Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ

Մայիս 17,2006 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ Այսօր ԳԱԱ 8 տասնյակից ավելի ակադեմիկոսներն ու թղթակից անդամները կընտրեն իրենց հաջորդ նախագահին: Երեկվա դրությամբ, նախագահի հնարավոր թեկնածուների շրջանակը մի փոքր սեղմվել էր՝ ակադեմիկոսներ Լենսեր Աղալովյան, Ռադիկ Մարտիրոսյան, Էդվարդ Ղազարյան, քիչ հավանականությամբ՝ Յուրի Սարգսյան: Երեկ մեզ հետ զրույցում Էդվարդ Ղազարյանն ասաց, որ այսօրվա նիստը լինելու է փակ, լրագրողները չեն կարող ներկա գտնվել, թեեւ կանոնակարգում ամրագրված չէ, որ նախագահի ընտրություններն անցկացվում են փակ նիստով: Է. Ղազարյանը պատճառաբանում է, որ լրագրողների համար դահլիճում տեղ էլ չկա: Նախ կառաջադրվեն թեկնածուները՝ ակադեմիկոսների ու թղթակից անդամների կողմից, ապա կլինեն քննարկումներ, հարցեր, ելույթներ, թեկնածուները կներկայացնեն իրենց ծրագրերը (պրն Ղազարյանը թեեւ չի բացառում անակնկալները, բայց ասում է, որ թեկնածուները, այնուամենայնիվ, նախօրոք, ներքին պայմանավորվածությամբ իմանում են իրենց առաջադրման մասին եւ ծրագրային ելույթներ են պատրաստում): Հետո կլինի փակ գաղտնի քվեարկությունը: Վերջերս գիտնականների հասարակական խորհուրդն առաջարկել էր թեկնածուների առաջադրումից հետո, մի քանի օր, ավելի լայն շրջանակներում կազմակերպել լսումներ ու քննարկումներ, հետո նոր՝ քվեարկություն անցկացնել: Պրն Ղազարյանն ասում է, որ դա հակասում է կանոնակարգին: «Մենք ժամանակ կտանք արտահայտվելու, եւ որպեսզի գիտական կոլեկտիվներն էլ այդ ամենին ծանոթ լինեն, որոշում ենք կայացրել, որ մեկական լիազոր ներկայացուցիչներ լինեն ինստիտուտներից՝ գիտխորհուրդների կողմից երաշխավորված, ովքեր հարցեր կարող են տալ եւ ելույթ ունենալ: Սա նոր իրադրություն է: Մենք ընդամենը 3 ակադեմիկոս պրեզիդենտ ենք ունեցել՝ Օրբելին, Վիկտոր Համբարձումյանը եւ Ֆադեյ Սարգսյանը: Պատկերացնո՞ւմ եք, որ նրանք ծրագրային ելույթով հանդես գային: Հիմա ժամանակները փոխվել են, եւ, ցավոք, հիմա մենք այդպիսի մեծ «պիկեր» չունենք, համաշխարհային մակարդակի գիտնականներ, ինչպիսին Վիկտոր Համբարձումյանն է եղել»: Արդյոք այն մարդիկ, ովքեր սովոր են աշխատել հին մեթոդներով, պատրա՞ստ են գնալ նոր բարեփոխումների՝ դառնալով ԳԱԱ նախագահ: «Ինչ վերաբերում է ավելի ժամանակակից մտածողությանը, ճիշտ ուղով գիտության զարգացումը տանելուն, դրա լավագույն ճանապարհը ընտրված նախագահի սերտ համագործակցությունն է գիտական հանրության հետ, որպեսզի անջրպետ չստեղծվի նրանց միջեւ»: Հարցին, թե վերջին շրջանում ստեղծված մթնոլորտը՝ կապված ակադեմիկոս Անրի Ներսիսյանի առաջադրած մեղադրանքների եւ դրան հաջորդած զարգացումների հետ, ի՞նչ ազդեցություն կունենա այսօրվա ընտրությունների վրա, պրն Ղազարյանը պատասխանեց. «Դա այս փուլում, ցավոք, ակադեմիայի համար ոչ շահեկան, բացասական մթնոլորտ ձեւավորեց, բայց, ընդհանուր առմամբ, այդ բոլորը դրական դեր խաղաց: Եղավ ակադեմիկոս Անրի Ներսիսյանի կողմից բարձրացված լուրջ հարցադրումներ ակադեմիայի գիտակազմակերպչական, ֆինանսատնտեսական գործունեության հետ կապված, ստեղծվեց համապատասխան հանձնաժողով, քննարկում գնաց տնօրենների մասնակցությամբ, շատ բաց քննարկում էր դա, կարծում եմ, եւ արդեն ինձ թվում է՝ այն դրական երանգները, որ հիմա նկատվում է, նաեւ որոշ չափով հետեւանք է այդ հարցադրումների, սկսեցինք բաց ու թափանցիկ աշխատել»: (Վերջին ասվածը հակասում է Է. Ղազարյանի՝ ավելի վաղ արված այն հայտարարությանը, որ լրագրողները չեն մասնակցելու նախագահի ընտրություններին. նա միայն խոստացավ մանրակրկիտ տեղեկատվություն տալ մեզ այդ մասին): «Մեղավորներ չփնտրենք, բայց կարծես թե այս բոլորը (առաջադրված մեղադրանքներն ու այդ մասին ծավալված քննարկումները- Հ. Բ.) սթափեցրեց բոլորիս: Կան հարցեր, որոնց պետք է ավելի լուրջ մոտենալ եւ ավելի հետեւողական աշխատանք տանել»: Պրն Ղազարյանը նաեւ անդրադարձավ վերջին ընդլայնված նիստում Ա. Ներսիսյանի հասցեին հնչած անձնական վիրավորանքներին. «Ցավոք, քննարկումների ժամանակ նաեւ կրքերը տեղի տվեցին եւ ինչ-որ իմաստով բացասական դրսեւորումը շատերի կողմից ընդունելի չեղավ եւ նիստի ժամանակ, եւ հետագայում, մանավանդ որ ֆիզիկականին վերաբերող երանգներով էր, ինձ համար նույնպես անընդունելի է: Բայց ընդհանուր առմամբ այս քննարկումները հարցադրումների շրջանակում թեկուզեւ կրքոտ եւ որոշ չափով անձնական վիրավորանքների մակարդակով, իր դրական արդյունքը տվել է եւ դեռ տալու է: Եվ դա շատ լուրջ ահազանգ է ապագա նախագահի կամ վարչական խմբի համար, որ պետք է ընտրվի նախագահի ընտրություններից հետո»: Արդյոք միտում չկա՞ ԳԱԱ նախագահ առաջադրել Ֆ. Սարգսյանի մերձավոր շրջապատից, ով հետագայում այլեւս չի անդրադառնա վերջինիս ուղղված մեղադրանքներին եւ կկոծկի այդ ամենը. «Ակադեմիան այստեղ անելիք չունի, ակադեմիան քննարկել է, ինչքան որ այս շրջանակներում կարող էր հարցը քննարկվել: Նախագահը պետք է չկրկնի այն թերությունները, բացթողումները, եթե նախկինում եղել են, ոչ թե ինչ-որ բացահայտումներով զբաղվի: Դատական մարմի՞ն է, ինչ է: Ակադեմիայի հանձնաժողովի եւ նախագահության շրջանակներում այդ բոլոր հարցադրումները քննարկվել են եւ անդրադառնալու միտում չկա»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Լուրեր կան, որ մեկ օր առաջ կայացած ԵՊՀ ռեկտորի ընտրություններում իշխանական շրջանակներից Ռադիկ Մարտիրոսյանին խոստացվել է ԳԱԱ նախագահի պաշտոնը, եթե միայն նա ապահովի գոնե 5-6 բոլորին դեմ եւ ձեռնպահ ձայներ: Եվ եղած 4 դեմ ու 2 ձեռնպահից 5-ը գոնե արվել է Ռ. Մարտիրոսյանի շնորհիվ: Իհարկե, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Ռ. Մարտիրոսյանը, ով Գագիկ Ղազինյանի սանիկն է, համաձայնել է 2-ին էլ դեմ քվեարկել, եւ ոչ հենց՝ Ղազինյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031