Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նորից

Մայիս 18,2006 00:00

«Նորից մեր տանն ենք» Համաշխարհային երաժշտական կյանքում իր լուրջ հայտը ներկայացրած երգչուհի Իզաբել Բայրաքդարյանն ու արտերկրի երաժշտական քննադատների կողմից «ստեղնաշարի ակրոբատ» որակվող դաշնակահար Սերուժ Քրաջյան ամուսնական զույգը կրկին Հայաստանում է: Մայիսի 21-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ ճանաչված արվեստագետները հանդես կգան Մոցարտի 250-ամյակին նվիրված համերգային ծրագրով: Ընդ որում կհնչի նաեւ կոմպոզիտորի հազվադեպ կատարվող Ձայնի, դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված ստեղծագործությունը: Հիշեցնենք, որ անվանի կանադահայ արվեստագետների համագործակցությունը սկսվել է 2003-ից՝ 2004-ին հայրենիքում «վերաճելով» ամուսնության: Նրանք սիրով զրուցեցին «Առավոտի» հետ: Խնդրեցինք, որ ամուսինը ներկայացնի իր հանրահայտ սոպրանոյին՝ կնոջը, եւ հակառակը՝ ունենալու համար աստղային զույգի մինի-դիմանկարը: Ս. Քրաջյանը ներկայացնելով Իզաբելին, նշեց, որ նրա կարիերայի սկիզբը նշանավորվեց 1997-ին, երբ երգչուհին արժանացավ «Մետրոպոլիտեն» օպերայի գլխավոր մրցանակին. «Դրանից հետո սկսվեց տարբեր հեղինակային մրցույթներում Իզաբելի հաղթարշավը, այդ թվում՝ Պլաչիդո Դոմինգոյի գլխավորած «Operalia», Ելիզավետ 2-րդ թագուհու եւ այլ: 2002-03-ին նա հանդես եկավ Փարիզի Opera Bastille-ում, «Մետրոպոլիտեն» եւ մյուս հեղինակավոր թատրոններում»: Ամուսինը դժվարացավ հիշել մինչ օրս կնոջ կատարած դերերգերն ու աշխարհով մեկ նրա մենահամերգները: Սակայն հատկապես նշեց, որ 2003-2004-ին Իզաբելն առաջին անգամ բեմ դուրս եկավ Միլանի La Scala թատրոնում՝ Բերնսթայնի «Վեստսայդյան պատմություն» օպերայում Մարիայի դերերգով: Առանձնահատուկ նշեց նաեւ (ինչը մենք ժամանակին տեղեկացրել էինք- Ս. Դ.), որ կնոջ ձայնը հնչում է «Արարատ», «Մատանիների տիրակալը», «Երկվորյակ աշտարակներ» հանրահայտ ֆիլմերում: Իզաբել Բայրաքդարյանն էլ իր «ստեղնաշարի ակրոբատ» ամուսնուն ներկայացնելով, տեղեկացրեց, որ Սերուժի համերգային գործունեությունը ձգվել է Եվրոպայից մինչեւ Ասիա, Հյուսիսային Ամերիկայից մինչեւ Հարավային Ամերիկա, ճանաչված՝ «Կարնեգի հոլլ» (Նյու Յորք), «Սփիվի հոլլ» (Ատլանտա) համերգասրահներում, «Օրփեոս» թատրոնում (Վանկուվեր) եւ այլուր: «Անցյալ տարի անգլիական հայտնի Warmer Music-ի կողմից թողարկվել է Լիստի «Տրանսցենդենտալ էտյուդներ» եւ Պագանինիին նվիրված ստեղծագործություններից խտասալիկները: Ընթացքի մեջ է նաեւ մեկ այլ խտասալիկ, որտեղ ընդգրկված են հայ անվանի կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի եւ այլոց ստեղծագործությունները: Ի դեպ, ամուսինս կատարել է Կոմիտասի 30 երգերի մշակումներ, որոնք կթողարկվեն հաջորդ տարի»,- հայտնեց Ի. Բայրաքդարյանը: Հետաքրքրությանը՝ չե՞ն պատրաստվում Հայաստանում տուն գնել, ամուսինները հավաստիացրին. «Կարծում ենք, արդեն հաջորդ տարի հայրենիքում կունենանք մեր օջախը: Չնայած, այսպես թե այնպես, Հայաստանում արդեն մեր տանն ենք»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել