«Ազգային
պատկերասրահ» ամենամյա երաժշտական փառատոնի շրջանակներում մայիսի 17-ին կհնչի մեզանում
ոչ հաճախ կատարվող Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը եւ անվանի կոմպոզիտորին
կհանձնվի Թեքեյան մշակութային միության սահմանած մրցանակը: Ինչպես «Առավոտին»
տեղեկացրեց միության փոխնախագահ Սերգեյ Գալստյանը, «ամփոփելով մեր 2005թ. 9 անվանակարգերի
թեկնածուների գործունեությունը, փետրվարի 4-ին հնչեցրել էինք, որ երաժշտության անվանակարգում
մրցանակը շնորհվում է Տիգրան Մանսուրյանին: Այդ ժամանակահատվածում նա Ամերիկայում
էր եւ հայտարարեցինք, որ մրցանակը կհանձնենք պատեհ պահին»: «Առավոտի» որոնումները՝
գտնել անվանի կոմպոզիտորի մասին հրատարակված բուկլետ կամ երաժշտագիտական նյութ, այդպես
էլ ապարդյուն անցան: Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին «Հայաստան», «Հայպետհրատ»
հրատարակչությունները հրատարակում էին անվանի արվեստագետներին նվիրված բուկլետներ:
Մանսուրյանի դեպքում մենք գտանք 1983թ. բուկլետ՝ կազմված «Հայպետկինոյի» ինֆորմացիոն-ռեկլամային
բաժնի կողմից, որում անդրադարձ էր կատարված կոմպոզիտորի միայն կինոերաժշտությանը:
Պետկոնսերվատորիայի կողմից 1996թ. հրատարակված է նաեւ «Հայ երաժշտության պատմություն»
ուսումնական ձեռնարկը, որում ի թիվս անվանի այլ կոմպոզիտորների, տեղ է գտել նաեւ
Տ. Մանսուրյանը: Մինչդեռ Եվրոպայում երաժշտագետներն ու քննադատները «հանգիստ չեն
տալիս» հայ կոմպոզիտորին, ոչ միայն ներկայացնելով նրա ստեղծագործական դիմանկարը,
այլեւ առանձին հոդվածներով վերլուծելով մանսուրյանական բազմաժանր երաժշտությունը:
Հանդիպեցինք արվեստագիտության թեկնածու Մհեր Նավոյանին, խնդրելով ընթերցողների
լայն շրջանակներին ներկայացնել սիրված կոմպոզիտորի ստեղծագործական դիմանկարից շտրիխներ:
Երաժշտագետը նախ նշեց, որ դժվար է մի քանի տողով ամփոփել Մանսուրյան բազմաշերտ ստեղծագործողի
հիմնավոր ժառանգությունը, մանավանդ որ վերջինս այսօր էլ զարգացման սկզբունքային հուներ
է փոխում, բոլորովին նոր կողմերով ներկայանալով մեզ եւ աշխարհին: «20-րդ դարի երկրորդ
կեսի կոմպոզիտորի երաժշտական ժառանգությունը մի կողմից արտացոլում է ժամանակաշրջանի
համարյա բոլոր առանցքային, ոճական ուղղությունները, մյուս կողմից՝ իր հիմքով ու ներքին
տրամադրությամբ, իրեն սնուցող ակունքներով հայկական երեւույթ է»,- ասաց Մ. Նավոյանը:
Մանրամասնելով, նա հայտնեց, որ խոսքը սինթետիկ երեւույթի մասին չէ, այլ 20-րդ դարի
հայ մարդու՝ աշխարհին դեմքով կանգնելու ստեղծագործ կեցվածքի մասին: «Կոմպոզիտորի
երաժշտությունը, որ կարելի է բաժանել շերտերի ու ոճերի, ունի հստակ եզրեր՝ բավարարելու
եւ ընդունված լինելու հասարակության գրեթե բոլոր խավերի կողմից: Մի կողմից ակնհայտ
է, որ լայն հասարակությունը ջերմորեն սիրում է նրա կինոերաժշտությունը, մյուս կողմից,
նույնքան ճշմարիտ է, որ ակադեմիկ երաժշտության սիրահարները 20-րդ դարի երկրորդ կեսի
հայ երաժշտության մեջ եթե փնտրելու լինեն հոգեբանացման, ինտելեկտուալ խոկումների,
հնչական արտացոլանքների, ապա անշրջանցելիորեն հանգելու են կամ Մանսուրյանի, կամ նաեւ
Մանսուրյանի երաժշտությանը»,- ասաց երաժշտագետը: Մեր դիտարկմանը՝ արդյո՞ք
Մանսուրյան երեւույթը գոյություն ունի շնորհիվ հայ հոգեւոր ակունքներից սնվելու իր
մշտական «հակվածության», Մհեր Նավոյանը պատասխանեց. «Արվեստի մեծ երեւույթների գաղտնիքը
դեռ ոչ մեկին չի հաջողվել բացահայտել կամ վերծանել: Այո, Մանսուրյանը օրգանապես կապված
է մեր հոգեւոր ակունքներին, բայց նա նույնքան ներդաշնակորեն կարողացել է համաձուլվել
համաշխարհային իրողություններին»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ