Սոցքարտի բացակայությունն ու փտած «Ժիգուլին»՝ նպաստից զրկելու հիմք
«Ավելի քան 1 տարի եւ 6 ամիս է՝ մեր աշխատավարձերը, կենսաթոշակներն ու նպաստները չեն տալիս՝ սոցիալական քարտ չվերցնելու համար: Մենք հենց սկզբից հրաժարվել ենք քարտից, դա մեր հոգեւոր համոզմունքն է, որն ամրագրված է Սահմանադրության 26-րդ հոդվածում»,- օրերս այս բողոքով «Առավոտին» էին դիմել Ասյա Հովհաննիսյանը, Համլետ Թումանյանը, Հակոբ Պողոսյանը եւ սոցիալական քարտերից «տուժած» էլի մի խումբ հավատացյալներ: Նրանց ներկայացմամբ՝ «գամված լինելով անկողնուն՝ ինչքան ժամանակ է՝ սովի ենք մատնվել, քանի որ հակասահմանադրական որոշումների պատճառով զրկված ենք մեր տասնամյակների աշխատանքի արդյունքում վաստակած կենսաթոշակից: Մենք պահանջում ենք անհապաղ վճարել մեր 16 ամիսների չվճարված աշխատավարձերը, կենսաթոշակներն ու նպաստները»: Թե ինչ պիտի լինի սոցիալական քարտից հրաժարվող հավատացյալների վերջը, մեր հարցին ի պատասխան՝ կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության պետ Հրանուշ Խառատյանը պարզաբանեց. «Նույն դժգոհությամբ մի քանի օր առաջ այդ մարդիկ եկել էին կառավարություն, սակայն նրանք Սահմանադրական իրավունքի խնդիր են վիճարկում, ինչը ոչ թե մեր, այլ Մարդու իրավունքներով զբաղվող կառույցների լուծելիք հարցն է: Այն հավատացյալները, ովքեր սոցքարտի վրա առկա շտրիխ-կոդի, սիմվոլների հարցն էին բարձրացնում, մենք նրանց համար նոր սոցքարտեր ենք պատրաստել, եւ հազարավոր քաղաքացիներ այլեւս վերապահում չունեն եւ ստացել են: Իսկ նշված մարդիկ այդ տարբերակից էլ են հրաժարվում»:
«Առավոտին» ուղղված մեկ այլ նամակում Շենգավիթի 6-րդ փողոցի 24 տան բնակիչ Ալեքսան Ադիլխանյանն է բողոքում, որ 2001-ից իրեն «Փարոսից» դուրս են թողել՝ պատճառաբանելով, որ իր անունով հաշվառված է ավտոմեքենա, ինչը աղքատության միավորները զրոյի է հավասարեցնում: Մինչդեռ, ըստ նրա, դեռեւս 1999-ին «Մոսկվիչ 412» մակնիշի «68 LL 894» պետհամարանիշով մեքենան նա լիազորագրով վաճառել է վրաստանաբնակ Սերգեյ Մելիքովին: «Փարոսում» ասում են, թե մինչեւ մեքենան քո անունից չհանես՝ քեզ նպաստ չենք կարող տալ: Ինչ է թե առքուվաճառքի պայմանագիր չի եղել՝ մեքենան իմ անունից չեմ կարողանում հանել: Մեծահասակ մարդ եմ, ես էս տարիքիս որտեղից այդ մարդուն գտնեմ-բերեմ, որ հարցերս լուծեմ»: Պետավտոտեսչությունից Ա. Ադիլխանյանին նույն պատասխանն են տվել՝ ասելով, որ «էդ մարդուն գտեք-բերեք՝ մեքենան ձեր անունից հանենք»: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում եւս հայտնել են, որ ոչ մի բանով չեն կարող օգնել, մինչեւ մեքենայից չազատվեն:
Եթե Ա. Ադիլխանյանի դեպքում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պատճառ է բռնում, որ անվան տակ գրանցված մեքենա կա եւ իրենք մեխանիզմ էլ չունեն պարզելու՝ մեքենան իրականում կա-չկա, ապա Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակիչ Զավեն Վարդանյանի դեպքը մի փոքր այլ է: Նա, «դժբախտաբար», նույնպես մեքենա ունի. «Ժիգուլուս» մեծ մասն արդեն փտել է, այլեւս օգտագործման ենթակա չի: Ավտոդողեր չկան, նույնիսկ ավտոհարկն ու տեխզննումը չեմ կատարել: Անունը մեքենա ա, բայց կմախքն ա մնացել, քշել չի լինում»,- պատմեց Զ. Վարդանյանը: Նախարարությունից ցանկացած պահի կարող են այցելել ու պարզել՝ մեքենան շահագործման ենթակա՞ է, թե՞ ոչ, մինչդեռ սոցիալական ծառայությունների Թալինի տարածքային գործակալությունը ոչինչ լսել չի ուզում. փտած «Ժիգուլու» պատճառով ոչ նպաստն են տալիս, ոչ էլ ավանդը:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ