Արդյոք
սա փոխհատուցո՞ւմ էր Ռադիկ Մարտիրոսյանին՝ ԵՊՀ խորհրդի նախագահ չընտրվելու դիմաց.
ակադեմիկոսները միաբերան պնդում են, որ ոչինչ կանխորոշված չէր: Երեկ ԳԱԱ 79
ակադեմիկոսներից ու թղթակից անդամներից 46-ն իրենց ձայնը տվեցին ԳԱԱ Ռադիոֆիզիկայի
եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին, ինչը բավարար
էր վերջինիս՝ ԳԱԱ նախագահ դառնալու համար: Թեկնածուների շարքում էին եւս 2-ը՝ ԳԱԱ
ակդեմիկոս-քարտուղար Էդուարդ Ղազարյանը եւ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս
Լենսեր Աղալովյանը: Քանի որ ամեն մեկն իրավունք ուներ ձայն տալու մեկից ավելի
թեկնածուների, սպասվում էր, որ 3 թեկնածուների պարագայում գործը մեկ փուլով գլուխ
չէր գա: Սակայն ամեն ինչ սպասվածից հեշտ անցավ: Նախ՝ փակ դռների հետեւում
առաջադրվեցին թեկնածուները եւ ցանկացողները ելույթներ ունեցան: Թեկնածուները, ըստ
էության, ծրագրային ճառեր չեն ասել, այլ սահմանափակվել են ընդհանուր կարծիքներով՝
այս կամ այն հարցի շուրջ: Մեր տեղեկություններով, ակադեմիկոս Անրի Ներսիսյանը կարծիք
է հայտնել, որ Էդուարդ Ղազարյանը ակադեմիայի ղեկին մոտ կանգնած մարդ է, հետեւաբար՝
գրեթե հավասարապես մեղավոր է այն կանոնադրական խախտումների եւ այլ չարաշահումների
համար, որ եղել են Ֆադեյ Սարգսյանի օրոք: Որ ԳԱԱ ապագա նախագահն ակադեմիայի ղեկին
մոտ մարդ չպետք է լինի, իսկ մոտ՝ Էդվարդ Ղազարյանն է: Դրանից հետո Էդ. Ղազարյանին
վարկաբեկող ելույթ է ունեցել ակադեմիկոս Նազարեթ Թովմասյանը՝ կասկածի տակ առնելով
նրա գիտական գործունեությունը: Անրի Ներսիսյանը դա թույլ չի տվել՝ սաստելով Թովմասյանին
եւ շեշտելով, որ իր առարկությունները բոլորովին այլ հարթության մեջ են եւ որ Էդ.
Ղազարյանը մեծ վաստակ ունի գիտության ասպարեզում: Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը
քվեարկությունից առաջ բավական հուզված էր. «Շատ տագնապալից վիճակում եմ, չգիտեմ՝
ինչպես կլինի, կանցնի՞ իմ ցանկալի թեկնածուն, թե՞ ոչ»: Նա իր նախընտրած թեկնածուի
անունը ասել մերժեց, սակայն հետագա խոսքից պարզ դարձավ. «Երեքն էլ հակված են բարեփոխումների,
գեղեցիկ բաներ կարող ես խոսել, բայց ինչպե՞ս դա կիրագործես: Եթե ես խոսում եմ Լենսեր
Աղալովյանի մասին, ես գիտեմ, որ նրա քաղաքացիական կեցվածքն ինձ դուր է գալիս, նա
բարձրաձայն բողոքում է այն օրինախախտումների դեմ, որ տեղի են ունենում մեր հասարակական
կյանքում, կարծում եմ՝ նա բավականաչափ համարձակություն կունենա պաշտպանելու ակադեմիայի
իրավունքները վերին ատյաններում»: Ի դեպ, Լենսեր Աղալովյանը որոշ առումներով համարվում
էր ընդդիմադիր թեկնածու: Այս իմաստով ինչպես էր նա գնահատում իր շանսերը քվեարկությունից
առաջ. «Ես ընդդիմադիր չեմ, ես մտավորական եմ, որն ունի իր կարծիքը: Եվ իմ կարծիքները
ես միշտ ասել եմ հստակ, եւ առայսօր այդ կարծիքները ոչ ոք չի հերքել: Ակադեմիկոսները,
կարծում եմ, կգնահատեն ինձ»: Լ. Աղալովյանը քվեարկության արդյունքում ստացել էր 35
կողմ եւ 35 դեմ ձայն, եւ ընտրություններից հետո արձանագրեց. «Ընտրվեց արժանավորներից
մեկը, ես վատ իմաստով կասկած չունեմ»: Էդ. Ղազարյանի կարծիքով, ընտրվեց հավասարներից
առաջինը: Ֆադեյ Սարգսյանը բոլոր թեկնածուներին էլ հավասար էր գնահատում, եւ
դեռ ընտրություններից առաջ ցանկանում էր, որ միայն թե մեկնումեկը ընտրվի. «Բոլորին
էլ հարգում եմ, հավանում եմ, ամենակարեւորը՝ որ ընտրվի»: Ընտրություններին
նախորդող օրերին լուրեր էին պտտվում, որ թեկնածուներից մեկը 3 հազարական դոլարի չափով
ընտրակաշառք է բաժանում «կասկածելի» ընտրողներին: Ռադիկ Մարտիրոսյանն այս մասին ասաց.
«Ինքս չունեմ, որ տամ»: Լենսեր Աղալովյանի կարծիքով, ակադեմիան այն ոլորտը չէ, որ
նման բան արվի. «Ակադեմիկոսն այն մարդը չէ, որ եթե նույնիսկ սոված լինի, այդ բանի
վրա գնա, դրանք ուղղակի զուտ փողոցային խոսակցություններ են»: Օրգանական քիմիայի
ինստիտուտի գիտաշխատող Առնոս Հովհաննիսյանը, որ ընդհանուր ժողովին մասնակցում էր
դիտորդի կարգավիճակով, կարծում է, որ ակադեմիայի նախագահի ընտրության ժամանակ քննարկումը
պետք է մի քիչ այլ տեսակ լիներ: «Ստեղծված վիճակի փոփոխության մասին ոչ մի խոսք չեղավ,
նույնիսկ մեծարվեց նախկին նախագահը, որի հրաժարականը պայմանավորված էր իր ու իր թիմի
սխալ աշխատանքով: Թեկնածուներն ընդհանրապես այդ հարցը չքննարկեցին: Այսօր ակադեմիայում
հարցեր են առաջ քաշում մարդիկ, որոնք ակադեմիայի հետ կապ չունեն, դրսի մարդ են, պատասխանատվություն
չեն կրում»: Ա. Հովհաննիսյանը նաեւ կարծում է, որ ԳԱԱ նախագահ պետք է ընտրեն ԳԱԱ
ակադեմիկոսներն ու ընդհանրապես ԳԱԱ կոլեկտիվը, ոչ թե այլ հիմնարկներում աշխատող ակադեմիկոսները:
Առնոս Հովհաննիսյանի կարծիքով, այսօր մենք ունենք դրական տեղաշարժ՝ առաջարկվող
թեկնածուների առումով: «Ֆադեյ Սարգսյանը գիտնական չէր, նա գիտության ղեկավարմանը
մոտենում էր միայն որպես ադմինիստրատիվ եւ հրամայական, իսկ այս համակարգը թույլ է
տալիս նաեւ վայելելու եւ տիրելու ակադեմիայի եւ ֆինանսական միջոցներին, եւ ունեցվածքին,
եւ օգտագործել ըստ քմահաճույքի: Ներկա թեկնածուների մեջ այդպիսին չկա: Այդ մի բանից
ազատվել ենք: Բայց այստեղ կա այն պարարտ հողը, որ մարդիկ այդպիսին դառնան… պաշտոնն
այնպիսի մի պրովոկացիա է, որ երբեմն պաշտոն տալով մարդուն ճանաչում ես, որ չի կարող
այդ բանը չանել: Շատ բաներ ինձ թվում է՝ նաեւ ստիպողաբար է արվում, ստիպում են անազնիվ
աշխատել վերեւներից»: Ռ. Մարտիրոսյանը կարծում է, որ ԳԱԱ-ն պետք է ունենա
բարեփոխումների իր սեփական ծրագիրը, որ նախագահության գործունեությունը պետք է լինի
բացարձակ թափանցիկ, որ ցանկացած աշխատակից պետք է իմանա, թե նիստում ինչ հարցեր են
քննարկվել եւ ինչ որոշումներ են կայացվել: Առաջիկայում ԳԱԱ նախագահը կառաջադրի
փոխպրեզիդենտների, ակադեմիկոս-քարտուղարի թեկնածություններ, կանցկացվեն վերջիններիս
ընտրությունները: Հարցին՝ արդյոք Էդ. Ղազարյանը կմնա՞ ակադեմիկոս-քարտուղար, նորընտիր
նախագահը պատասխանեց՝ չգիտեմ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ