Նպաստառուների անունով պետական բյուջեից գումարները դուրս են գալիս, բայց հասցեատերերին չեն հասնում
Վերջերս Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժել է նպաստառու Վարդուհի Խաչատրյանի հայցն ընդդեմ Կենտրոն համայնքի սոցիալական ծառայության տարածքային գործակալության, նույնիսկ չխորանալով նպաստառուի ներկայացուցչի՝ դատարանին տրամադրած փաստաթղթերի մեջ: Դատարանը վճռել է, որ գործակալությունը Վ. Խաչատրյանին օրենքի շրջանակներում է նպաստից զրկել, մինչդեռ մեր ձեռքի տակ են այնպիսի փաստաթղթեր, որոնք հաստատում են ճիշտ հակառակը:
Վարդուհի Խաչատրյանը 2001-ին ընդգրկվել է «Փարոսում»՝ ձեռք բերելով «50 60 72» համարի անձնագիր, որով ընդամենը մի քանի ամիս է նպաստ ստացել: Երբ փորձել է պարզել նպաստից զրկելու պատճառները, գործակալությունից նրան տրամադրել են մի տեղեկանք, ըստ որի, նրա ընտանիքը դուրս է գրվել իրենց հաշվառումից՝ հասցեում չբնակվելու եւ երեք ամիս անընդմեջ նպաստ չստանալու պատճառով: Խնդիրն այն է, որ այդ տեղեկանքում (թիվ 23/ 06-553) նշված նպաստառուի անձնագրի համարը (50 67 21) Վ. Խաչատրյանինը չէ, այլ մեկ ուրիշ նպաստառուի, որն իսկապես վերոնշյալ պատճառաբանությամբ հաշվառումից դուրս է մնացել: Ստացվում է, որ Վ. Խաչատրյանը փաստացիորեն նպաստ չի ստացել, բայց նրա անունով պետբյուջեից գումարները դուրս են գրվել եւ անհայտ ուղղությամբ են գնացել:
Այն, որ նպաստի դադարեցումն օրինական չի եղել՝ փաստում է նաեւ նպաստառուի ներկայացուցիչ Սարգիս Խաչատրյանը, քանի որ նպաստի վճարման դադարեցման դեպքում «Աղքատության ընտանեկան նպաստի եւ միանվագ դրամական օգնության նշանակման եւ վճարման կարգի» համաձայն, տարածքային գործակալությունը պետք է կազմեր նպաստի կասեցման փաստաթուղթ, ինչը չի արվել: Այս կարգի թիվ 9 հավելվածում նաեւ հստակ նշվում է, որ Կենտրոնի տվյալ տարածքը սպասարկող տեսուչը տեղեկատվական բազայից ստացված տվյալների հիման վրա տպագրում է դադարեցման կամ կասեցման կարգադրություն, որը հաստատվում է տնօրենի ստորագրությամբ եւ կնիքով, ինչը եւս չի եղել:
Փաստորեն, Վ. Խաչատրյանի սոցիալական անձնագիրը ուժի մեջ է մնացել: Անձնագրի առկայությունն ու վճարման դադարեցման փաստաթղթի բացակայությունը կրկին հաստատում են, որ պետական բյուջեից ֆինանսական միջոցներ են հատկացվել աղքատության նպաստի վճարման համար, բայց հասցեատիրոջը չի հասել: Ս. Խաչատրյանը թիվ 00 82 փոստի արխիվային վճարման ցուցակներին ծանոթանալու ժամանակ էլ պարզել է, որ Պրագայի թիվ 7 տան հասցեում, որտեղ ապրում է Վ. Խաչատրյանը, իբր գրանցված է ոմն Սուսաննա Ալեքսանյան, որի անունով էլ գումարները դուրս է գրվել: Իսկ իրական նպաստառուի անունն ընդհանրապես բացակայել է փոստի ցուցակներից: Ուշագրավ է, որ գործակալությունը դատարանին է ներկայացրել փոստից վերցրած մի փաստաթուղթ, որտեղ, այնուամենայնիվ, նպաստառուի անունը հայտնվել է: Հենց սա էլ դատարանը հիմք է ընդունել եւ վճռել հօգուտ գործակալության: Այդ փաստաթուղթը նաեւ մեր ձեռքի տակ է: Բացի այն, որ ցուցակում նպաստառուի աղքատության միավորները (37, 21) չեն համապատասխանում անձնագրում նշված միավորներին (42, 27), այնտեղ բացակայում են ամիս-ամսաթիվն ու տնօրենի ստորագրությունը: Միայն առկա է գործակալության կնիքը: Դատարանն իր վճիռը հիմնավորել էր նաեւ այպես. «Նպաստառուի դիմումի համաձայն՝ գործերը տեղափոխվել են այլ շրջան»: Իրականում նպաստառուն տեղափոխման համար դիմում չի ներկայացրել, իսկ կառավարության սահմանած կարգում նշվում է, որ տեղափոխություն չի կարող կատարվել առանց նպաստառուի դիմումի: Կառավարության թիվ 350 որոշմամբ, աղքատության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակող եւ վճարող մարմինների աշխատողները խախտումներ կատարելու դեպքում կրում են պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ