Այս
կարծիքին են ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի գործիչներն այն տարաձայնությունների վերաբերյալ, որոնք
ՕԵԿ նախագահը ներկայացրեց իբրեւ դրդապատճառ՝ կոալիցիայից դուրս գալու համար: Մայիսի
12-ի ասուլիսում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, թե ՕԵԿ-ը կոալիցիոն իր գործընկերների
հետ ուներ ներքաղաքական կամ սոցիալ-տնտեսական խնդիրների, ժողովրդավարական բարեփոխումների
խորացման (ներկայացված պարզաբանումներից ակնհայտ դարձավ, որ խոսքը սահմանադրական
բարեփոխումների մասին է) եւ արտաքին քաղաքական բնույթի հիմնահարցերի շուրջ տարաձայնություններ:
Արդյոք դրանցից որեւէ մեկի շուրջ հենց այս ժամանակահատվածո՞ւմ էին այնքան խորացել
հակասությունները, որ այլեւս հնարավոր չէր «աշխատել միասին»: ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել
Նիկոյանն այս հարցադրմանն ի պատասխան ասաց. «Կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ
թվարկված դրդապատճառներից եւ ոչ մեկը, կարծում եմ, նորություն չէր: Ասենք, եղել է
մի տարի, որ ՕԵԿ-ի ջանքերով կոալիցիան չի հաստատել մասնավորեցման ծրագրի կատարման
հաշվետվությունը: Այսինքն՝ մենք ունեցել ենք ավելի վատթար տարբերակ: Ինչ վերաբերում
է եվրաինտեգրման խնդիրներում տարբերակված մոտեցմանը՝ հիշեցնեմ, որ մեր պետության
արտաքին քաղաքականության գերակայություններից է եվրաինտեգրումը: Թերեւս միակ տարբերությունն
այն է, որ մեր օրակարգում չկա ՆԱՏՕ-ին անդամակցության խնդիր: Տարաձայնությունների
շուրջ հնչած մնացած փաստարկները չեն կարող համարվել նորություն: Դրանցից որեւէ մեկը
չի կարող պատճառ լինել: Թերեւս այդքանը գումարվել են իրար, եւ եղել են նաեւ այլ գործոններ:
Դեռեւս չեն ներկայացվել ամբողջական դրդապատճառները»: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն
էլ «Ազատություն» ռ/կ-ին այսպես է մեկնաբանել կոալիցիայից դուրս գալու ՕԵԿ որոշումը,
թե այն նախընտրական արշավը շատ ավելի շուտ սկսելու ցանկության հետեւանք է. «Մեր հուշագրով,
եթե արտաքին կամ ներքին քաղաքականությունում տարաձայնություններ կան կուսակցությունների
միջեւ, առաջին հերթին, դրանք պետք է քննարկենք կոալիցիայում, այլ ոչ թե իմանանք թերթերից»:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ՕԵԿ նախագահի ներկայացրած
դրդապատճառների առնչությամբ ասաց. «Կարծում եմ, դա ամբողջական ցանկ չէ: Ճիշտ կլիներ,
որ Արթուր Բաղդասարյանն ամբողջական ներկայացներ այդ տարաձայնությունները, որից հետո
էլ կկարողանայինք գնահատականներ տալ: Հնարավոր եմ համարում, որ ժամանակի ընթացքում
փոփոխություններ կրի այդ ցանկը»: Հավելենք, որ «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտնել է. «Մեզ հետ առանձնակի տարաձայնություններ
չեմ նկատել: Ամեն դեպքում, տարաձայնությունների մասին խոսակցությունն այսօր ոչ այնքան
հիմնավորված է: Հնարավոր է՝ ՕԵԿ-ը ծրագրում է հիմնավորել, բայց լուրջ հիմնավորումներ
ես դեռ չեմ լսել»: Նկատենք, որ ՀՅԴ գործիչները ՕԵԿ-ի շուրջ ծավալվող գործընթացների
շուրջ գնահատականներ են հայտնում միայն վերջին օրերին, այն էլ՝ չկամությամբ: 2-3
օր շարունակ դաշնակցականները միասնաբար չէին մեկնաբանում ՕԵԿ-ից «առնետավազքը»: Պատճառների
վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ Արմեն Ռուստամյանն ասաց. «Դաշնակցությունն ինչպես
ամեն իրադարձության, այնպես էլ իրավիճակի գնահատական տալը կամ չտալը կատարում է խիստ
սահմանված կարգով: Եվ հենց դրանով էլ մենք համարվում ենք այս երկրում թերեւս ամենակայացած
ու լուրջ կուսակցություններից մեկը: Չի կարելի հընթացս, երբ իրադարձությունները դեռ
ընթացքի մեջ են՝ տալ ամբողջական գնահատականներ»: Չհամաձայնեց մեր նկատառմանը, թե
հիմա արդեն ՕԵԿ-ին առնչվող գործընթացներն ավարտվել են. «Ոչ, ես կարծում եմ՝ դեռ կշարունակվեն»:
Արմեն Ռուստամյանը չհամաձայնեց նաեւ «առնետավազք» բնորոշմանը. «Չեմ ուզում մեր գործընկերներին
վիրավորել եւ այս պարագայում չեմ ուզում օգտագործել այդպիսի տերմիններ»: Այսինքն՝
հնարավոր է համարում, որ այդ պատգամավորները գաղափարական ինչ-ինչ պատճառներո՞վ են
դուրս եկել ՕԵԿ-ից. «Շատ հնարավոր է, քանի որ այնտեղ շատ լուրջ մարդիկ կան: Չեմ կարծում,
թե այդ պրիմիտիվ որակումներով կարելի կլինի գնահատել իրենց արարքը: Շատ տրամաբանական
եմ համարում, որ այն, ինչ տեղի ունեցավ ու լայնորեն քննարկվեց հասարակության մեջ՝
հուզում էր նաեւ այդ անձանց, քանի որ ուղղակիորեն կապված էր նաեւ իրենց դիրքորոշումների,
տեղի եւ դերի ճշտման հետ: Եվ նրանք իրենց պատկերացումներին համապատասխան են ճշտել
այդ տեղն ու դերը»: Հետաքրքրվեցինք՝ երբեւէ լսե՞լ է, որ դուրս եկած 10 գործարարներից
որեւէ մեկը խորհրդարանում հանդես եկած լինի գաղափարական կամ ծրագրային ինչ-որ դիրքորոշմամբ,
եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց. «Այդպիսի խիստ գնահատումներով շատ
քիչ կարելի է ասել, թե ովքեր են հանդես եկել: Դա դեռ չի նշանակում, թե հանդես չեկածները
չունեն որեւէ պատկերացում այդ ամենի մասին»: Դարձյալ մեջբերենք Վահան Հովհան
նիսյանին, որը նշել էր, թե կատարվածն ապացույց է, որ քաղաքական ուժը պիտի ճիշտ հաշվարկի
իր հնարավորությունները. «Քանի որ եթե խորհրդարանում մեծամասնություն գրավելու համար
քո խմբակցություն ես ներգրավում մարդկանց, ովքեր գաղափարապես քեզ չեն պատկանում,
ապա վաղ թե ուշ բախվում ես նման իրավիճակի»: Նկատենք, որ ՀՅԴ խմբակցության 11 անդամներից
4-ն էլ են գաղափարապես նրանց չպատկանող պատգամավորներ: Իսկ ՕԵԿ խմբակցության
ղեկավար Սամվել Բալասանյանը, որին շուտով այս պաշտոնում կփոխարինի Արթուր Բաղդասարյանը,
կոալիցիոն նախկին գործընկերների նկատառմանը, թե հիմնավորումներն ամբողջական չեն՝
այսպես արձագանքեց. «Հիմնականում պատճառներն այն են, ինչ թվարկեց պրն Բաղդասարյանը:
Եվ վերջին խնդիրն էլ մասնավորեցման ծրագրի հաշվետվությանն առնչվող զարգացումներն
էին: Դրանից ավելի տարաձայնություններ չկան: Եվ հավաստի չեն այլ մեկնաբանությունները»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. ՀՅԴ խմբակցությունը
պետք է երեկ քննարկեր ստեղծված վիճակը, սակայն քանի որ խմբակցության ղեկավար Լեւոն
Մկրտչյանը ԵՊՀ խորհրդի անդամ է եւ մասնակցում էր ռեկտորի ընտրությանը՝ նիստը հետաձգվեց:
Իսկ ՀՀԿ խորհուրդը դեռ մայիսի 13-ին էր նիստ գումարել, որի ընթացքում միաձայն վերահաստատվեց
ՀՅԴ-ի հետ միասին 2003-ին ստորագրված հուշագրով նախատեսված նպատակների իրականացման
շրջանակներում աշխատանքները շարունակելու վերաբերյալ կոալիցիայի ընդունած որոշումը: