Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր քարտ»՝ նախագահին

Մայիս 17,2006 00:00

«Կարմիր քարտ»՝ նախագահին Հայաստանում հունական համայնքների միության նախագահը առաջարկում է իրեն «գնդակահարել», եթե ինչ-որ բան այնպես չի արել: Հայաստանում հունական 7 համայնքների ղեկավարներից 4-ը մեր երկրում Հունական համայնքների միության նախագահին անգործության պատճառաբանությամբ անվստահություն են հայտնել եւ հրավիրած արտահերթ ժողովում միության նոր նախագահ են ընտրել: Միության նախագահ Նիկոլայ Ֆեոֆանովն էլ չի հաշտվում իր պաշտոնանկության հետ ու համառորեն նախագահի իր լիազորությունները վայր չի դնում՝ իր մոտ պահելով միության կնիքն ու փաստաթղթերը: Օրերս «Առավոտին» էին դիմել հունական 4 համայնքների ղեկավարներ: Նրանց ներկայացմամբ՝ միության անունով Հունաստանի կառավարությունը մեծաքանակ հումանիտար օգնություն՝ սնունդ ու դեղորայք է ուղարկել, բայց իրենց դրանից ոչինչ չի հասել. նախագահը ինքնագլուխ տնօրինել է ողջ օգնությունը: Բացի այդ, միության կանոնադրության համաձայն, համայնքի նախագահը պարտավոր է տարեկան մեկ անգամ հաշվետու ժողով անցկացնել եւ ներկայացնել, թե ինչ գործունեություն է ծավալել, մինչդեռ Ն. Ֆեոֆանովը պաշտոնավարման 7 տարիների ընթացքում ոչ մի անգամ ժողով չի հրավիրել. «Նա չի համագործակցում մեզ հետ, որոշումները կայացնում է ինքնուրույն, օգնությունն էլ տնօրինում է մենակ՝ իր համախոհ 3 համայնքների հետ, իսկ ծայրամասերի հույները կարիքի մեջ են: Պաշտոնավարման առաջին օրվանից նա ավելի շատ զբաղված է հունական համայնքի պառակտմամբ, քան մեզ միավորելով»,- բողոքեցին հույները: Նրանք նաեւ տեղեկացրին, որ միության նախագահը Ալավերդիի պղնձամոլիբդենային գործարանի փոխտնօրենն է, ունի իր բիզնեսը եւ ոչ մի րոպե ժամանակ չի գտնում զբաղվելու հունական համայնքի խնդիրներով: Նրանք 3 անգամ գրավոր դիմում են ուղարկել միության նախագահին, որ գոնե հաշվետվություն ներկայացնի, տեսնեն՝ ինչո՞վ է զբաղվում, սակայն Ն. Ֆեոֆանովը չի արձագանքել, ուստի համայնքների ղեկավարներին ուրիշ ոչինչ չի մնացել անել, քան հրավիրել արտահերթ նիստ ու նոր ընտրություններ կազմակերպել, ինչը միության կանոնադրությունը նախատեսում է: Սակայն Ն. Ֆեոֆանովն էլ իր հերթին է հավաքել իր համախոհ 3 համայնքների ներկայացուցիչներին, կազմակերպել ընտրություններ ու իրեն վերընտրել: Բացի այդ, կազմել են նոր փաստաթուղթ, ըստ որի՝ միությունը բաղկացած է ընդամենը 3 համայնքից: Նիկոլայ Ֆեոֆանովը «Առավոտի» հետ զրույցում չժխտեց, որ ինքը ոչ մի անգամ հաշվետու ժողով չի հրավիրել, այսինքն՝ խախտել է միության կանոնադրությունը. «Եթե ճիշտն ասեմ՝ իրոք ժողովներ չեմ արել, բայց պարբերաբար շփվել եմ համայնքների ներկայացուցիչների հետ: Եթե միայն ժողով չանելու համար ինձ պիտի գնդակահարեք՝ գնդակահարեք»: Ալավերդու, Ստեփանավանի, Հրազդանի եւ Նոյեմբերյանի՝ 4 համայնքների հետ ունեցած խնդիրների մասին նրա պարզաբանմամբ՝ միությունը բաղկացած է 3 համայնքներից՝ Երեւանից, Վանաձորից եւ Գյումրիից. «Մենք մայիսի 14-ին ընտրություններ ենք արել, էլի ինձ են ընտրել, չնայած շատ զբաղված եմ, բայց ուրիշ թեկնածու չկար: Այդ 4 բողոքողները դե յուրե պետռեգիստրում գրանցված չեն, ուստի չեն կարող լինել միության կազմում եւ որոշումներ կայացնել: Էդ իրանք ոչ մի գործ չեն արել, մատը մատին չեն տվել, բայց անընդհատ ինձնից են բողոքում, երբ աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում ա՝ խակ ա»: Մինչդեռ արդարադատության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ 1997-ից Երեւանի համայնքը պետռեգիստրում չի վերագրանցվել, իսկ բողոքող 4 համայնքն էլ ունի պետռեգիստրի վկայական: Ստացվում է, որ պարոն Ֆեոֆանովի ընտրությունները կայացել են ընդամենը 2 համայնքի մասնակցությամբ: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել