրանց հետ երեք տարի ճանապարհ ենք անցել, աղ ու հաց ենք կիսել, ընտանիքներով մոտ ենք եղել, շատ հարցերում համախոհներ ենք եղել: Ես եւս լսել եմ, որ առանձին խումբ են ստեղծում, դա իրենց գործն է: Իրենք են ընտրել այդ ճանապարհը: – Հնարավո՞ր է, որ նորից մարդիկ դուրս գան ձեր խմբակցությունից: – Չեմ կարծում, բայց ովքեր որ գնալու են, որքան շուտ գնան՝ այնքան լավ: – Խոսվում է այն մասին, որ շատ խոցելի եք նաեւ դուք ձեր գարեջրի գործարանով, իսկ Հովհաննես Մարգարյանը՝ իր նախկին բիզնեսով: Հնարավո՞ր է, որ դուք եւս դուրս գաք խմբակցությունից: – Կպատասխանեմ իմ մասով: Ես ապրել եմ հիսուներկու տարի եւ չեմ ուզում իմ ճիշտ ապրած տարիների վրա որեւէ բիծ լինի: Երկու որդի ունեմ եւ չեմ ուզում, որ իմ որդիներին ինչ-որ պահի երեսով տան եւ ասեն, որ իրենց հայրը իրեն ճիշտ չի պահել: Ես ակտիվ քաղաքական գործիչ եմ եղել, այժմ էլ շարունակելու եմ իմ գործը: Իսկ բիզնեսով ես չեմ զբաղվում 1999-ի մարտի 21-ից, երբ դուրս եկա գործարանից, եւ այնտեղ ընդամենը բաժնետեր եմ: Սակայն, ըստ նոր Սահմանադրության, բիզնեսով զբաղվելու իրավունք չունեմ եւ կպահպանեմ օրենքի տառը: Այո, ես եմ վերականգնել երկրաշարժից հետո այդ գործարանը, բայց այժմ ընտրել եմ քաղաքական գործունեությունը: – Ի՞նչ եք մտածում կուսակցությունը լքած ձեր նախկին ընկերների մասին: – Ես խորապես վիրավորված եմ այն մարդկանցից, ովքեր կուսակցության ակունքներում էին կանգնած եւ այսօր մեզ հետ չեն: Աստված թող դատավոր լինի: – ՕԵԿ խմբակցությունը ինչպե՞ս է պատրաստվում քվեարկել ԱԺ նախագահի ընտրության ժամանակ, Տիգրան Թորոսյանի թեկնածությանը ինչպե՞ս եք վերաբերվում: – Պարոն Թորոսյանի հետ աշխատել ենք, ես հարգում եմ նրան, իսկ քվեարկության համար, բնականաբար, պետք է լինի քաղխորհրդի որոշումը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել