Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ Է ՓՈՐՁՈՒՄ»

Մայիս 19,2006 00:00

Ուղիղ
երեք տարի առաջ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ԿԳՆ աշխատակազմին ներկայացրեց նոր նախարարին՝
Սերգո Երիցյանին, եւ շնորհակալություն հայտնեց նախորդին՝ Լեւոն Մկրտչյանին: Երեկ
վարչապետը նույն բանն արեց նույն մարդկանց հետ, միայն թե այս անգամ Ս. Երիցյանն էր
գնում, Լ. Մկրտչյանը՝ գալիս: «Հեղափոխություն չենք անելու, ուղղակի առաջ ենք
գնալու: Այս բոլորը հաշվի առնելով, Սերգո՛, պետք է փորձենք ոչ թե եղածը քանդենք,
այլ եղածը շտկենք եւ առաջ գնանք: Վստահ եմ, որ աշխատանքը ստացվելու է»,- այն ժամանակ
Ս. Երիցյանին դիմեց Ա. Մարգարյանը («Առավոտ», 13 հունիսի): Երեկ վերջինս արձանագրեց,
որ Ս. Երիցյանի աշխատանքից դժգոհ չէ. «Ինչպես հայտնի է, պրն Երիցյանի ազատումը ոչ
թե իր աշխատանքի հետ է կապված, այլ քաղաքական նպատակներ ուներ, կոալիցիայի հետ էր
կապված, եւ եթե «Օրինաց երկրի» այդ դիրքորոշումը չլիներ, ապա, բնականաբար, պրն Երիցյանը
շարունակելու էր աշխատել նախարար, ես նրա եւ նախարարության աշխատանքից դժգոհ չեմ
եղել, այդպիսի խնդիր դրված չի եղել, որ աշխատանքի վատ կատարման հետեւանքով պետք է
փոխվեր նախարարը: Ցանկանում եմ հաջորդ աշխատանքի վայրում նույն ոգով աշխատել»: Պրն
Երիցյանի մյուս աշխատանքը կլինի ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում: Նա կրթության,
գիտության եւ հումանիտար ոլորտին վերաբերող խորհուրդներ կտա նախագահին: «Հրամանը
չի եղել, բայց հաջորդ շաբաթվանից ես արդեն կաշխատեմ»,- երեկ ասաց Ս. Երիցյանը: Նա
վստահաբար ասում է, որ իր գործունեության ընթացքում ինքը ձախողումներ չի ունեցել,
եւ դժվարություններ են եղել հիմնականում ֆինանսական խնդիրների հետ կապված. «Մենք
ավելի քիչ ենք առնչվել նախադպրոցական կրթությանը: Դա ֆինանսների խնդիր էր: Այստեղ
քիչ խնդիր ենք լուծել: Գիտության հատվածն է մնում դեռեւս լիովին չհստակեցված…»:
Ս. Երիցյանը հույս ունի, որ Լ. Մկրտչյանը կարող է ամեն բարեփոխում ճիշտ իրականացնել.
«Մկրտչյանը երրորդ անգամ է փորձում, այսինքն՝ անծանոթ չէ այս բնագավառին, եւ հուսով
եմ, որ նա կարող է այդ ամենն իրականացնել: Երկու անգամ աշխատել է նախարար, երրորդ
անգամ երեւի ավելի հստակ եւ տեսանելի կլինեն այդ բոլոր ծրագրերը: Ինձ մնում է նրան
հաջողություն մաղթել»: Վարչապետը նույնպես վստահ է, որ Լ. Մկրտչյանը սկսած
գործը չի ձախողի. «Առաջին տարին չեմ աշխատում Լեւոնի հետ, վստահ եմ, որ ինչպես սկսել
ենք, ավարտին կհասցնենք: Այն մոտեցումները, աշխատանքի ոճը, որ ինքը ունի՝ եւ պահանջկոտությունը,
եւ ընկերասիրությունը…»: Մեր հարցին, թե ինչպես է նայում այն փաստին, որ միեւնույն
մարդը 3 անգամ նշանակվում է նույն պաշտոնին, արդյո՞ք նրա պահանջը անընդհատ զգացվում
է այդ ոլորտում: Վարչապետը պատասխանեց. «Շատ հռետորական հարց եք տալիս: Այստեղ ոչ
թե պետք է անձնավորել՝ մարդը 3 անգամ է աշխատում այդ պաշտոնին, թե 2 անգամ, այլ՝
ինչպիսի աշխատանք է կատարվել: Մինչ այդ պրն Մկրտչյանը մասնակցել է բարեփոխումներին,
այսինքն ինքը ծանոթ է այն գործընթացներին, ինչ տեղի է ունեցել այս 3 տարիների ընթացքում,
նաեւ՝ լինելով ԱԺ պատգամավոր, տեղյակ է բոլոր փոփոխություններին եւ այն մոտեցումներին,
որ կար: Ըստ իս, աշխատանքը դրանից չի տուժի, այդ նույն որակը կշարունակվի: Երբեք
կառավարության քաղաքականության մեջ կուսակցական գաղափարախոսություն չի դրվել, դրվել
են կառավարության մոտեցումները եւ ծրագրերը, այդ կապակցությամբ պրն Մկրտչյանը կիրագործի
կառավարության այն ծրագիրը, որ պրն Երիցյանը անում էր»: Լեւոն Մկրտչյանը խոստովանում
է, որ երրորդ անգամ նույն պաշտոնին գալը հոգեբանորեն դժվար է: Մեզ հետ զրույցում
նա այս մասին նաեւ ասաց, որ միանշանակ լավ չէ, որ մի անձը 3 անգամ հետ է կանչվում,
«բայց քանի որ, ինչպես հիշում եք, իմ պաշտոնից հեռանալը քաղաքական համաձայնությունների
արդյունք էր, երեւի մենք պետք է հասկանանք, որ այսուհետեւ մեր քաղաքական մշակույթը
իսկապես պահանջում է, որպեսզի նախարարական եւ փոխնախարարական պաշտոնները լինեն հայեցողական:
Եվ այստեղ ամենակարեւորն այն է, որ նախարարության բնականոն աշխատանքը չխաթարվի: Եվ
նախարարները, ովքեր գալիս կամ գնում են, պետք է կատարեն զուտ համակարգի ղեկավարի
ֆունկցիաները, շատ չմխրճվելով պրոֆեսիոնալ դաշտի փոփոխությունների մեջ: Այդ իմաստով
կրթության նախարարությունը կայացած նախարարություն է, որովհետեւ այստեղի անձնակազմը
ձեւավորվել է դեռեւս Արտաշես Պետրոսյանի ժամանակներից, եւ կա մի միջուկ, որն անփոփոխ
է բոլոր նախարարների օրոք, եւ կադրային փոփոխություններն այստեղ առանձնապես մեծ ցնցումներ
չեն առաջացնում, ինչպես որոշ նախարարություններում»: Պրն Մկրտչյանը վստահեցրեց, որ
աշխատանքից չի ազատվի ոչ մեկը՝ անկախ կուսակցական պատկանելությունից, եթե որակական
իմաստով բավարարեն: Նշենք, որ ԿԳՆ-ում ՕԵԿ-ական է հանրակրթության վարչության պետ
Նարինե Հովհաննիսյանը, ում մասին պրն Մկրտչյանը հարգանքով էր խոսում: ՕԵԿ-ին է հարում
նաեւ լիցենզավորման եւ հավատարմագրման գործակալության պետ Մհեր Մակիչյանը: Վերջինիս
երեկ հարցրինք, թե արդյոք մտավախություն ունի՞, որ պաշտոնից կզրկվի: Նա մեզ հետ այդ
թեմայով հրաժարվեց խոսել: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. Լրագրողներից մեկի հիշեցմանը, թե «անցյալ անգամ ասում էիք, որ էլ այս պաշտոնին
չեք վերադառնա», Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «Մարդ պիտի մեծ-մեծ չխոսի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել