Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՎԵՑ

Մայիս 18,2006 00:00

ԸՆՏՐՎԵՑ «ՀԱՎԱՍԱՐՆԵՐԻՑ ԱՌԱՋԻՆԸ» Արդյոք սա փոխհատուցո՞ւմ էր Ռադիկ Մարտիրոսյանին՝ ԵՊՀ խորհրդի նախագահ չընտրվելու դիմաց. ակադեմիկոսները միաբերան պնդում են, որ ոչինչ կանխորոշված չէր: Երեկ ԳԱԱ 79 ակադեմիկոսներից ու թղթակից անդամներից 46-ն իրենց ձայնը տվեցին ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին, ինչը բավարար էր վերջինիս՝ ԳԱԱ նախագահ դառնալու համար: Թեկնածուների շարքում էին եւս 2-ը՝ ԳԱԱ ակդեմիկոս-քարտուղար Էդուարդ Ղազարյանը եւ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: Քանի որ ամեն մեկն իրավունք ուներ ձայն տալու մեկից ավելի թեկնածուների, սպասվում էր, որ 3 թեկնածուների պարագայում գործը մեկ փուլով գլուխ չէր գա: Սակայն ամեն ինչ սպասվածից հեշտ անցավ: Նախ՝ փակ դռների հետեւում առաջադրվեցին թեկնածուները եւ ցանկացողները ելույթներ ունեցան: Թեկնածուները, ըստ էության, ծրագրային ճառեր չեն ասել, այլ սահմանափակվել են ընդհանուր կարծիքներով՝ այս կամ այն հարցի շուրջ: Մեր տեղեկություններով, ակադեմիկոս Անրի Ներսիսյանը կարծիք է հայտնել, որ Էդուարդ Ղազարյանը ակադեմիայի ղեկին մոտ կանգնած մարդ է, հետեւաբար՝ գրեթե հավասարապես մեղավոր է այն կանոնադրական խախտումների եւ այլ չարաշահումների համար, որ եղել են Ֆադեյ Սարգսյանի օրոք: Որ ԳԱԱ ապագա նախագահն ակադեմիայի ղեկին մոտ մարդ չպետք է լինի, իսկ մոտ՝ Էդվարդ Ղազարյանն է: Դրանից հետո Էդ. Ղազարյանին վարկաբեկող ելույթ է ունեցել ակադեմիկոս Նազարեթ Թովմասյանը՝ կասկածի տակ առնելով նրա գիտական գործունեությունը: Անրի Ներսիսյանը դա թույլ չի տվել՝ սաստելով Թովմասյանին եւ շեշտելով, որ իր առարկությունները բոլորովին այլ հարթության մեջ են եւ որ Էդ. Ղազարյանը մեծ վաստակ ունի գիտության ասպարեզում: Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը քվեարկությունից առաջ բավական հուզված էր. «Շատ տագնապալից վիճակում եմ, չգիտեմ՝ ինչպես կլինի, կանցնի՞ իմ ցանկալի թեկնածուն, թե՞ ոչ»: Նա իր նախընտրած թեկնածուի անունը ասել մերժեց, սակայն հետագա խոսքից պարզ դարձավ. «Երեքն էլ հակված են բարեփոխումների, գեղեցիկ բաներ կարող ես խոսել, բայց ինչպե՞ս դա կիրագործես: Եթե ես խոսում եմ Լենսեր Աղալովյանի մասին, ես գիտեմ, որ նրա քաղաքացիական կեցվածքն ինձ դուր է գալիս, նա բարձրաձայն բողոքում է այն օրինախախտումների դեմ, որ տեղի են ունենում մեր հասարակական կյանքում, կարծում եմ՝ նա բավականաչափ համարձակություն կունենա պաշտպանելու ակադեմիայի իրավունքները վերին ատյաններում»: Ի դեպ, Լենսեր Աղալովյանը որոշ առումներով համարվում էր ընդդիմադիր թեկնածու: Այս իմաստով ինչպես էր նա գնահատում իր շանսերը քվեարկությունից առաջ. «Ես ընդդիմադիր չեմ, ես մտավորական եմ, որն ունի իր կարծիքը: Եվ իմ կարծիքները ես միշտ ասել եմ հստակ, եւ առայսօր այդ կարծիքները ոչ ոք չի հերքել: Ակադեմիկոսները, կարծում եմ, կգնահատեն ինձ»: Լ. Աղալովյանը քվեարկության արդյունքում ստացել էր 35 կողմ եւ 35 դեմ ձայն, եւ ընտրություններից հետո արձանագրեց. «Ընտրվեց արժանավորներից մեկը, ես վատ իմաստով կասկած չունեմ»: Էդ. Ղազարյանի կարծիքով, ընտրվեց հավասարներից առաջինը: Ֆադեյ Սարգսյանը բոլոր թեկնածուներին էլ հավասար էր գնահատում, եւ դեռ ընտրություններից առաջ ցանկանում էր, որ միայն թե մեկնումեկը ընտրվի. «Բոլորին էլ հարգում եմ, հավանում եմ, ամենակարեւորը՝ որ ընտրվի»: Ընտրություններին նախորդող օրերին լուրեր էին պտտվում, որ թեկնածուներից մեկը 3 հազարական դոլարի չափով ընտրակաշառք է բաժանում «կասկածելի» ընտրողներին: Ռադիկ Մարտիրոսյանն այս մասին ասաց. «Ինքս չունեմ, որ տամ»: Լենսեր Աղալովյանի կարծիքով, ակադեմիան այն ոլորտը չէ, որ նման բան արվի. «Ակադեմիկոսն այն մարդը չէ, որ եթե նույնիսկ սոված լինի, այդ բանի վրա գնա, դրանք ուղղակի զուտ փողոցային խոսակցություններ են»: Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող Առնոս Հովհաննիսյանը, որ ընդհանուր ժողովին մասնակցում էր դիտորդի կարգավիճակով, կարծում է, որ ակադեմիայի նախագահի ընտրության ժամանակ քննարկումը պետք է մի քիչ այլ տեսակ լիներ: «Ստեղծված վիճակի փոփոխության մասին ոչ մի խոսք չեղավ, նույնիսկ մեծարվեց նախկին նախագահը, որի հրաժարականը պայմանավորված էր իր ու իր թիմի սխալ աշխատանքով: Թեկնածուներն ընդհանրապես այդ հարցը չքննարկեցին: Այսօր ակադեմիայում հարցեր են առաջ քաշում մարդիկ, որոնք ակադեմիայի հետ կապ չունեն, դրսի մարդ են, պատասխանատվություն չեն կրում»: Ա. Հովհաննիսյանը նաեւ կարծում է, որ ԳԱԱ նախագահ պետք է ընտրեն ԳԱԱ ակադեմիկոսներն ու ընդհանրապես ԳԱԱ կոլեկտիվը, ոչ թե այլ հիմնարկներում աշխատող ակադեմիկոսները: Առնոս Հովհաննիսյանի կարծիքով, այսօր մենք ունենք դրական տեղաշարժ՝ առաջարկվող թեկնածուների առումով: «Ֆադեյ Սարգսյանը գիտնական չէր, նա գիտության ղեկավարմանը մոտենում էր միայն որպես ադմինիստրատիվ եւ հրամայական, իսկ այս համակարգը թույլ է տալիս նաեւ վայելելու եւ տիրելու ակադեմիայի եւ ֆինանսական միջոցներին, եւ ունեցվածքին, եւ օգտագործել ըստ քմահաճույքի: Ներկա թեկնածուների մեջ այդպիսին չկա: Այդ մի բանից ազատվել ենք: Բայց այստեղ կա այն պարարտ հողը, որ մարդիկ այդպիսին դառնան… պաշտոնն այնպիսի մի պրովոկացիա է, որ երբեմն պաշտոն տալով մարդուն ճանաչում ես, որ չի կարող այդ բանը չանել: Շատ բաներ ինձ թվում է՝ նաեւ ստիպողաբար է արվում, ստիպում են անազնիվ աշխատել վերեւներից»: Ռ. Մարտիրոսյանը կարծում է, որ ԳԱԱ-ն պետք է ունենա բարեփոխումների իր սեփական ծրագիրը, որ նախագահության գործունեությունը պետք է լինի բացարձակ թափանցիկ, որ ցանկացած աշխատակից պետք է իմանա, թե նիստում ինչ հարցեր են քննարկվել եւ ինչ որոշումներ են կայացվել: Առաջիկայում ԳԱԱ նախագահը կառաջադրի փոխպրեզիդենտների, ակադեմիկոս-քարտուղարի թեկնածություններ, կանցկացվեն վերջիններիս ընտրությունները: Հարցին՝ արդյոք Էդ. Ղազարյանը կմնա՞ ակադեմիկոս-քարտուղար, նորընտիր նախագահը պատասխանեց՝ չգիտեմ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել