Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԲԱԺԱՆԵԼ ՕԵԿ-Ի ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

Մայիս 17,2006 00:00

ԻՆՉՊԵՍ ԲԱԺԱՆԵԼ ՕԵԿ-Ի ՊԱՇՏՈՆՆԵՐԸ Խմբակցությունների ղեկավարները խնդիր չեն տեսնում Մեր թերթի երեկվա համարում բառացիորեն մեջբերել էինք կոալիցիոն հուշագրի համապատասխան հատվածը, որում մանրամասնված է, թե ինչ պայմանների դեպքում է կոալիցիան փլուզված համարվում: Եվ պայմաններից առաջինը հետեւյալն էր. «Սկզբունքային անհամաձայնության դեպքում կոալիցիայի կողմերից մեկի դուրս գալու դեպքում»: Այս դեպքում ի՞նչ փաստաթղթի հիման վրա են կոալիցիայի մյուս երկու կողմերը՝ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն պատրաստվում մեջ-մեջ անել ըստ կոալիցիոն հուշագրի ՕԵԿ-ին հատկացված կառավարական եւ խորհրդարանական պաշտոնները, «Առավոտի» այդ հարցը երեկ կոալիցիայի անդամներից շատերին պարզապես անելանելի վիճակի մեջ էր դրել: Ոմանք նույնիսկ փորձեցին նորից կարդալ հուշագիրը եւ իրենք իրենց համար «թարգմանել» իրենց իսկ գրած տողերը: Ի վերջո, տեսնելով, որ առանձնապես գլուխ չեն հանում, դժգոհում էին՝ «Դու էլ գործ բացեցիր, պաշտոն էր, էլի, կբաժանեինք»: Իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ մեզ բացատրում էր հետեւյալը. «Չեմ կարծում, որ նոր հուշագրի ստորագրման խնդիր կա, համենայնդեպս, նաեւ հնարավոր եմ համարում նորի ստորագրումը: Խնդիրը հետեւյալն է, որ երկու կուսակցությունները՝ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն վերահաստատեցին կոալիցիայի հուշագրի շրջանակներում դաշինքը շարունակական գործընթացում տեսնելու իրենց մտադրությունը»: Ասաց նաեւ, որ մնացածը տեխնիկական խնդիր է: Այդ դեպքում ի՞նչ է լինելու 2003 թվականի հուլիսի 11-ին Ռոբերտ Քոչարյանին սատարած երեք քաղաքական ուժերի կողմից ստորագրված հուշագրի ճակատագիրը, կարո՞ղ ենք ասել, որ այլեւս նման հուշագիր գոյություն չունի, հետեւաբար՝ գոյություն չունի նաեւ կոալիցիան, եւ հարկավոր է նոր բան մտածել եկող մեկ տարվա համար: Գալուստ Սահակյանը այդպես չի մտածում: Նա կարծում է, որ հուշագիրը գործում է. «Որովհետեւ, ըստ մեր հայտարարությունների, կոալիցիան պահպանվում է հուշագրի շրջանակներում, այլ բան է, որ երբ արդեն, ըստ Կանոնակարգ-օրենքի, կլինեն ԱԺ նախագահի հրաժարականը եւ դրան հաջորդող գործողությունները, եւ եթե պարզվի, որ դա որեւէ խնդիր է առաջացնում, կարծում եմ, քաղաքական երկու ուժերը կարտահայտեն իրենց դիրքորոշումը»: Հարցրինք նաեւ՝ հնարավո՞ր է, ՀՅԴ-ից եւ ՀՀԿ-ից բացի, խորհրդարանում եւ կառավարությունում պաշտոններ ստանան նաեւ «Ժողպատգամավորը» եւ ՄԱԿ խմբակցությունը: Ըստ մեր զրուցակցի՝ Դաշնակցությունը եւ «Հանրապետականը» կմնան երկուսով, բայց կսկսեն շատ ավելի սերտ համագործակցել նույն ՄԱԿ-ի եւ «Ժողպատգամավոր» խմբի հետ: Նաեւ չբացառեց, որ ՕԵԿ-ի ազատված որոշ տեղերից բաժին կհասնի նաեւ այս երկու խորհրդարանական ուժերին: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը (որը շուտով կզբաղեցնի ԿԳ նախարարի պաշտոնը) նոր հուշագրի ստեղծման հավանականության մասին մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ հավանաբար որոշ ժամանակ անց կլինի կոալիցիայի արդեն երկու ուժերի համատեղ նիստ, որի ընթացքում կքննարկվեն բոլոր, այդ թվում նաեւ ֆորմալ-իրավաբանական հարցերը: Փորձեցինք կոնկրետացնել՝ Դաշնակցությունը առաջարկելո՞ւ է ԱԺ նախագահի իր թեկնածուին: Պատասխանեց, որ առայժմ որոշակի բանակցային գործընթացներ են տեղի ունենում նոր իրավիճակի հետ կապված. «Բայց երկու կուսակցությունների միջեւ կա ընդհանուր համաձայնությունը՝ շարունակել պահել պատասխանատվությունը եւ գործադիր, եւ օրենսդիր մարմիններում: Թե ԱԺ-ում ներկայացված ի՞նչ քաղաքական ուժերի հետ ինչպիսի պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, պարզ կլինի մեկ-երկու օրվա մեջ»: Մեր հարցին, որքանո՞վ է Դաշնակցությունն ապահովագրված, որ իր գլխին եւս նման բաներ չեն սարքվի համապատասխան պահի, Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «115 տարվա մեր պատմությունը, մեր կուսակցության վրա երբեք չի սարքվել, որովհետեւ մեր կուսակցությունը իր ծրագրի, իր կանոնադրության վրա ամուր հենված է եւ այսպիսի բան չի եղել: Մենք անցել ենք կուսակցության կասեցման ճանապարհով, կուսակցության ղեկավարները բանտ են նետվել, բայց նույնիսկ այդ պայմաններում կուսակցությունից հրաժարվածների շքերթ չի եղել»: Թերեւս 115 տարվա կենսագրությունն է պատճառը, որ ՕԵԿ-ի ապահարզանից անմիջապես հետո Դաշնակցությունը ձեռքերը ծալած չնստեց, այլ անցավ ակտիվ գործողությունների եւ անմիջապես հանդիպելով ՀՀ նախագահին, Քոչարյանից պահանջեց իրեն հատկացնել ՕԵԿ-ի երկու՝ կրթության եւ գիտության նախարարի եւ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնները: Ըստ հավաստի աղբյուրների, մեծ դժվարությամբ (բանակցությունները տեւել են երկու օր) Ռ. Քոչարյանը համաձայնել է Դաշնակցությանը տալ իր ուզածը, հակառակ դեպքում ստիպված էր լինելու ԱԺ նախագահ դարձնել Վահան Հովհաննիսյանին, որը ոչ միայն Քոչարյանի սրտով չէր, այլեւ Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականների: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031