Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՉԵՄ

Մայիս 17,2006 00:00

ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՀՀԿ-ԻՑ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ Ասում է ԱԺ եւ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը – Անցած տարեվերջին, երբ արդեն իսկ շատ էին պնդումները, թե նախընտրական տարում կոալիցիան կդադարեցնի գոյությունը՝ Ռոբերտ Քոչարյանը կոալիցիայի պատվի հարցը հռչակեց մինչ 2007-ի մայիսն անխափան աշխատելը. «Կոալիցիան, այսպես ասած, քաղաքական պայմանագիր է 4 սուբյեկտի միջեւ՝ 3 կուսակցություն եւ նախագահ: Եվ դա պայմանագիր է 4 տարվա համար… Մինչեւ 2007-ի մայիսը մենք պարտավորություն եւ պատասխանատվություն ունենք միմյանց եւ ժողովրդի հանդեպ»: Ձեր գնահատմամբ, ո՞վ է մեղավորը պայմանագրային պարտավորությունների վաղաժամկետ դադարեցման համար: – Կարիք չկա այստեղ մեղավորներ փնտրել, քանի որ մենք քրեական երեւույթների հետ չէ, որ գործ ունենք: Միայն այդ դեպքում է, երբ պետք է անպայման մեղավորներ գտնել ու պատժել: Ստեղծվել էր քաղաքական իրավիճակ, գտնվել է լուծում: Կարծում եմ, որ կոալիցիայի բոլոր կողմերն էլ անկեղծ են այդ իրավիճակը գնահատելիս: Եվ բոլոր կողմերն էլ կուզենային, որ այդ հարաբերությունները շարունակվեին մինչեւ հաջորդ ընտրություններ: Սակայն ստեղծված իրավիճակում, համոզված եմ, գտնվեց քաղաքակիրթ եւ արժանապատիվ լուծում: – ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն այս զուգահեռով էր բնութագրել ՕԵԿ-ից գործարարների դուրս գալը, թե այդ կառույցի քաղաքական շենքը ոչ թե ամուր հիմքի, այլ ավազների վրա էր, իսկ այն կարող է տանել անգամ թեթեւ քամին: Ձեր կարծիքով, ճշգրի՞տ բնորոշում է: Բացի այդ՝ չե՞ք կարծում, որ ՀՀԿ խմբակցության գերակշիռ մասը ճիշտ նույնպիսի «ավազ» է, եւ այս իրավիճակը կարող է կրկնվել նաեւ Ձեր կուսակցությունում: – Պատկերավոր, գեղարվեստական ձեւակերպումներն իհարկե գրավիչ են: Բայց կարծում եմ, տվյալ դեպքում ճիշտ կլինի սահմանափակվել քաղաքական գնահատականներով: Ավելի՛ն՝ հետին թվով գնահատականներ տալը միշտ չէ, որ համարժեք է իրավիճակին: Բնականաբար, մեզնից յուրաքանչյուրը՝ առավել եւս իմ հարգարժան գործընկերը, իրավունք ունի ներկայացնել ցանկացած պատկեր եւ տալ գնահատականներ: Սակայն վստահ եմ, որ այս շրջանը, երբ ՕԵԿ-ը հայտարարեց, թե դուրս է գալիս կոալիցիայից, 20-30 օրվա փորձաշրջան է լինելու կոալիցիայի բոլոր կուսակցությունների համար՝ միմյանց տրվող գնահատականների, վերաբերմունքի առումով: Սա եւս, ինչպես եւ կոալիցիայի ձեւավորումը՝ նման առաջին երեւույթն է մեր իրականության մեջ: Ինձ համար, օրինակ, շատ հետաքրքիր է, թե ով ինչպես է իրեն պահելու: Սա եւս փորձություն է: Եվ ճիշտ կլինի, որ բոլորս արժանապատվորեն դուրս գանք այս փորձությունից: Ինչ վերաբերում է գործարար պատգամավորների ներկայությանը խմբակցությունում՝ կարծում եմ, բոլորին չէ, որ կարելի է տալ նույն գնահատականը: Գործարարը կարող է վաղուց լինել կուսակցության անդամ եւ կուսակցական գործունեության արդյունքում դառնալ պատգամավոր: Բնականաբար, չեմ ուզում բացառել, որ ինչ-որ իրավիճակում ՀՀԿ-ից եւս կարող են դուրս գալ որոշ մարդիկ: Ոչ միայն մենք՝ նաեւ ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ որեւէ այլ խմբակցություն չի կարող բացառել դա: Այնպես որ՝ ամեն մեկին պետք է գնահատել ըստ իր պահվածքի, անկախ նրանից՝ գործարա՞ր է, թե՞ ոչ: – «Վերաբերմունքի փորձաշրջանի» մասին Ձեր նկատառումից կարելի է կռահել, թե ողջունելի չպիտի համարեք, որ հենց կոալիցիոն գործիչների ջանքերով հրապարակվեց այն վարկածը, թե գործարարները դուրս եկան ՕԵԿ-ից, քանի որ Արթուր Բաղդասարյանը կուսակցական դրամարկղի համալրման համար սահմանել էր ծանր «տուրքեր»: Կամ այն, որ իշխանամետ ԶԼՄ-ներն ԱԺ նախագահին այժմ գերազանցապես ցուցադրում են եղունգները կրծելիս կամ լեզուն հանած, ու ներկայացնում նման մեկնաբանություններ, թե Արթուր Բաղդասարյանի լուսավոր ապագան մեկ օրում վերածվեց տխուր անցյալի: – Երբե՛ք չեմ ընդունում իրավիճակային մոտեցումներ: Եվ ուզում եմ կրկնել, որ սա փորձություն է բոլորի՛ս համար: Կյանքն այսօր չի սկսվել եւ այսօր չի վերջանալու: Նույն ՕԵԿ-ի հետ մենք 3 տարվա ճանապարհ ենք անցել, ունեցել հաջողություններ ու թերություններ: Եվ այս տեսակետից՝ նա, ով պիտի մոռանա իր անցած ճանապարհը կամ ցեխ շպրտի դրա վրա՝ պիտի հասկանա, որ իր եւ իր կուսակցության կյանքից նույնպես ջնջում է այդ տարիները: – Այլեւս համատեղ ճանապարհ չանցնելու դրդապատճառ որպես՝ Արթուր Բաղդասարյանը մատնանշեց նաեւ արտաքին քաղաքական խնդիրները: Ինչո՞ւ նման հակադարձում ստացավ ԱԺ խոսնակի դիրքորոշումը Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ, երբ հայտարարություններով մեր գրեթե բոլոր ղեկավարներն էլ ընդունում են եվրոպական կառույցներին առավել սերտորեն ինտեգրվելու անհրաժեշտությունը: – Անկասկա՛ծ: Այս առումով՝ սկզբունքային չեն հակասությունները, քանի որ Եվրամիությանն անդամակցությունը հայտարարվել է որպես նպատակ ու գերակա ուղղություն մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ: Առաջացած տարաձայնությունները վերաբերում էին ոչ թե Եվրամիության վերաբերյալ մոտեցումներին, այլ գնահատականներին, թե ե՛րբ պիտի արվի, ինչպե՛ս եւ այլն: Հիմնական տարաձայնությունն, իհարկե, առաջացել էր ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարության առնչությամբ: Իսկապես պետք է ընդունենք, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ՆԱՏՕ-ին անդամակցությունը դեռեւս երբեք չի հռչակվել որպես նպատակ: Ի դեպ, արդարացի չէ, երբ փորձում են այստեղ հակասություն որոնել, քանի որ կան ԵՄ անդամ երկրներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն: Այսինքն՝ մեկը չի ենթադրում մյուսը: Սակայն այս ամենը չի բացառում, որ որեւէ կուսակցություն ՆԱՏՕ-ին անդամակցությունը կարող է հռչակել որպես նպատակ իր համար՝ որպես պատկերացում Հայաստանի ապագայի վերաբերյալ: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել