Լրացավ
ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի Ճարտարապետության
եւ շինարարության պետական համալսարանի տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Սոկրատի
Դարբինյանի ծննդյան 75 եւ գիտա-մանկավարժական գործունեության 55-ամյակը: Ծնվել
է 1931թ. մայիսի 10-ին Տավուշի (Շամշադինի) շրջանի Թովուզ գյուղում, ծառայողի ընտանիքում:
Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի
ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, որը եւ 1953թ. ավարտել է գերազանցությամբ, մեխանիկա
մասնագիտությամբ: Իր աշխատանքային գործունեությունը սկսել է Հայկական ԽՍՀ ԳԱ-ի Շինանյութերի
եւ կառուցվածքների գիտահետազոտական ինստիտուտում: Ավարտելով ԳԱ-ի ասպիրանտուրան,
1961թ. պաշտպանել է թեկնածուական թեզ եւ ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի
գիտական աստիճան: 1963 թվականից սկսվել է Ս. Դարբինյանի գիտակազմակերպչական գործունեության
ամենաբեղմնավոր եւ հայրենանվեր ժամանակաշրջանը, երբ նա իր ուսուցիչ, ակադեմիկոս Ա.
Գ. Նազարովի առաջարկությամբ տեղափոխվում է Գյումրի եւ ակտիվ մասնակցություն ունենում
ԳԱ-ի երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կազմակերպման աշխատանքներին:
Այդ ինստիտուտում նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ գիտական աշխատողից մինչեւ տնօրենի
գիտական գծով տեղակալ: Ս. Դարբինյանի գիտական պրպտումների արգասիքը հանդիսացավ
Գյումրիում սեյսմիկ ազդեցության ինժեներային վերլուծության եւ սեյսմիկ ինտենսիվության
որոշման գծով գիտական դպրոցի ստեղծումը: Նա ակադեմիկոս Ա. Գ. Նազարովի հետ մշակել
է գործիքային հիմքով սեյսմիկ բալայնության որոշման սանդղակ, որը բարձր գնահատականի
է արժանացել մասնագիտական տարբեր կոլեկտիվների կողմից: Ստացված որակապես նոր արդյունքները
հիմք են հանդիսանում տվյալ բնագավառում նոր ուղղության ստեղծմանը եւ ինժեներային
սեյսմոլոգիայի հիմնական խնդիրների լուծման եւ հետագա զարգացման համար: Այդ աշխատանքներին
հաջորդեց անձնապես մի նոր ստեղծագործական նվաճում: 1977թ. Մոսկվայում պաշտպանեց դոկտորական
թեզ՝ ստանալով ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Ս.
Դարբինյանը հեղինակ է շուրջ ութ տասնյակ գիտական հոդվածների եւ երեք մենագրությունների:
Նրա կողմից ստացված արդյունքները զեկուցվել են տարբեր երկրներում՝ արժանանալով մասնագետների
բարձր գնահատականին: Ս. Դարբինյանը իր գիտական գործունեությունը միշտ զուգակցում
է մանկավարժական աշխատանքին: Շուրջ 30 տարի դասավանդել է Երեւանի Ճարտարագիտական
համալսարանի Գյումրիի մասնաճյուղում, իսկ այժմ էլ Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության
պետական համալսարանում: Նրա ղեկավարությամբ թեկնածուական թեզ է պաշտպանել ութ ասպիրանտ:
Սուրեն Դարբինյանը 2002թ. ընտրվել է Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի
իսկական անդամ: Նրա գիտամանկավարժական գործունեությունը եւ անուրանալի վաստակը արժանվույն
գնահատվել է գիտական հասարակության կողմից: Նա եղել է «Ինժեներային սեյսմոլոգիա»
համամիութենական հանդեսի գլխավոր խմբագիր, ԽՍՀՄ ԳԱ-ին առընթեր սեյսմոլոգիայի եւ սեյսմակայուն
շինարարության միջգերատեսչական խորհրդի անդամ: Ներկայումս հանդիսանում է երկու մասնագիտական
դոկտորական խորհուրդների անդամ: Սուրեն Դարբինյանը պարգեւատրվել է Հայկական
ԽՍՀ Գերագույն խորհրդի, ՀՀ կառավարության եւ ԳԱԱ-ի նախագահության պատվոգրերով: 2003թ.
Հանովերի բնական գիտությունների ընկերության կողմից պարգեւատրվել է Ռենտգենի անվան
մեդալով: Նա բարձր որակավորում ունեցող գիտական աշխատող է, բարեխիղճ դասախոս,
սկզբունքային եւ ազնիվ քաղաքացի: Նա միշտ շրջապատում աչքի է ընկնում իր մտքի ճկունությամբ
եւ դիպուկությամբ: Այսօր էլ հոբելյարը լի է ստեղծագործական աշխատանքի եռանդով,
գիտամանկավարժական գործունեության նոր մտահղացումներով: Ցանկանք նրան քաջառողջություն
եւ մեծ հաջողություններ իր հայրենանվեր աշխատանքում: Երեւանի
ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտորատ R