Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑԻՑ

Մայիս 16,2006 00:00

ՀԱՑԻՑ «ՏԱՌԱԿԱՆ, ԲԶԵԶ, ԲՈԼՏ ՈՒ ԳԱՅԿԱ» ԵՆ ՀԱՆՈՒՄ Իսկ Որակի տեսչությունը հացի որակի մասին միայն արտաքինից է դատում Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում ամեն առիթի դեպքում նախարարության պաշտոնյաները գլուխ են գովում, որ Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, որ մենք արդեն արժանի ենք՝ դուրս գալու համաշխարհային շուկա եւ այլն: Բայց եթե այդ միջազգային կազմակերպության մյուս անդամներն իմանային, թե մեր մարզերում ինչպես է իրականացվում սովորական հացի վաճառքը, հաստատ Հայաստանին կզրկեին իրենց հետ ոտք գցելու հնարավորությունից՝ մեզնից «քյար» ունենալով միայն անդամակցության համար վճարած 20 հազար դոլարը: Մեր երկրում որոշ գործարանների արտադրած հացը ոչ մի միջազգային չափանիշի չի համապատասխանում, իսկ մարզերում հացի արտադրումն ընդհանրապես բարձիթողի վիճակում է: Վերջին շրջանում Գյումրիի ու Մարալիկի խանութներում վաճառվող հացի միջից սպառողներն ինչ զզվելի առարկաներ ասես՝ որ չեն հանել, սկսած կենդանական աշխարհի ներկայացուցիչներից՝ ականջմտուկ, պապուկ, խավարասեր, մինչեւ բոլտ, ասեղ, «չուլ ու փալաս», ինչպես նաեւ երկաթե կտորներ: Գյումրեցիներից մեկը հաց ուտելիս նույնիսկ կոտրել է ատամը: Երբ գյումրեցիների բողոքը ներկայացրինք որակի տեսչություն, պետի տեղակալ Գեւորգ Գյոզալյանը պարզաբանեց՝ «մենք ստուգում ենք միայն պատրաստի արտադրանքը՝ այն համապատասխանո՞ւմ է տեխնինիկական կանոնակարգերի պահանջներին, թե՞ ոչ, իսկ արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական պրոցեսներին միջամտելու իրավունք չունենք»: Որակի տեսչության գործն ավելի պարզ պատկերացնելու համար նշենք, որ վերահսկող մարմնի մասնագետները տարին 1-2 անգամ պատահական այցելություններ են կատարում հացի խանութներ, որոնց ընթացքում ընդամենը վաճառքի հանված հացը վերցնում են, շուռումուռ տալիս, աչքաչափով էլ քաշն են ստուգում ու գնում, իսկ թե ինչ կա արտաքինից ախորժելի թվացող հացի մեջ՝ նրանց գործը չէ: Ըստ պարոն Գյոզալյանի, եթե տնտեսավարող սուբյեկտի սանիտարահիգիենիկ վիճակը նորմալ չէ, կա համապատասխան մարմին՝ Սանէպիդկայանը, որը լիարժեք իրավունք ունի արգելել տվյալ արտադրամասի արտադրանքի թողարկումը. «Մենք, բնականաբար, պարբերաբար ստուգումներ անցկացնում ենք, սակայն նույն տնտեսավարող սուբյեկտներում ֆիզիկապես հնարավոր չէ ամեն օր դա անել, մենք ընդամենը 55 տեսուչ ունենք, իսկ ամբողջ Շիրակի մարզում նրանք 2-ն են: Եվ հետո շատ հնարավոր է, որ ձեռնարկատերը մի շաբաթ լավ վիճակում պահի իր արտադրամասը եւ ոչինչ չհայտնաբերվի, մի գեղեցիկ օր էլ հացի մեջ ճիճու ու բզեզ ընկնի»,- պարզաբանեց Գ. Գյոզալյանը: Նրա ասելով՝ իրենք մի ամիս առաջ ստուգումներ անցկացրել են Ախուրյանի հացի գործարանում, վերցրել են համապատասխան փորձանմուշներ, հանձնել են լաբորատորիա եւ փորձարկման արդյունքները դրական են եղել, անվտանգության ցուցանիշների առումով կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել: Պարոն Գյոզալյանն ընդունում էր, որ «նման երեւույթն իսկապես մեր երկրին պատիվ չի բերում», ուստի նախապատրաստվում է եւս մի ստուգում անցկացնել Մարալիկում եւ Գյումրիում՝ այս անգամ գործը վստահելով ոչ թե Գյումրիի, այլ մայրաքաղաքի մասնագետներին: Իհարկե, պետք չէ կարծել, թե հենց Երեւանի մասնագետները գնան Շիրակի մարզ՝ հացի հետ կապված բոլոր խնդիրներն այնտեղ լուծվելու են, մայրաքաղաքում էլ վիճակը գրեթե նույնն է, բայց որակի տեսչությունը մատը մատին չի տալիս. հացը խանութներին մատակարարվում է բոլորովին այլ ապրանքների տեղափոխման համար նախատեսված բեռնատարներով, գազելներով, երբեմն ականատես ենք լինում, թե ինչպես է առաքողը «06»-ի թափքից կեղտոտ ձեռքերով հացը խանութի վաճառողներին փոխանցում: Բացի այդ, մեզ մոտ հացը գործարանից թողարկվելուց առաջ չի փաթեթավորվում, հացը չի համապատասխանում իր քաշին, չի մակնշվում, երբեմն միայն հացի խանութների վրա գրված է լինում՝ «N 6 հացի գործարան», մինչդեռ նույն խանութում վաճառվում է տարբեր գործարանների արտադրանք: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031