Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՇՎԵԴՆԵՐԸ

Մայիս 13,2006 00:00

ՇՎԵԴՆԵՐԸ «ԹԵՐԹԱՅԻՆ» ԱԶԳ ԵՆ Հիսուն հազարից մի փոքր ավելի բնակչություն ունեցող Կալմար քաղաքում, որը համարվում է Շվեդիայի 21 լեներից (մարզերից) մեկի՝ Սմոլանդի մունիցիպալ կենտրոնը, գործում է երկու օրաթերթ՝ «Բարոմետրը»՝ 44 հազար տպաքանակով, որը տպագրվում է 1880 թվականից, եւ «Օստրանը»՝ համեմատաբար երիտասարդ թերթ (1980թ.), որը հասցրել է ավելի քան 20 հազար տպաքանակ ապահովել: Երկու թերթերն էլ, բացի հիմնական հրատարակությունից, ունեն «մասնաճյուղային» թերթեր, որոնք տպագրվում են նույն տարածաշրջանի մեծությամբ երկրորդ քաղաքում, եւ դրանց նյութերի հիմնական մասը հենց այդ փոքրիկ քաղաքից է, իսկ մնացած մասը՝ հիմնական թերթերի արտատպությունն է: Կալմարում գտնվող ԱՊՀ երկրների ժուռնալիստներս այցելեցինք ավելի քան 80 աշխատակից ունեցող «Բարոմետրի» խմբագրություն, որը քաղաքի կենտրոնում գտնվող եռահարկ մի շենքի սեփականատերն է: Ամեն օր 32 էջով (ուրբաթ եւ շաբաթ օրերին դրանց են գումարվում նաեւ 8-10 էջանոց թեմատիկ ներդիրները) թողարկվող թերթում գործում է լրատվական, սպորտային, քաղաքական-խմբագրական, գովազդային, ընտանեկան եւ այլ բաժիններ: Քաղաքական բաժինը, որում տեղ են գտնում թերթի գաղափարախոսությունն արտացոլող խմբագրական նյութերը, տեղավորված են թերթի երկրորդ էջում, եւ այդ բաժնի խմբագրությունը լրիվ տարանջատված է լուրերի բաժնից: Խմբագրությունից առանձին է գործում նաեւ գովազդային բաժինը, եւ լրագրողները երբեւէ տեղյակ չեն լինում, թե ի՞նչ գովազդ է իրենց թերթի վաղվա համարում գնալու, ովքե՞ր են գովազդատուները եւ այլն: Ընտանեկան բաժնում, որի պատրաստած նյութերը զբաղեցնում են երեք-չորս էջ, տպագրվում են Կալմարում կամ հարակից քաղաքիկներում նոր ծնված երեխաների եւ նրանց երջանիկ ծնողների լուսանկարները՝ մակագրություններով, որոնցում նշված են երեխայի տվյալները: Ասենք, այսպես. «Մաթս եւ Սիլվիա Սվենսենները երջանիկ են տեղեկացնել, որ իրենց ընտանիքում համալրում կա. ծնվել է Մաթիլդան, 3 կգ 200գ քաշով եւ 51սմ հասակով»: Ու այդպես շարունակ, իսկ անմիջապես տակը կամ կողքի էջում՝ մահազդներ են: Նույն էջում կարող են տպագրվել նաեւ հոբելյար երեխաների լուսանկարներ՝ շնորհավորանքներով: Կյանքի ու մահվան այս համատեղումը մի քիչ անսովոր է, բայց շվեդները կյանքին այնքան թեթեւ եւ փիլիսոփայաբար են մոտենում, որ ոչ մի արտառոց բան դրանում իրենք անձամբ չեն տեսնում: Լրատվական բաժնում մեզ պատմեցին, որ լրագրողների աշխատանքն այնտեղ սկսվում է առավոտյան ժամը 8-ից: Գրում են հիմնականում տարածաշրջանային նշանակության հոդվածներ: Ասենք՝ Կալմարի համալսարանում պրոֆեսորի եւ ադմինիստրատիվ աշխատողի միջեւ վիճաբանություն է եղել էկոլոգիական ինչ-որ խնդրի հետ կապված: Կամ քննարկում են մարզի բյուջեն, ու դժգոհում, թե ինչո՞ւ է քաղաքի այս հատվածի սանմաքրման համար այսքան գումար հատկացված, իսկ այն հատվածի համար՝ մի քանի հազար կրոնով ավելի: Շվեդիայում ընդհանրապես բացառված է, որ չինովնիկը հրաժարվի հարցազրույցից: Դա նրա վրա շատ թանկ կնստի: Բացառված է նաեւ որեւէ կողմից որեւէ ճնշում: Մի անգամ, օրինակ, «Բարոմետրում» նամակ են ստացել, որում դժգոհություն է եղել ինչ-որ նյութի մատուցումից, հաջորդ օրն իսկ թերթում հայտնվել է հոդված՝ «Մունիցիպալ խորհուրդը մեզ ճնշելու փորձ է անում» վերնագրով: 2-3 տարին մեկ անգամ թերթը սոցհարցում է պատվիրում իր ընթերցողների շրջանակում, որպեսզի իմանա, թե ի՞նչն է նրանց հետաքրքրում: Ամեն անգամ համոզվում են, որ ամենակարդացվող հատվածը հենց մահազդներն ու երեխաների ծննդյան մասին լուրերն են: Ընդհանրապես լրագրությունը Շվեդիայում հարգված մասնագիտություն է: Յուրաքանչյուր տարի այս երկրում լրագրության ֆակուլտետներն են ավարտում մոտ 1000 երիտասարդ, սակայն աշխատանք են գտնում 200-ը: Լրագրողներն առանձնապես բարձր չեն վարձատրվում, մոտ՝ 25 հազար կրոն, որը կազմում է $3000-ից մի քիչ ավելի՝ հարկերը հետը, իսկ հարկերը Շվեդիայում բավականին բարձր են: Հարկերը մուծելուց հետո մնացած գումարով Շվեդիայի նման թանկ երկրում առանձնապես շքեղ կյանքով չես ապրի: Շվեդական թերթերն ընդհանրապես թերթի հետ նվերներ (CD, գիրք կամ որեւէ այլ բան) անելու պրակտիկա չունեն, եւ առանձնապես իրենց չեն կոտորում ընթերցող գրավելու համար, քանի որ այս երկրում առանց այդ էլ կարդում են: Շվեդիան համարվում է ավելի շատ թերթային, քան՝ հեռուստատեսային երկիր: 15-79 տարեկան բնակչության 88%-ը թերթ է կարդում, ընդ որում՝ 15-ից 24 տարեկանների 77%-ը կարդում է աշխատանքային օրերին՝ առավոտյան: Ի դեպ, առավոտյան թերթերը կրպակներում հայտնվում են ժամը 6-ից: Կան ոչ միայն առավոտյան, այլեւ՝ երեկոյան թերթեր, որոնք համարվում են ավելի թեթեւ, սակայն անհամեմատելի են, ասենք, անգլիական դեղին մամուլի հետ: Մեզ ասացին, որ երեկոյան թերթերից մեկի քաղաքական մեկնաբանը համարվում է Շվեդիայի լավագույն լրագրողներից մեկը: Երեկոյան թերթերի տպաքանակն ավելի բարձր է, քան՝ առավոտյաններինը: Օրինակ, «Aftwnbladent»-ը, որի պատմությունը սկսվում է 19-րդ դարից, տպագրվում է 420 հազար տպաքանակով, իսկ նրա մրցակից «Express»-ը՝ 340 հազարով: Համեմատության համար նշենք, որ ամենամեծ համապետական թերթը՝ 1860 թ.-ից գործող «Svenska Daybladet»-ը այսօր տպագրվում է ընդամենը 160 հազար օրինակով: Այն բանից հետո, ինչ տասը տարի առաջ թերթը որոշեց փոփոխել իր արտաքին տեսքը, կանգնեց կրախի առջեւ.180 հազարից տպաքանակը կտրուկ իջավ 110-ի: Հետագայում թերթը գնեց մի հայտնի նորվեգական մեդիակոնցեռն ու այն կրկին ոտքի կանգնեց: Կան նաեւ անվճար թերթեր, մասնավորապես՝ համաեվրոպական «Metro»-ն: Սրանց հանդեպ վերաբերմունքը տարբեր է. մի մասն ասում է, որ դրանք խփում են թերթերի բիզնեսին, փչացնում են շուկան, բայց մի մասն էլ հակառակվում է, թե՝ «ոչ, դրանք մարդկանց մեջ կարդալու կուլտուրա են արթնացնում, եւ ավելի ուշ նրանց մի մասն արդեն գնում է առավոտյան կամ երեկոյան թերթեր: Ի դեպ, թերթերի գինն այստեղ տատանվում է 1,5-2 եվրոյի միջեւ: Ի դեպ, առավոտյան թերթերի 93%-ը տարածվում է բաժանորդագրության միջոցով, իսկ ահա երեկոյան թերթերը բաժանորդագրության համակարգ չունեն: Շվեդիայում յուրաքանչյուր քաղաքացի թերթ, ռադիո եւ հեռուստատեսություն բացելու իրավունք ունի, բայց ռադիո եւ հեռուստահաճախությունները վաճառվում են աճուրդով, այնպես որ՝ փողն է որոշում ամեն ինչ: Թեեւ անպայման նշենք, որ պետությունը որոշակի չափանիշներ է սահմանում եւ դիմող ընկերությունը պետք է դրանց համապատասխանի: Արտասահմանցիները նույնպես կարող են բացել ռադիո-հեռուստատեսություն, բայց պատասխանատու հրատարակիչը պետք է լինի Շվեդիայի քաղաքացի: Դա արդարացված է, քանի որ Շվեդիայում դատարանի առջեւ կանգնում է ոչ թե լրագրողը կամ խմբագիրը, այլ՝ պատասխանատու թողարկիչը: Թեեւ շատ դժվար է հասնել նրան, որ մամուլի միջոցների հանդեպ դատական գործ սկսվի: Շվեդիայում գործող օրենքի համաձայն, թերթի դեմ դատական գործ կարող է հարուցել միայն մասնավոր անձը, եւ ոչ մի դեպքում՝ կազմակերպությունը կամ պետական հիմնարկը: Օրինակ, կարելի է գրել՝ «աշխարհի ամենավատ մեքենան «Վոլվոն» է», եւ ոչ ոք չի կարող դատի տալ, բայց եթե գրեն՝ «այդ ֆիրմայի տնօրենը էշի մեկն է», կարող են դատի տալ: «Գործարար համբավը վնասելու» հասկացություն այս երկրում չկա: Շվեդիայում մամուլը վաղուց անցել է ինքնակարգավորման, գոյություն ունի մամուլի հարցերով խորհուրդ, որն աշխատում է օմբուդսմենի դրոշի ներքո, եւ որն իրավունք ունի նկատողություններ կամ սանկցիաներ կիրառել էթիկական սխալներ թույլ տված ԶԼՄ-ների նկատմամբ: Յուրաքանչյուր քաղաքում հրատարակվող (կամ համապետական նշանակության) մեծությամբ երկրորդ թերթը պետությունից դոտացիա է ստանում: Ճիշտ է, իրենք նաեւ քննադատում են դոտացիաների համակարգը, ասելով, որ դա խփում է մրցակցությանը, բայց չեն հրաժարվում՝ վերցնում են: Շվեդիայում կա հանրային հեռուստատեսություն, որն ունի մի քանի ալիք՝ SVT1, SVT2, SVT 24, SVT Europe, ինչպես նաեւ մանկական եւ գիտական ուղղվածություն ունեցող ալիքներ: Այդ ալիքներից եւ ոչ մեկով գովազդ չի ցուցադրվում: Բնականաբար, հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպե՞ս է նա գոյատեւում, գուցե բյուջե՞ի հաշվին: Լուծումը չափազանց հետաքրքիր է: Յուրաքանչյուր ընտանիք իր հեռուստատեսային «ելքի» համար գումար է վճարում: Այսինքն՝ տանը հեռուստացույց ունե՞ս, բարի եղիր վճարել պետությանը: Հեռուստացույց վաճառող խանութները պարտավոր են յուրաքանչյուր վաճառված ապրանքի եւ նրա տիրոջ մասին տեղյակ պահել համապատասխան ծառայություններին: Ստացվում է, որ հեռուստացույց դիտելն անուղղակիորեն հարկվում է: Մարդիկ տարեկան մոտավորապես 200 եվրո են վճարում այդ հաճույքի համար: Նույնիսկ նրանք, ովքեր, ասենք, սկզբունքորեն կամ հետաքրքիր չլինելու պատճառով չեն դիտում այդ ալիքները, պարտավոր են վճարել: Նախորդ տարի այս ճանապարհով շվեդական հանրային հեռուստատեսության բյուջե է մուտք գործել 3 մլրդ?797 մլն կրոն՝ 7,5 կրոնը հավասար է մոտ $1-ի: Բնակչության 97%-ը կանոնավոր վճարում է այդ «հարկը», չվճարողների հիմնական մասը էմիգրանտներն են: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Կալմար, Շվեդիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել