ԶԱՏՈՒԼԻՆԸ
ԵՎ «ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ» Երեւանում երեկ մեկնարկած «Կովկասն առանց
ահաբեկչության. քաղաքակրթությունների երկխոսությունը կովկասյան խաչմերուկում» թեմայով
միջազգային գիտաժողովի մասնակից ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մեկնաբանությամբ՝
Հարավային Կովկասի հարցերը մշտապես լուծվել են դրսի ուժերի միջամտությամբ: Ըստ նրա,
չնայած այն բանի, որ Ռուսաստանն այլեւս այն գերտերությունը չէ, ինչպես ԽՍՀՄ տարիներին
էր, բայց Հարավային Կովկասի համար այն ավելի մոտ է, քան ԱՄՆ-ն, ու ավելի լավ է ընկալում
տարածաշրջանի խնդիրները: Ռուս պատգամավորը նշել է նաեւ, որ Ղարաբաղի, Աբխազիայի
եւ Հարավային Օսիայի խնդիրները թույլ չեն տալիս Վրաստանին ու Ադրբեջանին համակերպվել
ստատուս քվոյի պահպանման մտքին, թեեւ, ըստ նրա, դա ավելի լավ է, քան ստատուս քվոն
փոխելու նույնիսկ ամենահավակնոտ ծրագիրը: Զատուլինի ասելով, ի տարբերություն ԱՄՆ-ի,
Ռուսաստանը շահագրգիռ է Հարավային Կովկասի ստատուս քվոյի պահպանմամբ՝ հավելելով,
որ այդ իմաստով տարածաշրջանում միակ լիարժեք շահագրգիռ պետությունը Հայաստանն է:
ՌԴ Պետդումայի պատգամավորը նաեւ նկատել է, որ տարածաշրջանային երկրներից միայն
Հայաստանում է, որ չկա պետության տրոհման վտանգ, որովհետեւ չկան ազգային փոքրամասնությունների
խնդիրներ: Մինչդեռ Ադրբեջանում, ըստ նրա, կան թալիշների ու լեզգիների, իսկ Վրաստանում՝
Ջավախքի, թուրք-մեսխեթների խնդիրներ, որոնք այսօր քնած են, բայց կարող են զարթնել:
Նա նաեւ կանխատեսել է, թե՝ ռուսական բազաների դուրսբերումը Ախալքալաքից կարող է նոր
հակամարտություններ առաջացնել: «Ես չեմ կարող ասել, որ Արեւմուտքն ու ԱՄՆ-ն խաղաղության
ջատագովներ են տարածաշրջանում»,- ասել է Զատուլինը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի համար տարածաշրջանում
իբրեւ կարեւորագույն պետություն դիտվում է Վրաստանը: Սեփ.
լր.