Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ

Մայիս 18,2006 00:00

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆԸ, ՔԱՂԱՔԱՑԻՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 75-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ Լրացավ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Սոկրատի Դարբինյանի ծննդյան 75 եւ գիտա-մանկավարժական գործունեության 55-ամյակը: Ծնվել է 1931թ. մայիսի 10-ին Տավուշի (Շամշադինի) շրջանի Թովուզ գյուղում, ծառայողի ընտանիքում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, որը եւ 1953թ. ավարտել է գերազանցությամբ, մեխանիկա մասնագիտությամբ: Իր աշխատանքային գործունեությունը սկսել է Հայկական ԽՍՀ ԳԱ-ի Շինանյութերի եւ կառուցվածքների գիտահետազոտական ինստիտուտում: Ավարտելով ԳԱ-ի ասպիրանտուրան, 1961թ. պաշտպանել է թեկնածուական թեզ եւ ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1963 թվականից սկսվել է Ս. Դարբինյանի գիտակազմակերպչական գործունեության ամենաբեղմնավոր եւ հայրենանվեր ժամանակաշրջանը, երբ նա իր ուսուցիչ, ակադեմիկոս Ա. Գ. Նազարովի առաջարկությամբ տեղափոխվում է Գյումրի եւ ակտիվ մասնակցություն ունենում ԳԱ-ի երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կազմակերպման աշխատանքներին: Այդ ինստիտուտում նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ գիտական աշխատողից մինչեւ տնօրենի գիտական գծով տեղակալ: Ս. Դարբինյանի գիտական պրպտումների արգասիքը հանդիսացավ Գյումրիում սեյսմիկ ազդեցության ինժեներային վերլուծության եւ սեյսմիկ ինտենսիվության որոշման գծով գիտական դպրոցի ստեղծումը: Նա ակադեմիկոս Ա. Գ. Նազարովի հետ մշակել է գործիքային հիմքով սեյսմիկ բալայնության որոշման սանդղակ, որը բարձր գնահատականի է արժանացել մասնագիտական տարբեր կոլեկտիվների կողմից: Ստացված որակապես նոր արդյունքները հիմք են հանդիսանում տվյալ բնագավառում նոր ուղղության ստեղծմանը եւ ինժեներային սեյսմոլոգիայի հիմնական խնդիրների լուծման եւ հետագա զարգացման համար: Այդ աշխատանքներին հաջորդեց անձնապես մի նոր ստեղծագործական նվաճում: 1977թ. Մոսկվայում պաշտպանեց դոկտորական թեզ՝ ստանալով ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Ս. Դարբինյանը հեղինակ է շուրջ ութ տասնյակ գիտական հոդվածների եւ երեք մենագրությունների: Նրա կողմից ստացված արդյունքները զեկուցվել են տարբեր երկրներում՝ արժանանալով մասնագետների բարձր գնահատականին: Ս. Դարբինյանը իր գիտական գործունեությունը միշտ զուգակցում է մանկավարժական աշխատանքին: Շուրջ 30 տարի դասավանդել է Երեւանի Ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում, իսկ այժմ էլ Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում: Նրա ղեկավարությամբ թեկնածուական թեզ է պաշտպանել ութ ասպիրանտ: Սուրեն Դարբինյանը 2002թ. ընտրվել է Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: Նրա գիտամանկավարժական գործունեությունը եւ անուրանալի վաստակը արժանվույն գնահատվել է գիտական հասարակության կողմից: Նա եղել է «Ինժեներային սեյսմոլոգիա» համամիութենական հանդեսի գլխավոր խմբագիր, ԽՍՀՄ ԳԱ-ին առընթեր սեյսմոլոգիայի եւ սեյսմակայուն շինարարության միջգերատեսչական խորհրդի անդամ: Ներկայումս հանդիսանում է երկու մասնագիտական դոկտորական խորհուրդների անդամ: Սուրեն Դարբինյանը պարգեւատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի, ՀՀ կառավարության եւ ԳԱԱ-ի նախագահության պատվոգրերով: 2003թ. Հանովերի բնական գիտությունների ընկերության կողմից պարգեւատրվել է Ռենտգենի անվան մեդալով: Նա բարձր որակավորում ունեցող գիտական աշխատող է, բարեխիղճ դասախոս, սկզբունքային եւ ազնիվ քաղաքացի: Նա միշտ շրջապատում աչքի է ընկնում իր մտքի ճկունությամբ եւ դիպուկությամբ: Այսօր էլ հոբելյարը լի է ստեղծագործական աշխատանքի եռանդով, գիտամանկավարժական գործունեության նոր մտահղացումներով: Ցանկանք նրան քաջառողջություն եւ մեծ հաջողություններ իր հայրենանվեր աշխատանքում: Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտորատ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել