Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեղադրողի

Մայիս 17,2006 00:00

Մեղադրողի ճառից հետո ամբաստանյալը փախել է Անզգո՞ւյշ, թե՞ դիտավորյալ սպանություն Մայիսի 4-ին Ստեփանակերտի դատարանում (Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան, նախագահությամբ Լեռնիկ Աթանյանի) մեղադրող Աշոտ Ապրեսյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ ժամկետային զինծառայող Միշա Դոմիկյանի համար պահանջելով 3 տարի ազատազրկում: Վերջինս մեղադրվում է 2005թ. մարտի 16-ին գյումրեցի Խաչատուր Մելիքյանի անզգույշ սպանության մեջ: Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց կալանք չէր ընտրվել եւ դատախազը միջնորդել էր դատարանի դահլիճից ձերբակալել նրան: Դատավորն անցել է խորհրդակցական սենյակ, դատավճիռը պետք է հրապարակվեր մայիսի 5-ին: Լսելով միջնորդությունը, «Դոցենտ» մականունով Մ. Դոմիկյանը դիմել է փախուստի եւ այժմ հետախուզման մեջ է: Տուժողի մայրը՝ Դոնարա Մելիքյանը, երեկ խմբագրությունում էր եւ տեղեկացրեց, որ իր որդին սպանվել է դիտավորյալ: Որդու սպանությունից հետո ամուսինը կաթված է ստացել, ինքը հաշվառված է «Փարոսում», ունի դպրոցահասակ դուստր, որդու գերեզմանն էլ դեռ պատրաստ չէ: Ծայրահեղ սոցիալական վիճակում գտնվող տուժողի իրավահաջորդը 4 անգամ մասնակցել է Ստեփանակերտում ընթացած դատաքննություններին, իսկ պետությունը որեւէ միջամտություն չի արել՝ նրան իրավաբանական եւ նյութական օգնություն ցույց տալու համար: 2005թ. մարտի 16-ին, երբ 4-րդ դիտակետում սպանվում է Խ. Մելիքյանը, նախնական վարկածներից մեկն այն է լինում, թե թշնամու գնդակից էր խփվել, մարտական հերթապահության ժամանակ: Խ. Մելիքյանին ետմահու հանձնվում է «Արիության» մեդալ: Հետագայում պարզվում է, որ 5-րդ դիտակետից նրան սպանել է ընկերը: «Ըստ հերթապահության գրաֆիկի, մարդասպանը՝ Մ. Դոմիկյանը չպետք է լիներ դիրքում, սակայն առանց թույլտվության նա հայտնվել է այդտեղ,- երեկ մեզ փոխանցեց դեպքի վայրում մի քանի անգամ գտնված տուժողի մայրը,- դիտակետում հերթապահող Սարգիս Դիլանյանի ձեռքից խլելով նրան կցված զենքը, դիտավորյալ կրակել-սպանել է որդուս»: Դոնարա Մելիքյանը նաեւ նշում է, որ հանցագործը գողացել էր 30 հատ փամփուշտ, կրակելուց հետո վերալիցքավորել Դիլանյանի զենքը եւ ապա սպառնացել որեւէ մեկին չհայտնել, թե ինքն է կրակել: Այս գործով կա երկրորդ ամբաստանյալը՝ հրամանատար Սպարտակ Սահակյանը: Նախաքննության ընթացքում Դոմիկյանը պատճառաբանել էր, թե կրակել է՝ կարծելով թուրք է, սակայն քննության ընթացքում պարզվել էր, որ դիրքերում լուսավորությունը եղել է նորմալ: Նախաքննության մարմինը դիտավորության հնարավոր շարժառիթը ընդհանրապես քննության չի դրել, մինչդեռ զինվորներից մեկը որդեկորույս մորը հայտնել էր, թե մարդասպանը Խաչիկի մոտից 10.000 դրամ էր գողացել, ինչի առիթով նրանց միջեւ վիճաբանություն էր եղել: Նախաքննության մարմինը տուժողի իրավահաջորդին չի ծանոթացրել գործի նյութերին. Մելիքյանների ընտանիքը դեռ սպասում է, թե երբ իրենց կտրվի մեղադրական եզրակացությունը: ՀՀ նախագահին ուղղված նամակում Դ. Մելիքյանը խնդրել էր գործի քննությունը կասեցնել եւ գործն ուղարկել նոր քննության՝ «այլ դատախազի կողմից անաչառ քննություն կատարելու համար», սակայն նամակները մնացել են անպատասխան: Դատավճիռը մինչ երեկ չի կայացվել, իսկ ինչպես եղավ, որ դատարանի դահլիճից ամբաստանյալը անհետացավ՝ հայտնի չէ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել