Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌՆԵՏՆԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ ՕՐԻՆԱՉԱՓ ԷՐ

Մայիս 16,2006 00:00

ԱՌՆԵՏՆԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ ՕՐԻՆԱՉԱՓ ԷՐ «Օրինաց երկիր» կուսակցության շուրջ վերջին իրադարձությունների համատեքստում ծնվել է մի նոր քաղաքական անեկդոտ. մարդիկ միմյանց հիմա միայն մեկ հարց են տալիս. «Դու դուրս եկա՞ր»: Եվ երբ ստանում են դրական պատասխան, հարցը նորից են տալիս. «Որտեղի՞ց՝ պաշտոնի՞ց, թե՞ կուսակցությունից»: Եվ այսպես՝ կուսակցությունից դուրս եկածների մասին: «Օրինաց երկիր» կուսակցությունից հեռացածների մասին, մեղմ ասած, լավ բաներ չեն խոսում ոչ հասարակության ներսում, ոչ էլ քաղաքական շրջանակներում: Մարդիկ միմյանց զարմանքով հարցնում են. «Սերգո՞ն էլ դավաճանեց Արթուրին», կամ՝ «Էն Գեղարքունիքի մարզպետը մոռացա՞վ, որ առանց ՕԵԿ-ի ինքը ոչինչ էր»: Ուրիշներն էլ բոլորովին չեն զարմանում եւ հայտարարում են, որ դավաճանների վերջին հանգրվանը ոչ թե պաշտոնն է, որից նրանք կառչեցին, այլ՝ ամոթը: Սակայն առայժմ սեփական ամոթի եւ անհարմար զգալու մասին ոչ ոք հրապարակավ չի խոսում, ընդհակառակը՝ ՕԵԿ-ից դուրս եկածները փորձում են հաստատել պաշտպանության նախարարի հայտարարությունը: Այո, նրանց ոչ ոք չի վախեցրել, իրենք սեփական կամքով են դարձել դավաճաններ: Եվ նույնիսկ ՕԵԿ երբեմնի գործընկերները՝ նույն կոալիցիայից, պաշտոններից կառչածների մասին կարծիք հայտնելու փոխարեն ձեռքերն են թափահարում եւ ասում. «Տո լավ, է, դրանց մասին ի՞նչ ասենք»: Սակայն թերեւս հարկ կա հիշել բոլորին անուն առ անուն: ՕԵԿ-ին դավաճանեց մինչեւ վերջերս այդ կուսակցության փոխնախագահ եւ կուսակցության հիմնադիրներից մեկը՝ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը: Սակայն, ըստ ամենայնի, իր այդ քայլով Սերգո Երիցյանը չի պահպանում իր պաշտոնը, բայց մնում է պաշտոնյա: Որոշ ժամանակ անց նա կնշանակվի ՀՀ նախագահի խորհրդական: Քաղաքաշինության եւ մշակույթի նախարարների մասին ամեն ինչ ի սկզբանե էր հայտնի, վերջիններս անմիջապես լքեցին նավը: Քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանի քայլը եւս զարմանալի չէր: Հիշեցնենք, որ նրան մեկ անգամ արդեն հեռացրել էին կուսակցության վարչությունից՝ ԲԷՑ-երի սեփականաշնորհման քվեարկության ժամանակ կուսակցության դիրքորոշմանը հակառակ քվեարկելու համար: Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանի դավաճանությունը եւս օրինաչափ էր: Նա եւս առաջին անգամ չի դավաճանում: Դեռեւս 98-ին նորաստեղծ ՕԵԿ-ի երկու անդամներ մի գիշերվա մեջ դարձան երկրապահ: Եթե ընթերցողը մոռացել է նրանց անունները, հիշեցնենք. նույն ինքը՝ Ստեփան Բարսեղյան եւ Սերգո Երիցյան: Պաշտոնը փոխել են ընկերության հետ նաեւ էներգետիկայի փոխնախարար, ՄԱՊ-ի գործադիր տնօրեն Ալիկ Պետրոսյանի եղբայրը, Վայոց ձորի մարզպետ Սամվել Սարգսյանը: Կուսակցությունից դուրս եկածների մեջ է նաեւ նախկին հնչակ Մեխակ Մխիթարյանը, որը այստեղ-այնտեղ պատմում է այն մասին, որ ինքը հեռացել է կուսակցությունից, քանի որ իրեն հասկացրել են, թե կարող են խանգարել իր դատավոր կնոջ գործունեությանը: Ըստ մեր տեղեկությունների, նրանք՝ ովքեր դուրս են եկել կուսակցությունից իրենց պաշտոնները պահպանելու համար, դավաճանությունից երկու ժամ առաջ երդվել են կուսակցության նախագահի աշխատասենյակում, թե իրենք «….»-ի տղա (խնայելով ընթերցողին՝ այդ անվայելուչ բառը չենք գրում) կլինեն, եթե դուրս գան ՕԵԿ-ից: Սակայն կան նաեւ կարգին մարդիկ, ովքեր չեն դավաճանել իրենց կուսակցական ընկերներին եւ հավատարիմ են մնացել Արթուր Բաղդասարյանին: Այդպես են վարվել ՕԵԿ-ի գրեթե բոլոր փոխնախարարները՝ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Արայիկ Գրիգորյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծրունի Աղաջանյանը, տարածքային կառավարման փոխնախարար Գագիկ Ասլանյանը, առողջապահության փոխնախարար Արամայիս Ղուկասյանը: Խորհրդարանից՝ Պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, սոցիալական, բնապահպանության եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, Տավուշի փոխմարզպետ Վահե Վարդապետյանը, Շիրակի փոխմարզպետ Սուրիկ Սանոյանը, Արագածոտնի փոխմարզպետ Հրաչիկ Խաչատրյանը, Լոռու փոխմարզպետ Սամվել Գյուլբեկյանը: Ոմանք ՕԵԿ-ի հետ կատարվածի մասին կասկածներ են հայտնում, որ դա կարող է լավ կազմակերպված խաղ լինել իշխանական մակարդակով: ՕԵԿ-ից հայտնեցին. «Նրանց, ովքեր մտածում են, թե սա խաղ է, մաղթում ենք, որ նման խաղ խաղան նաեւ իրենց կուսակցությունների գլխին»: Ավելի վաղ ՕԵԿ եւ առայժմ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին մենք հարցրել էինք, թե ինքն ի՞նչ կարծիքի է իր դավաճան երբեմնի ընկերների եւ նրանց քայլի մասին: Պատասխանել էր. «Զուտ մարդկայնորեն դա մեծ ողբերգություն է, նրանք կորցրին նորմալ, մարդկային նկարագիրը: Աստված իրենց հետ: Իսկ քաղաքական առումով մենք մեր գործը շարունակելու ենք եւ վճռական ենք տրամադրված»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031