Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՓԱՆԻԿՅԱՆԸ՝

Մայիս 13,2006 00:00

ՓԱՆԻԿՅԱՆԸ՝ «ԲԻՏԱ» Հայաստանի Ռեգբիի ֆեդերացիան այսուհետ կունենա ոչ թե մեկ, այլ երկու նախագահ Մայիսի 11-ին տեղի ունեցավ Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի (ՀՌՖ) հանդիսավոր նիստը, որը միաձայն որոշեց՝ Ֆրանսիայում ՀՌՖ-ն պետք է ղեկավարի Րաֆֆի Երամյանը, իսկ Հայաստանում՝ Յուրա Բեգլարյանը: Վերջինս «Հավաքական թիմերի մարզական կենտրոնի» տնօրենն է: Այս ընտրությունը ֆրանսիական կողմի սրտով էր, քանի որ ՀՌՖ-ի նախկին նախագահ Գագիկ Փանիկյանի աշխատանքից ֆրանսիական կողմը, մեղմ ասած, գոհ չէր: Հենց ֆրանսիական կողմի առաջարկն էր, որ Փանիկյանի փոխարեն ֆեդերացիայի նախագահ ընտրվի Յուրա Բեգլարյանը: Յ. Բեգլարյանն իր խոսքում նշեց, որ ֆեդերացիայի աշխատանքը լինելու է պարզ ու թափանցիկ. «Կա մեծ ուժ, մնում է ոտքի կանգնեցնենք ռեգբին Հայաստանում: Դրա համար աշխատելու ենք բաց: Յուրաքանչյուր խաղացող իրավունք ունի տեղեկանալ, թե ինչ է կատարվում ֆեդերացիայում»: Նիստին Գ. Փանիկյանը չկար: Փոխարենը ներկա էր Գագիկ Փանիկյանի «աջ ձեռքը»՝ ՀՌՖ փոխնախագահ Պետրոս Ասլանյանը: Վերջինս, շուրջ մեկ ամիս առաջ, իր նախագահի «թասիբը» պահելու համար մամլո ասուլիս էր հրավիրել՝ հերքելու մամուլում շրջանառվող այն լուրը, թե Գ. Փանիկյանը Ֆրանսիայի ՀՌՖ-ի ուղարկած գումարներով մեկնել է ԱՄՆ եւ բացատրություն չի տվել, թե ինչի վրա են ծախսվել ռեգբիի զարգացմանն ուղղված գումարները: Դեռ այն ժամանակ Պետրոս Ասլանյանը կտրականապես հերքում էր Յ. Բեգլարյանի՝ ֆեդերացիայի նախագահ դառնալու լուրը՝ ասելով. «Յուրա Բեգլարյանը սպորտդպրոցի տնօրեն է, ըմբշամարտիկ է եւ ռեգբիի հետ կապ չունի»: Սակայն մայիսի 11-ի նիստից հետո Պ. Ասլանյանը մեր հարցադրմանը նախկին հայտարարության առնչությամբ պատասխանեց. «Կապ չուներ, հիմա էլ՝ ունի: Քոչարյանն էլ պրեզիդենտ չէր, հիմա պրեզիդենտ ա: Ով ինչ ասել ու արել ա, ներվում, ջնջվում ա: Բեգլարյանը ինձ ընկեր ա»: Այս առիթով Յ. Բեգլարյանը «Առավոտին» պատասխանեց. «Թե ով ինչ գումար է վերցրել՝ ինձ չի վերաբերում: Ես դրա հետ գործ չունեմ: Փանիկյանը հո փախած չի՞: Բուժվում է, երբ գա, ծախսված գումարների մասին հաշվետվություն կտա»: ՀՌՖ-ի մենեջեր Պատրիկ Ուտամյանն իր խոսքում նշեց. «Մինչ այս, ինչ արվել է Հայաստանում ռեգբին զարգացնելու ուղղությամբ, մեզ այդքան էլ չի գոհացրել: Այսօր արդեն դրվեցին այս մարզաձեւի զարգացման նոր հիմքերը: Նպատակ ունենք այն զարգացնել մեր հայրենիքում: Հույս ունեմ, որ Յ. Բեգլարյանի հետ մեր համատեղ աշխատանքի արդյունքում լուրջ հաջողություններ կարձանագրենք»: ՀՌՖ-ի ֆրանսիական կողմի նախագահ Րաֆֆի Երամյանի տեղեկացմամբ՝ շուտով Հայաստան կայցելեն ռեգբիի պրոֆեսիոնալ մարզիչներ, որոնք հայաստանցի մարզիկների հետ կկատարեն փորձի փոխանակում: Բացի այդ, 15-17 տարեկան պատանիներից կձեւավորվեն չորս թիմեր: Լավագույն մարզիկները հնարավորություն կունենան Եվրոպայում ներկայացնել Հայաստանի հավաքականը: Անդրադառնալով մայիսի 13-ին Աբովյան քաղաքի մարզադաշտում կայանալիք Հայաստան-Սլովենիա խաղին՝ Ր. Երամյանը հույս հայտնեց. «Մայր հողի վրա, անշուշտ, պետք է հաղթի Հայաստանի թիմը: Եվ այս հաղթանակները չպետք է դադարեն այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությունում չեմպիոն չդառնա»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել