Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՏՐԻԽՆԵՐ

Մայիս 16,2006 00:00

ՇՏՐԻԽՆԵՐ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՀԱՄԱՐ «Ազգային պատկերասրահ» ամենամյա երաժշտական փառատոնի շրջանակներում մայիսի 17-ին կհնչի մեզանում ոչ հաճախ կատարվող Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը եւ անվանի կոմպոզիտորին կհանձնվի Թեքեյան մշակութային միության սահմանած մրցանակը: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց միության փոխնախագահ Սերգեյ Գալստյանը, «ամփոփելով մեր 2005թ. 9 անվանակարգերի թեկնածուների գործունեությունը, փետրվարի 4-ին հնչեցրել էինք, որ երաժշտության անվանակարգում մրցանակը շնորհվում է Տիգրան Մանսուրյանին: Այդ ժամանակահատվածում նա Ամերիկայում էր եւ հայտարարեցինք, որ մրցանակը կհանձնենք պատեհ պահին»: «Առավոտի» որոնումները՝ գտնել անվանի կոմպոզիտորի մասին հրատարակված բուկլետ կամ երաժշտագիտական նյութ, այդպես էլ ապարդյուն անցան: Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին «Հայաստան», «Հայպետհրատ» հրատարակչությունները հրատարակում էին անվանի արվեստագետներին նվիրված բուկլետներ: Մանսուրյանի դեպքում մենք գտանք 1983թ. բուկլետ՝ կազմված «Հայպետկինոյի» ինֆորմացիոն-ռեկլամային բաժնի կողմից, որում անդրադարձ էր կատարված կոմպոզիտորի միայն կինոերաժշտությանը: Պետկոնսերվատորիայի կողմից 1996թ. հրատարակված է նաեւ «Հայ երաժշտության պատմություն» ուսումնական ձեռնարկը, որում ի թիվս անվանի այլ կոմպոզիտորների, տեղ է գտել նաեւ Տ. Մանսուրյանը: Մինչդեռ Եվրոպայում երաժշտագետներն ու քննադատները «հանգիստ չեն տալիս» հայ կոմպոզիտորին, ոչ միայն ներկայացնելով նրա ստեղծագործական դիմանկարը, այլեւ առանձին հոդվածներով վերլուծելով մանսուրյանական բազմաժանր երաժշտությունը: Հանդիպեցինք արվեստագիտության թեկնածու Մհեր Նավոյանին, խնդրելով ընթերցողների լայն շրջանակներին ներկայացնել սիրված կոմպոզիտորի ստեղծագործական դիմանկարից շտրիխներ: Երաժշտագետը նախ նշեց, որ դժվար է մի քանի տողով ամփոփել Մանսուրյան բազմաշերտ ստեղծագործողի հիմնավոր ժառանգությունը, մանավանդ որ վերջինս այսօր էլ զարգացման սկզբունքային հուներ է փոխում, բոլորովին նոր կողմերով ներկայանալով մեզ եւ աշխարհին: «20-րդ դարի երկրորդ կեսի կոմպոզիտորի երաժշտական ժառանգությունը մի կողմից արտացոլում է ժամանակաշրջանի համարյա բոլոր առանցքային, ոճական ուղղությունները, մյուս կողմից՝ իր հիմքով ու ներքին տրամադրությամբ, իրեն սնուցող ակունքներով հայկական երեւույթ է»,- ասաց Մ. Նավոյանը: Մանրամասնելով, նա հայտնեց, որ խոսքը սինթետիկ երեւույթի մասին չէ, այլ 20-րդ դարի հայ մարդու՝ աշխարհին դեմքով կանգնելու ստեղծագործ կեցվածքի մասին: «Կոմպոզիտորի երաժշտությունը, որ կարելի է բաժանել շերտերի ու ոճերի, ունի հստակ եզրեր՝ բավարարելու եւ ընդունված լինելու հասարակության գրեթե բոլոր խավերի կողմից: Մի կողմից ակնհայտ է, որ լայն հասարակությունը ջերմորեն սիրում է նրա կինոերաժշտությունը, մյուս կողմից, նույնքան ճշմարիտ է, որ ակադեմիկ երաժշտության սիրահարները 20-րդ դարի երկրորդ կեսի հայ երաժշտության մեջ եթե փնտրելու լինեն հոգեբանացման, ինտելեկտուալ խոկումների, հնչական արտացոլանքների, ապա անշրջանցելիորեն հանգելու են կամ Մանսուրյանի, կամ նաեւ Մանսուրյանի երաժշտությանը»,- ասաց երաժշտագետը: Մեր դիտարկմանը՝ արդյո՞ք Մանսուրյան երեւույթը գոյություն ունի շնորհիվ հայ հոգեւոր ակունքներից սնվելու իր մշտական «հակվածության», Մհեր Նավոյանը պատասխանեց. «Արվեստի մեծ երեւույթների գաղտնիքը դեռ ոչ մեկին չի հաջողվել բացահայտել կամ վերծանել: Այո, Մանսուրյանը օրգանապես կապված է մեր հոգեւոր ակունքներին, բայց նա նույնքան ներդաշնակորեն կարողացել է համաձուլվել համաշխարհային իրողություններին»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031