Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է «ԵՍ ԵՄԸ»

Մայիս 17,2006 00:00

Ո՞Վ Է «ԵՍ ԵՄԸ» Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ «Ես եմ» երրորդ երիտասարդական միջազգային հորջորջվող կինոփառատոնը առանձնապես փայլուն չանցավ, իսկ կինոդիտումները կրկին կայացան կիսադատարկ դահլիճներում: Հիշեցնենք, որ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի եւ իր եղբոր՝ Գեորգի Գեւորգյանցի ղեկավարած ժյուրին Արա Վահունու անվան «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում՝ Էլինա Հակոբջանյանին էր մրցանակ շնորհել «Կնությունը բացած» ֆիլմի համար: Պարզվում է, սակայն, որ այդ ֆիլմը այնքան էլ Էլինայինը չէ: Այն ստեղծել է մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ Վարդուհի Սիմոնյանը: Այսպես է պնդում ֆիլմի հերոսուհին՝ Գայանե Բաբայանը: Նա նաեւ «Առավոտին» տեղեկացրեց, որ Թատերական ինստիտուտի օպերատորական կուրսի ուսանողուհի Էլինա Հակոբջանյանին ինքն է ծանոթացրել Վ. Սիմոնյանի հետ՝ խնդրելով օգնել ուսանողուհու դիպլոմային աշխատանքը պատրաստելիս: «Ֆիլմը ի սկզբանե եղել է դիպլոմային աշխատանք, հետեւաբար նպատակ չկար այն փառատոնի ներկայացնելու: Վարդուհին ահագին քրտինք է թափել, այնտեղ ինտիմ բաներ կան ինձ հետ կապված, դա ամեն մեկին չվստահվող կինո է: Ճիշտ է, ես սիրտ ու հոգի եմ դրել, բայց չեմ ուզում այդ աղջկա ձեռքով (նկատի ունի էլինային- Գ. Հ.) այն տրամադրվի ցանկացած հեռուստատեսության, ինչը սովորաբար արվում է «Ես եմ» կինոփառատոնի հաղթած ֆիլմերի դեպքում»,- վրդովված ասաց Գայանե Բաբայանը: Կապվեցինք նաեւ Վարդուհի Սիմոնյանի հետ: Նա հավաստիացրեց, որ իսկապես, Գայանեի խնդրանքով աջակցել է Էլինային: Ընդ որում, ողջ աշխատանքն ինքն ու օպերատոր Արամ Սիմոնյանն են արել, ավելին՝ ֆիլմը ավելի մեծ ծավալով արդեն ցուցադրվել է ԱՄՆ-ում: Վարդուհու խոսքով, որպեսզի երիտասարդ օպերատորը՝ Էլինա Հակոբջանյանը հանձնի իր դիպլոմայինը, ֆիլմի տիտրերում ինքը նշել է նրա անունը՝ իբրեւ օպերատոր- հեղինակ, իրենը՝ ընդամենը որպես խորհրդատու, իսկ Արամ Սիմոնյանի անունը՝ որպես մոնտաժող: «Մի տեսակ խաբեություն կլիներ աղջկան գրել ռեժիսոր, մանավանդ կուրսային աշխատանքում նրանից ռեժիսուրայի հետ կապված ոչինչ չէր պահանջվելու: Հետո իմացանք, որ Էլինան փառատոնային տրամադրությունների մեջ է, մինչդեռ զգուշացրել էինք, որ առանց մեր համաձայնության նման բան չանի»,- պարզաբանեց տիկ. Սիմոնյանը, որը մրցանակի հավակնություններ ամենեւին չունի: Էլինա Հակոբջանյանը մեզ հետ հեռախոսազրույցում խոստովանեց, որ «Կնությունը բացած» ֆիլմում արված աշխատանքի առյուծի բաժինը պատկանում է Վ. Սիմոնյանին: Հարցին, այդ դեպքում ինչու է ֆիլմը իր անունից ներկայացվել փառատոնին, երիտասարդ օպերատորը պատասխանեց. «Ես դա արել եմ բոլորի՝ Վարդուհի Սիմոնյանի, Արամ Սիմոնյանի եւ Գայանե Բաբայանի համաձայնությամբ»: Հետաքրքիր է, որ երբ Գայանե Բաբայանը զանգահարել է Ռուբեն Գեւորգյանցին, վերջինս խոստացել է սառեցնել այդ մրցանակը: Այստեղ, սակայն, այլ խնդիր է առաջ գալիս: Այդ դեպքում ի՞նչ կարվի մրցանակային գումարի հետ: Մանավանդ գաղտնիք չէ, թե Հայաստանում հաճախ ինչ սկզբունքով են ծախսում հովանավորչական գումարները կամ բաշխվում մրցանակները: Հարկ է նշել, որ «Ես եմ» կինոփառատոնի հովանավորներից մեկն էլ հայտնի «Բիշին» ընկերությունն էր, որը Կինոմիության «վերնախավի» համաձայնությամբ ստանձնել է Կինոյի տունը «բարեփոխելու» գործընթացը, ինչի անորոշ ճակատագրով առաջին հերթին իրենք՝ կինոգործիչներն են մտահոգված: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել