Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը

Մայիս 16,2006 00:00

Քոչարյանը հրաժարվեց… Վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի գործողությունները խիստ «թափանցիկ» են՝ այն առումով, որ շատ հասկանալի են դարձել նրա այս կամ այն քայլի շարժառիթները: Օրինակ, ճիշտ այն պահին, երբ Իլհամ Ալիեւը Վաշինգթոնում հանդիպում էր ԱՄՆ նախագահին, Քոչարյանը, «չգիտես ինչու», որոշեց հեռախոսով հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ինչ-ինչ հարցեր քննարկել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Կարծես հնարավոր չէր այդ նույն բանն անել երկու օր առաջ կամ երեք օր շուտ: Քիչ ավելի ուշ, երբ Արեւմտյան մի շարք երեւելի առաջնորդների, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի ղեկավարների մասնակցությամբ պետք է տեղի ունենար Վիլնյուսի ոչ անհայտ համաժողովը, Ռոբերտ Քոչարյանը «զբաղվածության» պատրվակով հրաժարվեց մեկնել Մերձբալթիկա, որտեղ «առաջին ձեռքից» գնահատականներ էին տրվելու ԱՊՀ տարածքում տիրող ժողովրդավարության իրական վիճակին, ինչպես նաեւ «այլընտրանքային» կարծիքներ էին հնչելու Պուտինի հասցեին: Կարճ ժամանակ անց, սակայն, պարզ դարձավ, որ «Հայաստան» հիմնադրամի ՀԽ նիստը, որին մասնակցելու անհրաժեշտությանը հղում անելով էլ Քոչարյանը խուսանավել էր, բոլորովին ժամանակային խոչընդոտներ չէր հարուցում: Վերը ասվածը, սակայն, ոչինչ է՝ համեմատած Ռ. Քոչարյանի «ամենաթարմ» հրաժարման հետ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հայտնել են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի մամլո ծառայությունից, ՀՀ ղեկավարը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի է ունենալու Փարիզում՝ մայիսի 26-ից 30-ը: Խոսելով հրաժարվելու պատճառների մասին՝ նախագահի մամլո քարտուղար Վ. Սողոմոնյանը վկայակոչել է նախագահի խիստ զբաղված լինելու հանգամանքը: Ըստ այդմ, «հիշյալ նստաշրջանի օրերին տարածաշրջան պետք է ժամանեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»: Նշվել է նաեւ, թե բացի այդ, տվյալ ժամանակահատվածը համընկնում է Հայաստանում տոնական օրերի հետ: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Պիեր Լելուշը Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին հրավիրել էր մասնակցել եւ ելույթ ունենալ Վեհաժողովի գարնանային նստաշրջանին: Բացի այդ, Լելուշն ավելի վաղ նշել էր, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովը ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Փաստորեն, արդեն կարելի է արձանագրել, որ ՆԱՏՕ-ի ԽՎ գործադրած առաջին եւ ամենաէական ջանքը՝ Փարիզում կայանալիք նիստի շրջանակներում նախագահների հնարավոր հանդիպման հարցը Ռ. Քոչարյանի «թեթեւ ձեռքով» տապալվել է: Ի դեպ, այս համատեքստում, մեղմ ասած, հետաքրքիր է դիտվում այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ի տարբերություն Քոչարյանի, ընդունել է ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանին մասնակցելու հրավերը: Եվ դա այն պարագայում, երբ համանախագահների տարածաշրջան կատարելիք (իբրեւ թե խիստ կարեւոր) այցը նույն չափով վերաբերում է նաեւ իրեն, իսկ ԽՎ նստաշրջանի ժամանակահատվածը ճշտորեն համընկնում է նաեւ Ադրբեջանում նշվող նույնարժեք տոնական օրերի հետ: Ասել կուզի՝ այս խուսանավման «ղարաբաղյան» ենթատեքստն ուղղակի «զռռում» է: Բայց որքա՞ն կհերիքի ձգձգման չեղած ռեսուրսը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել