Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԺՈՂՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ» ԴԵՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

Մայիս 19,2006 00:00

«Ժողովրդական
պատգամավոր»-ի ղեկավար Կարեն Կարապետյանը պարզաբանում է խմբին առնչվող հրապարակված
լուրերի իսկությունը: – Կարծես արդեն ավարտին են մոտեցել բանակցությունները
եւ որոշվել է, թե փոխհամաձայնությունների հիման վրա ինչպես են բաշխվելու կոալիցիայից
ՕԵԿ-ի դուրս գալուց հետո առկա լծակները: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հրապարակավ հաստատել
է, որ լծակներ են ստանալու նաեւ ՄԱԿ-ն ու «Ժողպատգամավորը»: – Որոշակի առաջարկներ
կան: Մենք դեռեւս քննարկում ենք դրանք: Խմբի անդամներն ինքնանպատակ չեն համարում
որեւէ պաշտոն ստանձնելը, քանի որ այն միջոց է, այլ ոչ թե նպատակ: – Արդեն
իսկ արտահոսքեր են եղել մամուլում, թե մինչ ընտրությունները մնացած մի քանի ամսվա
համար խումբը ճիշտ չի համարում ամբողջ անցած ժամանակահատվածի համար պատասխանատվություն
ստանձնելը: – Մենք ընդհանրապես երբե՛ք չենք վախեցել պատասխանատվությունից:
Սակայն դարձյալ շեշտում եմ՝ պաշտոնը միայն միջոց է նպատակներն իրականացնելու համար:
Կարծում եմ, որ խոսքը ոչ թե 8-10 ամսվա մասին է, այլ խումբը պետք է ընդհանուր
առմամբ ռեալ գնահատի՝ այսօր պատրա՞ստ է ինչ-որ քայլի գնալու, եւ ինչպե՞ս է «Ժողպատգամավորը»
պատկերացնում այս գործընթացների վրա իր ազդեցությունը: Իհարկե, մեր մոտեցումներն
ենք ունեցել տարիներ շարունակ: Կարծում եմ, որ կառուցողական դաշտում ենք եղել: Ժողովրդի
եւ պետության շահերից բխող լուրջ խնդիրներ են եղել, որոնք փորձել ենք լուծել՝ մեր
պատկերացումներով, անկախ նրանից, թե ինչ հարվածների կարող էինք ենթարկվել: Տնտեսական
զարգացումներին խոչընդոտող գործոնների կամ հակասությունների դեպքում փորձել ենք հիմնավորել,
թե ինչու այդ ճանապարհը չենք համարում ճիշտ: Պետության շահերը պաշտպանելը հեշտ է՝
այն ունի դրա համար անհրաժեշտ ինստիտուտները: Իսկ մենք մասամբ ստանձնել ենք տնտեսվարողների
շահերի պաշտպանության գործը՝ երբեմն հակադրվելով նաեւ իշխող կոալիցիայի մոտեցումներին:
Եվ կարծում եմ, շատ նորմալ ու կառուցողական ենք աշխատել՝ նրանք ունեցել են իրենց
փաստարկները, մենք՝ մերը: – ՕԵԿ-ից դուրս եկած 10-11 պատգամավորները հնարավոր
է՝ խումբ ձեւավորեն, սակայն նաեւ լուրեր հրապարակվեցին, թե Դուք փորձում եք նրանց
ներգրավել «Ժողպատգամավոր»-ում՝ խմբի ազդեցությունն ուժեղացնելու համար: Եղե՞լ են
նման փորձեր: – Նման քննարկումներ չեն եղել ընդհանրապես: «Օրինաց երկրից»
դուրս եկած շատ պատգամավորների հետ մեր հարաբերությունները, մարդկային առումով, բավական
նորմալ են: Սակայն իմ կողմից չի եղել որեւէ առաջարկ որեւէ մեկին: Կարծում եմ, դա
էլ ինքնանպատակ չպիտի լինի: Եթե «Ժողպատգամավորը» խմբի համալրման անհրաժեշտություն
ունենա՝ կմտածենք դրա մասին: Դրա հնարավորությունները մենք այս պահին էլ ունենք:
Ես համագործակցության եզրեր եմ տեսնում շատ պատգամավորների հետ: – Հրապարակվել
է նաեւ տեղեկություն, որ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի
եղբայրը՝ Գագիկ Աբրահամյանը համագործակցում է Ձեր եւ «Միավորում հանուն Հայաստանի»
կուսակցության հետ: – Ի սկզբանե հայտարարել եմ, թե ես եւ «Ժողպատգամավոր»
խումբն աջակցելու ենք «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության կայացմանը: Իսկ
եթե առանձին անձինք կամ միավորներ ցանկություն ունենան համագործակցել՝ մենք դեմ չենք
լինի: Մենք այս շրջանակներում ենք համագործակցում այդ կուսակցության հետ,
որ այն քաղաքական հարթակ գա ոչ թե անձերի եւ պատգամավորական վաղվա մանդատների խնդիր
լուծելու համար, այլ, թող բարձրագոչ չհնչի՝ առաջիկայում սպասվող լուրջ փորձություններին
դիմակայելու համար: «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության ե՛ւ ծրագիրը, ե՛ւ
կանոնադրությունն արդեն իսկ մշակման փուլում են: Կարծում եմ, դրանք շուտով կներկայացվեն
հանրությանը: Մենք էլ փորձում ենք առաջարկներ անել: Եվ առաջարկների հանրագումարում
կծնվի հնարավորինս նորմալ փաստաթուղթ: – Ո՞րն է, Ձեր կարծիքով, կուսակցության
դերակատարությունը «առաջիկա փորձություններում»: – Աշխարհաքաղաքական լուրջ
զարգացումներ են առջեւում: Եվ եթե մեր քաղաքական դաշտը մնա այս վիճակում՝ մեր կողմից
շատ թույլ կլինեն դիմակայելու հնարավորությունները: Իմ պատկերացմամբ, որքան հնարավոր
է՝ կայուն մթնոլորտ պիտի ձեւավորվի մեր քաղաքական դաշտում, եւ այդ պարագայում տարբեր
երկրների շահեր ներկայացնող, այս կամ այն ազդեցությունները չեն կարողանա հեշտությամբ
ներթափանցել մեր երկիր եւ գերակա դարձնել իրենց շահերը: Հարցազրույցը
վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Մեր ունեցած տեղեկություններով,
մինչ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի՝ «Միավորում հանուն
Հայաստանի» կուսակցության հետ համագործակցության պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունները՝
Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպումներ էր ունեցել ՌԴ խոշոր գործարարների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել