Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Քոչարյանը չգնաց Փարիզ

Մայիս 17,2006 00:00

Ինչո՞ւ Քոչարյանը չգնաց Փարիզ Պուտի՞նը չթողեց, թե՞ Ղարաբաղի հարցը Նախօրեին ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը մայիսի 26-30-ը Փարիզում կայանալիք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելուց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարվելը պատճառաբանել էր երկրի նախագահի խիստ զբաղված լինելու, նստաշրջանի ծանրաբեռնված ժամանակացույցի, այդ օրերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան այցելելու հանգամանքներով: Բայց ամենացնցող պատճառաբանությունն այն էր, որ «տվյալ ժամանակահատվածը համընկնում է Հայաստանում տոնական օրերի հետ»: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Պիեր Լելուշը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հրավիրել էր մասնակցելու եւ ելույթ ունենալու Վեհաժողովի գարնանային նստաշրջանին: Հիշեցնելով, որ Ռ. Քոչարյանն առաջին անգամը չէ, որ հրաժարվում է մասնակցել ՆԱՏՕ-ի նախաձեռնած միջոցառումներին, այդ թվում՝ մայիսի 3-4-ը Վիլնյուսում կազմակերպված քննարկումներին, Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը երկու շարժառիթ մատնանշեց: Առաջինն, ըստ նրա, այն է, որ Ռուսաստանի կողմից բավականին լուրջ ճնշումներ կան Ռ. Քոչարյանի վրա: ԱԱԿ նախագահի համոզմամբ, նկատի ունենալով ՆԱՏՕ-ի ինտենսիվ ընդլայնման ձգտումները եւ այն, որ ՆԱՏՕ-ի՝ վերջերս արած հայտարարության համաձայն, այդ կազմակերպությունը պատրաստվում է 2008թ.-ին արտահերթ քննարկել Վրաստանի եւ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը, ՌԴ-ն եւ Ռ. Քոչարյանը մտավախություն ունեն, որ Փարիզում Եվրաատլանտյան դաշինքի հետ ավելի սերտ համագործակցության առաջարկ կամ ակնարկներ կարող են արվել նաեւ Հայաստանին, ինչը Քոչարյանի ու ՌԴ-ի սրտով չէ, թեեւ, Հովհ. Հովհաննիսյանի համոզմամբ՝ անխուսափելի է: «Փարիզ չգնալու երկրորդ պատճառն այն է, որ Ռ. Քոչարյանն այնտեղ ասելիք ու անելիք պարզապես չունի: Մնացածն ուղղակի պատճառաբանություններ են, որոնք հիմնավոր չեն»,- նկատեց Հովհ. Հովհաննիսյանը: Արդյո՞ք Ադրբեջանի նախագահի մասնակցությունն ինքնաբերաբար ենթադրում է, որ այդ երկիրը պատրաստ է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում քննարկել համանման առաջարկը եւ ընդհանրապես հնարավո՞ր է, որ նման ակնարկ ուղղվի նաեւ Ադրբեջանին: Մեր այս դիտարկմանն ի պատասխան պարոն Հովհաննիսյանն ասաց. «Ադրբեջանի նախագահը շատ ավելի բաց, ավելի ինքնուրույն նախագահ է: Նրա ներկայությունը Փարիզում կվկայի, որ Ադրբեջանում արեւմտյան արժեքներն ու ժողովրդավարությունը շատ ավելի ընդունելի են, քան՝ Հայաստանում»: Ըստ նրա, դիվանագիտական լեզվով Ռ. Քոչարյանի՝ ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանին մասնակցելուց հրաժարվելը նշանակում է՝ «դեմարշ» այս կազմակերպության նկատմամբ: Հայտնի է, որ նաեւ ՆԱՏՕ-ն վերջերս ակտիվություն է ցուցաբերել ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում: Որքանո՞վ Ռ. Քոչարյանի վերաբերմունքը կարող է ազդել նաեւ այդ կազմակերպության՝ ԼՂ լուծման համատեքստում ունեցած դիրքորոշման վրա: «ԼՂ հարցում շատերն են ակտիվացել՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ը: Սա նշանակում է, որ ԼՂ հարցը դարձել է շատ ակտուալ, եւ այս տարվա ընթացքում լուրջ գործընթացներ են լինելու: Ռ. Քոչարյանի քայլն, անշուշտ, կարող է ազդել միջազգային կառույցների կողմնորոշման վրա»,- կանխատեսեց ԱԱԿ նախագահը: ՀՀ նախագահի՝ Փարիզ մեկնելուց խուսափելն այլ տեսանկյունից է մեկնաբանում «Ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնի» փորձագետ Ստեփան Սաֆարյանը: Նրա համոզմամբ, «ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանին չմասնակցելը միանշանակ կապված է Իլհամ Ալիեւի հետ չհանդիպելու ցանկությամբ», իսկ Փարիզ չմեկնելը դիվանագիտական լեզվով նշանակում է, որ Ռ. Քոչարյանը խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու: «Ինչ վերաբերում է հետեւանքներին, ապա Ռ. Քոչարյանը մտածում է նաեւ դրանցից պաշտպանվելու մասին, ու հենց այդ պատճառով է, որ ներքաղաքական դաշտը սկսել է վերաձեւումների ենթարկել»,- ասաց Ստ. Սաֆարյանը: Մյուս կողմից, նա նկատեց, որ եթե ՀՀ նախագահը մեկներ Փարիզ, ստիպված էր լինելու հստակ պատասխաններ տալ որոշակի հարցադրումների, օրինակ՝ Հայաստանը պատրա՞ստ է ՆԱՏՕ-ի կառույցներին ինտեգրվելու, ի՞նչ ժամանակացույցով, ո՞ր ոլորտներում եւ այլն: «Բնականաբար, այդ հարցերի պատասխանները չունենալով՝ Ռ. Քոչարյանը չէր կարող գնալ նման հավաքների ու կանգնել նման լսարանի առջեւ, որովհետեւ իրեն ուղղված հարցերի պատասխանները հենց իր համար կարող են ճակատագրական լինել»,- եզրակացրեց փորձագետը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել