Որպեսզի ապահովի հանրապետական կուսակցության անդամ, ԵՊՀ նախկին պրոռեկտոր, ռեկտորի թեկնածու Արամ Սիմոնյանին անհրաժեշտ ձայները:
Կառավարության մայիսի 11-ի որոշմամբ, ԵՊՀ խորհրդի կազմից դուրս եկան միանգամից 7 անդամներ եւ փոխարինվեցին այլ անձանցով: Եվ դուրս եկողների մեծ մասը, հետաքրքիր «զուգադիպությամբ», այն մարդիկ են, ովքեր, ըստ տարածված լուրերի, պետք է քվեարկեին մյուս թեկնածուի՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի օգտին: Նույնիսկ գործից անտեղյակ մարդը, այս ցուցակի պաշտոններին նայելով, ամեն ինչ կկռահի: Այսպես՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին փոխարինել է ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Մհերյանը, ԵՊՀ շրջանավարտների միության նախագահ Արսեն Քարամյանը դուրս է եկել կառավարության ցուցակից՝ ընդգրկվելով նախարարության առաջադրած անդամների շարքում՝ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանի փոխարեն, իսկ կառավարության ցուցակի նրա տեղը զբաղեցրել է կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ Սիմոն Ղոնախչյանը: ԳԱԱ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գեւորգ Պողոսյանի փոխարեն ԵՊՀ կազմ է մտել «Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնի» գործադիր տնօրեն Էվելինա Վարդանյանը, Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին եկել է փոխարինելու ԱԺ պատգամավոր Արարատ Մալխասյանը, Ալեքսան Հարությունյանին՝ «Համահայկական երիտասարդական կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սինանյանը, Լեւոն Անանյանին՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Սակայն սա դեռ ամենը չէ: Խորհրդի ուսանողական կազմից վերջին օրերին՝ պետական քննությունները դեռ չհանձնած, բանակ է ուղարկվել Ստեփան Ենոքյանը եւ կազմում նրան փոխարինելու է եկել կենսաբանության ֆակուլտետի ուսանող Վահագն Վարագյանը:
Խորհրդի կազմում կատարված փոփոխությունների մասին խորհրդի անդամ, ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը ասում է. «Ես մանրամասներին ծանոթ չեմ, նախորդ նիստերին չեմ մասնակցել, Երեւանում չեմ եղել, մտածում եմ՝ միգուցե արժեր հրաժարվել՝ խորհրդի աշխատանքները չխափանելու համար, կարծում եմ՝ մյուսներն էլ որոշակի պատճառներ եւ հիմնավորումներ ունեցել են: Որեւէ բան չեմ տեսել, որ կարող էր կասկածի տեղիք տալ»: Փաստորեն, Տ. Թորոսյանը մտադրություն ունի դուրս գալու խորհրդի կազմից, բայց ռեկտորի ընտրություններից առաջ, այնուամենայնիվ, դուրս չեկավ: Իսկ ինչո՞ւ մյուսներն անհապաղ որոշեցին դուրս գալ: Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում Գ. Ղազինյանը հավաքել էր 36, իսկ Ա. Սիմոնյանը՝ 20 ձայն: Այս անգամ՝ համապատասխանաբար՝ 24-41: Ձայների նման տատանումը Տիգրան Թորոսյանը բացատրում է այսպես. «Այդ թվերը որ իրար վրա բաժանենք, ինչ-որ մի գործակից կստանանք…»: Արամ Սիմոնյանը մեզ հետ զրույցում պնդում էր, որ անազնիվ տեխնոլոգիաներ չեն կիրառվել. «Այն, ինչ ասում են, որ դա կապ ունի ինչ-որ լծակների հետ, ես անկեղծ դա համարում եմ ոչ կոռեկտ խոսակցություն, որովհետեւ լծակների խնդիր այստեղ չի կարող լինել, սա ընդամենը… դժվարանում եմ ասել՝ ինչի հետ է կապված, գուցե նաեւ՝ հավակնորդների ծրագրերին ավելի լավ ծանոթանալու հետեւանքով»: Միաժամանակ պրն Սիմոնյանը ասում է, որ լուրջ փոփոխություններ ծրագրերում չեն եղել. «Լուրջ փոփոխություններ չկային, բայց փոփոխություններ կային: Եվ խնդիրը միայն դա չէ: Խնդիրն ավելի շատ… ես կարծում եմ՝ այդտեղ դեր են խաղացել այն հարցազրույցները, որոնք մամուլում եղան»: Խոսքը հավանաբար մամուլում Գ. Ղազինյանի արտահայտած այն կարծիքի մասին էր, ըստ որի՝ նախորդ ընտրություններում հաշվիչ հանձնաժողովը լուրջ չի վերաբերվել որոշիչ ձայնի նկատմամբ, եւ մի շեղ գծի պատճառով քվեաթերթիկը անվավեր է ճանաչվել: Այս մասին խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ասում է. «Անցյալ անգամ հաշվիչ հանձնաժողովի անդամներն ասացին, որ իրենք իրենց կյանքում նման ընտրություններ չէին տեսել, բայց, ցավոք սրտի, հետագայում մամուլում այլ ինֆորմացիա տպագրվեց, ինչը պատիվ չի բերում որեւէ մեկին»: Խորհրդի կազմում կատարված փոփոխությունների մասին Ս. Սարգսյանն ասում է. «Այդ փոփոխությունները ամբողջովին համապատասխանում են օրենքին, եւ այստեղ հարցերն ավելորդ են, որովհետեւ նրանք, ովքեր ներկայացնում են (տվյալ դեպքում՝ կառավարությունը- Հ. Բ.), իրավունք ունեն ցանկացած պահի փոփոխություններ կատարել»:
Ինչ վերաբերում է խորհրդի կազմից հեռացված ուսանող Ստեփան Ենոքյանին, ապա նա սովորել է առանց տարկետման իրավունքի հատկացված տեղերում, սակայն քանի որ ունեցել է սրտի արատ, բանակից ազատված է եղել: Սակայն այս ընթացքում հանկարծ որոշվել է վերանայել նրա առողջական վիճակն ու փաստաթղթերը, եւ պարզվել է հետեւյալը: Ներկայացնենք այս առիթով տրված տարբեր պարզաբանումներ, որոնք միանման չէին: Սերժ Սարգսյան. «Առողջության հետ կապված խնդիրներ ուներ Ենոքյանը: Այս անգամ էլ անցավ 3 փորձաքննություն՝ Կարդիոլոգիայի ինստիտուտում, Ախտորոշման կենտրոնում եւ «Արմենիա» բժշկական կենտրոնում: Եզրակացությունն այնպիսին էր, որ Ենոքյանն ունի սահմանափակ առողջություն, բայց այդ սահմանափակ առողջությունը հնարավորություն չի տալիս բանակից ազատվելու, ոչ պիտանի ճանաչվելու համար»: ԵՊՀ խորհրդի քարտուղար Դավիթ Հայրապետյան. «Պաշտպանության նախարարությունում բժշկական փաստաթղթերի ստուգում է սկսվել, հրավիրվել է Ստեփան Ենոքյանը, ստուգվել են փաստաթղթերը, առողջական վիճակը, պարզվել է, որ փաստաթղթերը չեն համապատասխանում իրականությանը, նա առողջ է եղել»: Արամ Սիմոնյան. «Ինչքան որ ես գիտեմ, սրտի պրոբլեմներ նա այլեւս չունի: Հնարավոր է՝ փաստաթղթերը նախկինում եղել են ճիշտ, բայց ինչքան որ ես եմ տեղեկացված, մանրազնին բժշկական հետազոտություններից հետո պարզվել է, որ լիովին առողջ է»:
Գագիկ Ղազինյանը երեկ սահմանափակվեց հետեւյալ մեկնաբանությամբ. «Ընտրությունները կատարվեցին, խորհուրդը ընտրեց, ես էլ ենթարկվում եմ խորհրդի որոշմանը»:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ