Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՋՐԱԳԾԵՐԻ ԱԼԱՆ-ԹԱԼԱՆ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

Մայիս 19,2006 00:00

Բարձրաստիճան պաշտոնյաների անունից՝ հերթով «թռցնում» են գյուղերի անտեր ջրագծերը

Մինչ Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանը մարզխորհրդի նիստեր է անցկացնում՝ շշպռելով հողահարկ ու գույքահարկ չհավաքագրած գյուղապետերին, նույն գյուղապետերը դժգոհում են, որ մարզպետարանը ոչ մի քայլ չի ձեռնարկում գյուղերի վարչական տարածքներով անցնող ջրագծերը, որոնք չեն օգտագործվում, հանձնելու համայնքների տնօրինությանը: Գյուղացիների սոցիալական վատ պայմանների պատճառով գյուղապետարանը չի կարողանում կենցաղային ծառայությունների դիմաց գանձումներ անել, մինչդեռ խորհրդային տարիներից մնացած ստորգետնյա ջրագծերը տվյալ համայնքի կարիքները հոգալու համար մեծ հարստություն են: Խնդիրն այն է, որ տիրազուրկ գույքի տնօրինման համար ստեղծված մարզպետարանական հանձնաժողովը գյուղապետերին ժամանակին չի տեղեկացրել, որ կառավարության թիվ 173 որոշման համաձայն, տվյալ համայնքի վարչական տարածքում գտնվող ու որեւէ տնօրինություն չունեցող գույքը համայնքի սեփականությունն է: Գյուղապետերն ընդամենը վերջերս են իմացել կառավարության այս որոշման մասին, ընդ որում՝ թալանչիների հետ բախվելուց հետո:

«Առավոտը» թալանի նման մի դեպքի արդեն անդրադարձել է: Այն ժամանակ Մարմարաշենի չօգտագործվող ջրագծերը «գայթակղել» էին «Շիրակջրմուղկոյուղու» պաշտոնյաներին: Իսկ վերջերս նման անտարբերության պայմաններում նոր թալան է սկսվել թե՛ Գյումրիի 2-րդ գերեզմանատան հարակից տարածքում եւ թե՛ Գետքին պատկանող ջրհան կայանում: Ի դեպ, որպես թալանչիներ, մեկ-երկու բացառությամբ շոշափվում են նույն մարդկանց անունները: Գետքի գյուղապետ Հովիկ Մխիթարյանի խոսքերով՝ «գյուղի միակ հարստությունը՝ չօգտագործվող ջրհան կայանը, գյուղացիներին ընկնավոր է դարձրել, վերջիններս հարկադրված են միլիցու դեր ստանձնել՝ կանխելով տարբեր պաշտոնյաների ուղարկած «դեսանտների» ապօրինի գործողությունները»:

Հետաքրքիրն այն է, որ կառավարության սահմանած ցանկով այն կոչվում է Գետքի ջրհան կայան, սակայն թալանչիները գյուղապետին համոզում են, որ այն Անի 1 ու Անի 2 ջրհան կայանն է, իրենք էլ թռցնելու «դաբրոն» ստացել են: Գյուղապետի պատմելով՝ Գետքի հարստությունը որոշ մարդկանց գայթակղել էր դեռեւս 1998-ին: Այդ ժամանակ տրանսպորտի ու գյուղնախարարների անունից ապամոնտաժվել է ամբողջ ոռոգման ցանցը, 420 մետր՝ 40 միլիոն դրամ արժողությամբ, սակայն մարզպետարանը հրաժարվել է գյուղացիներին պաշտպանելուց՝ հուշելով, որ հրահանգը վերեւից է, փորձեք պայքարել ինքներդ: Հ. Մխիթարյանի ներկայացմամբ՝ մեծ կոնֆլիկտներով, քաշքշուկով, վեճով գյուղացիներին հաջողվել է կառույցն ու 850 մետր ոռոգման գիծը գողությունից փրկել: Սակայն, ըստ գյուղապետի, ներկա պահին էլ թալանը շարունակվում է, ընդամենը երեք ամիս առաջ բետոնե կորպուսներում 10 մետր երկարությամբ ջրագծերից 6 հատը ապամոնտաժել են, որից հետո գյուղապետը ահազանգել է Ախուրյանի ոստիկանապետին, վերջինս էլ պատասխանել է, թե ապամոնտաժումը կատարվում է դատարանի վճռով:

Գյուղապետի պնդումներից հետո միայն ոստիկանապետը կանխել է թալանը, ընդ որում՝ 6 հատը արդեն թռցրել էին՝ հարկադրված թողնելով միայն մեկը: Իսկ վերջերս ապամոնտաժվել է Ախուրյան գետի վրա կառուցված ջրհան կայանը սնուցող պատնեշը, որը կարեւոր ստրատեգիական նշանակություն ունի գյուղի համար. պաշտպանում է հեղեղներից: Թալանը լինում է հատկապես գիշերը: Մաս-մաս գողանում են նաեւ ջրհան կայանի շենքում գտնվող 50 տոննա երկաթային մասը: Պարզելով թալանված ջրագծերի արժեքը՝ 35-40 մլն դրամ, գյուղապետը նույնիսկ հաշվարկել էր, թե գյուղի համար ինչեր կարող էր անել այդ գումարով՝ «Համայնքը խմելու ջրագիծ չունի, 1968-ին է կառուցված եւ սարսափելի վիճակում է. երկու օրը մեկ վթար է տեղի ունենում, կարող էինք համայնքը ասֆալտապատել, Կաղնուտից եկող ոռոգման գիծը վերանորոգել, փլված մշակույթի տունը վերանորոգել»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել