Լրահոս
Օրվա լրահոսը

Պետբյուջեն աննպատակ կլացի

Մայիս 16,2006 00:00

Պետբյուջեն աննպատակ կլացի Վարորդը լռում է, պաշտոնյան՝ ուտում Եթե պետբյուջեից հատկացված փողով ասֆալտապատում են անում, բայց մի քանի ամիս կամ մեկ տարի հետո նույնը «դուբլելու» անհրաժեշտություն է լինում, նշանակում է՝ նախահաշիվ կազմողներն են անգրագետ կամ ասֆալտապատման պատասխանատուների հատկացված միջոցները «տնտեսելու» ախորժակն է մեծ: Եվ քանի դեռ վերեւներին դա ձեռնտու է, պետբյուջեն ամեն տարի աննպատակ կլացի, վարորդների գրպաններն էլ կդատարկվեն չարդարացված ծախսերից: Փոխարենը «Ճանշինի» շեֆերի ու ավտոպահեստամասեր ներկրողների աչքները լույս: Քանի դեռ կան ճանապարհների փոսերը, կվնասվեն ավտոմեքենաների անվադողերը, անվահեծերը, շարժամասերը ու մեղմացուցիչները (ամորտիզատոր): Միայն մեկ առավել շատ վնասվող պահեստամասի օրինակով հաշվեք ձեր վատնումները: Ավտոպահեստամասերի խանութից տեղեկացնում են, որ «ԳԱԶ», «ԼԱԶ», «Սոբոլ» մակնիշի ավտոմեքենաների համար նախատեսված գազային մեղամացուցիչն արժե 15.000 դրամ, սովորականը՝ 7-8 հազար: Դրանք կարող են ծառայել մի քանի տարի, եթե ճանապարհները բարեկարգ լինեն, վարորդներն էլ՝ փորձառու: Նկատենք, սակայն, որ հատկապես Երեւանում գրեթե անհնար է գտնել մի ճանապարհ, որը վերանորոգվելուց հետո մեկ տարվա ընթացքում ճաքած կամ մկան ու կատվի խրամատի վերածված չլինի: Փոսերն այնքան շատ, մեծ ու խորն են, որ նույնիսկ փորձառու վարորդները ստիպված են լինում ընտրություն կատարել վատի ու վատագույնի միջեւ: Եթե բախտները բերի եւ մոտ 50 սմ խորությամբ փոսերի միջով անցնեն, ապա մեքենայի որոշ մասեր կծառայեն մեկ տարի: Իսկ եթե փոսերի խորությունը 73-85 սմ լինի, այս դեպքում արդեն վարորդը ստիպված կլինի գրեթե 6 ամիսը մեկ փոխել մեղմացուցիչը: Ավտոմեքենայի շարժամասերը վերանորոգող վարպետ Աշոտ Գրիգորյանը հավաստում է, որ ավելի հին արտադրության ռուսական մակնիշի շատ շահագործվող մեքենաներ տեխսպասարկումից օգտվում են անհամեմատ ավելի հաճախ՝ ամիսը երկու անգամ: Իսկ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաները նորմալ պայմաններում շահագործելու դեպքում տեխսպասարկման մասնագետներին դիմելու անհրաժեշտություն կարող է առաջանալ միջինը 3-4 տարին մեկ անգամ: Մինչդեռ վարորդները միջինը 4-5 ամիսը մեկ մեղմացուցիչը փոխելու խնդիր են ունենում: Ընդ որում, «Օպելի» մեղմացուցիչն արժե 45-60 դոլար, իսկ «Մերսեդես» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներինը՝ 60-600 դոլար: Ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող Գրիշա Հակոբյանը մի զարմացնող օրինակ բերեց. «Լինում է, որ Գերմանիայից 10 տարի շահագործված մեքենա են բերում, որի վրա դեռ գործարանային արտադրության մեղմացուցիչն է, մինչդեռ մեր ճանապարհներին այդ մեքենաների պահեստամասերը շարքից դուրս են գալիս 1 օրից 2 տարվա ընթացքում»: Իրենց փորձառու համարող վարորդները նույնպես հաստատում են ասվածը: Համեմատենք. 1988թ. գործարանները միայն Երեւան քաղաքի ասֆալտապատման համար թողարկել են 569 հազար տոննա ասֆալտբետոն: Վերջին տարիներին ասֆալտապատման մասին խոսելիս հայ պաշտոնյաները հիշատակում են քմ մակերես բառակապակցությունը: Իսկ մակերեսն այն սեւացրած հատվածներն են, որոնք 1-2 ամիս հետո սկսում են վերածվել քարակույտերի, ապա՝ փոսերի: Այդուհանդերձ, մի բան հստակ է. քանի դեռ վարորդներն իրենց կրած վնասները չեն վերածել ապացույցների եւ չեն բարձրաձայնել իրենց ոտնահարված իրավունքների մասին, նույնը կրկնվելու է ամեն տարի: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031