Ասում
է ԱԺ եւ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը – Անցած տարեվերջին, երբ արդեն իսկ
շատ էին պնդումները, թե նախընտրական տարում կոալիցիան կդադարեցնի գոյությունը՝ Ռոբերտ
Քոչարյանը կոալիցիայի պատվի հարցը հռչակեց մինչ 2007-ի մայիսն անխափան աշխատելը.
«Կոալիցիան, այսպես ասած, քաղաքական պայմանագիր է 4 սուբյեկտի միջեւ՝ 3 կուսակցություն
եւ նախագահ: Եվ դա պայմանագիր է 4 տարվա համար… Մինչեւ 2007-ի մայիսը մենք պարտավորություն
եւ պատասխանատվություն ունենք միմյանց եւ ժողովրդի հանդեպ»: Ձեր գնահատմամբ, ո՞վ
է մեղավորը պայմանագրային պարտավորությունների վաղաժամկետ դադարեցման համար: –
Կարիք չկա այստեղ մեղավորներ փնտրել, քանի որ մենք քրեական երեւույթների հետ չէ,
որ գործ ունենք: Միայն այդ դեպքում է, երբ պետք է անպայման մեղավորներ գտնել ու պատժել:
Ստեղծվել էր քաղաքական իրավիճակ, գտնվել է լուծում: Կարծում եմ, որ կոալիցիայի
բոլոր կողմերն էլ անկեղծ են այդ իրավիճակը գնահատելիս: Եվ բոլոր կողմերն էլ կուզենային,
որ այդ հարաբերությունները շարունակվեին մինչեւ հաջորդ ընտրություններ: Սակայն ստեղծված
իրավիճակում, համոզված եմ, գտնվեց քաղաքակիրթ եւ արժանապատիվ լուծում: – ԱԺ
փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն այս զուգահեռով էր բնութագրել ՕԵԿ-ից գործարարների
դուրս գալը, թե այդ կառույցի քաղաքական շենքը ոչ թե ամուր հիմքի, այլ ավազների վրա
էր, իսկ այն կարող է տանել անգամ թեթեւ քամին: Ձեր կարծիքով, ճշգրի՞տ բնորոշում է:
Բացի այդ՝ չե՞ք կարծում, որ ՀՀԿ խմբակցության գերակշիռ մասը ճիշտ նույնպիսի «ավազ»
է, եւ այս իրավիճակը կարող է կրկնվել նաեւ Ձեր կուսակցությունում: – Պատկերավոր,
գեղարվեստական ձեւակերպումներն իհարկե գրավիչ են: Բայց կարծում եմ, տվյալ դեպքում
ճիշտ կլինի սահմանափակվել քաղաքական գնահատականներով: Ավելի՛ն՝ հետին թվով գնահատականներ
տալը միշտ չէ, որ համարժեք է իրավիճակին: Բնականաբար, մեզնից յուրաքանչյուրը՝ առավել
եւս իմ հարգարժան գործընկերը, իրավունք ունի ներկայացնել ցանկացած պատկեր եւ տալ
գնահատականներ: Սակայն վստահ եմ, որ այս շրջանը, երբ ՕԵԿ-ը հայտարարեց, թե
դուրս է գալիս կոալիցիայից, 20-30 օրվա փորձաշրջան է լինելու կոալիցիայի բոլոր կուսակցությունների
համար՝ միմյանց տրվող գնահատականների, վերաբերմունքի առումով: Սա եւս, ինչպես եւ
կոալիցիայի ձեւավորումը՝ նման առաջին երեւույթն է մեր իրականության մեջ: Ինձ համար,
օրինակ, շատ հետաքրքիր է, թե ով ինչպես է իրեն պահելու: Սա եւս փորձություն է: Եվ
ճիշտ կլինի, որ բոլորս արժանապատվորեն դուրս գանք այս փորձությունից: Ինչ
վերաբերում է գործարար պատգամավորների ներկայությանը խմբակցությունում՝ կարծում եմ,
բոլորին չէ, որ կարելի է տալ նույն գնահատականը: Գործարարը կարող է վաղուց լինել
կուսակցության անդամ եւ կուսակցական գործունեության արդյունքում դառնալ պատգամավոր:
Բնականաբար, չեմ ուզում բացառել, որ ինչ-որ իրավիճակում ՀՀԿ-ից եւս կարող են դուրս
գալ որոշ մարդիկ: Ոչ միայն մենք՝ նաեւ ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ որեւէ այլ խմբակցություն չի
կարող բացառել դա: Այնպես որ՝ ամեն մեկին պետք է գնահատել ըստ իր պահվածքի, անկախ
նրանից՝ գործարա՞ր է, թե՞ ոչ: – «Վերաբերմունքի փորձաշրջանի» մասին Ձեր նկատառումից
կարելի է կռահել, թե ողջունելի չպիտի համարեք, որ հենց կոալիցիոն գործիչների ջանքերով
հրապարակվեց այն վարկածը, թե գործարարները դուրս եկան ՕԵԿ-ից, քանի որ Արթուր Բաղդասարյանը
կուսակցական դրամարկղի համալրման համար սահմանել էր ծանր «տուրքեր»: Կամ այն, որ
իշխանամետ ԶԼՄ-ներն ԱԺ նախագահին այժմ գերազանցապես ցուցադրում են եղունգները կրծելիս
կամ լեզուն հանած, ու ներկայացնում նման մեկնաբանություններ, թե Արթուր Բաղդասարյանի
լուսավոր ապագան մեկ օրում վերածվեց տխուր անցյալի: – Երբե՛ք չեմ ընդունում
իրավիճակային մոտեցումներ: Եվ ուզում եմ կրկնել, որ սա փորձություն է բոլորի՛ս համար:
Կյանքն այսօր չի սկսվել եւ այսօր չի վերջանալու: Նույն ՕԵԿ-ի հետ մենք 3 տարվա ճանապարհ
ենք անցել, ունեցել հաջողություններ ու թերություններ: Եվ այս տեսակետից՝ նա, ով
պիտի մոռանա իր անցած ճանապարհը կամ ցեխ շպրտի դրա վրա՝ պիտի հասկանա, որ իր եւ իր
կուսակցության կյանքից նույնպես ջնջում է այդ տարիները: – Այլեւս համատեղ
ճանապարհ չանցնելու դրդապատճառ որպես՝ Արթուր Բաղդասարյանը մատնանշեց նաեւ արտաքին
քաղաքական խնդիրները: Ինչո՞ւ նման հակադարձում ստացավ ԱԺ խոսնակի դիրքորոշումը Եվրամիությանն
անդամակցելու վերաբերյալ, երբ հայտարարություններով մեր գրեթե բոլոր ղեկավարներն
էլ ընդունում են եվրոպական կառույցներին առավել սերտորեն ինտեգրվելու անհրաժեշտությունը:
– Անկասկա՛ծ: Այս առումով՝ սկզբունքային չեն հակասությունները, քանի որ Եվրամիությանն
անդամակցությունը հայտարարվել է որպես նպատակ ու գերակա ուղղություն մեր երկրի արտաքին
քաղաքականության մեջ: Առաջացած տարաձայնությունները վերաբերում էին ոչ թե Եվրամիության
վերաբերյալ մոտեցումներին, այլ գնահատականներին, թե ե՛րբ պիտի արվի, ինչպե՛ս եւ այլն:
Հիմնական տարաձայնությունն, իհարկե, առաջացել էր ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ
հայտարարության առնչությամբ: Իսկապես պետք է ընդունենք, որ ՀՀ արտաքին քաղաքականության
մեջ ՆԱՏՕ-ին անդամակցությունը դեռեւս երբեք չի հռչակվել որպես նպատակ: Ի դեպ, արդարացի
չէ, երբ փորձում են այստեղ հակասություն որոնել, քանի որ կան ԵՄ անդամ երկրներ, որոնք
ՆԱՏՕ-ի անդամ չեն: Այսինքն՝ մեկը չի ենթադրում մյուսը: Սակայն այս ամենը չի բացառում,
որ որեւէ կուսակցություն ՆԱՏՕ-ին անդամակցությունը կարող է հռչակել որպես նպատակ
իր համար՝ որպես պատկերացում Հայաստանի ապագայի վերաբերյալ: Զրույցը
վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ