Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի բարեփոխումները վտանգի տակ են

Մայիս 13,2006 00:00

ՄԱԿ-ի բարեփոխումները վտանգի տակ են Ո՞վ կպաշտպանի մարդուն մարդու իրավունքների նոր պաշտպաններից ՄԱԿ-ի կառույցում Մարդու իրավունքների նորաստեղծ Խորհրդի անդամ-երկրների օրերս կայացած ընտրությունների արդյունքները, ինչպես ասում են, շատ զվարճալի կլինեին, եթե այդքան տխուր չլինեին: Իսկ դրանք տխուր են, բայց ոչ այն պատճառով, որ Հայաստանին չհաջողվեց անհրաժեշտ քանակությամբ ձայն հավաքել եւ անդամակցել այդ Խորհրդին: Ամենեւին: Այդ արդյունքները տխուր են, որովհետեւ Խորհրդի անդամների ընտրություններին Հայաստանի օրինակով չձախողվեցին նաեւ մարդու իրավունքների այնպիսի «ականավոր» խախտողներ, ինչպիսիք են Ադրբեջանը, Չինաստանը, Ռուսաստանը, Պակիստանը, Ինդոնեզիան եւ այլն: Ակնհայտ է, որ ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծված այդ նորաստեղծ մարմնի ձեւավորման ընթացքում հաշվի է առնվել ինչ ասես, միայն թե ոչ՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նախկինում ունեցած ինչ-որ արժանիքներ, հետեւաբար մեծ հավանականությամբ կարելի է կանխատեսել, որ բարձր անվանում ունեցող այդ Խորհուրդը զբաղվելու է ինչով ասես՝ մարդու իրավունքների պաշտպանությունից բացի: Բավական է նշել, որ այդ նույն Խորհրդում վերը թվարկված «վամպիրների» կողքին տեղ չեն գտել այնպիսի անհամեմատ քաղաքակիրթ երկրներ, ինչպիսիք են Լիտվան, Լատվիան, Իսպանիան, Հունաստանը եւ այլն: Եվ, այնուամենայնիվ, ինչպես նշեցինք սկզբում, այս իրողությունը որքան տխուր, նույնքան էլ զվարճալի է: Խորհրդի ընտրության արդյունքների հատկապես այդ որակին է անդրադարձել իտալական Corrire della Sera պարբերականը, անթաքույց քամահրանքով նշելով. «Այսուհետեւ մարդու իրավունքներն աշխարհում պաշտպանելու են Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը, Ֆիդել Կաստրոյի Կուբան, Խու Ցզինտաոյի Չինաստանը, նավթային արքայազնների Սաուդյան Արաբիան եւ Փերվեզ Մուշարաֆի Պակիստանը»: Ըստ պարբերականի, մնում է միայն զարմանալ, թե ինչպես Խորհուրդ չեն անցել Իրանը, ինչպես նաեւ ազատության այնպիսի «սերիական» խեղդողներ, ինչպիսիք են Լիբիան, Սիրիան, Սուդանը եւ Զիմբաբվեն: Վերջիններս, ի դեպ, չեն էլ համարձակվել առաջադրել իրենց թեկնածությունը: Արեւմտյան մեկ այլ պարբերական սպորտային հետաքրքրասիրությամբ նշում է. «Այժմ հետեւենք, թե ինչ արդյունավետությամբ է աշխատելու տոտալիտար ռեժիմներով համալրված Խորհուրդը: Թեեւ բոլոր հիմքերը կան պնդելու, որ այդ երկրներն իրենց անդամությունն ավելի շատ օգտագործելու են ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության, այլ այդ նույն իրավունքների խախտումների մեղադրանքներից պաշտպանվելու համար»: Մի շարք դիտորդներ նշում են, որ ՄԱԿ-ի այս նորաստեղծ ստորաբաժանման կազմն այլ բան չէ, քան Միացյալ ազգերի կազմակերպությունում սկզբնավորված բարեփոխումների գործընթացի տապալման լուրջ ազդանշան: Ակնհայտ է, որ ՄԱԿ-ի ներսում ընթացող պրոցեսների վրա լրջորեն ազդում է միջպետական հակասություններով պայմանավորված կոնյունկտուրան կամ, այսպես ասած՝ միջազգային «թայֆաբազությունը»: Միջազգային ամենահեղինակավոր կառույցի այդքան պահանջված եւ այդքան սպասված բարեփոխումների այս, ըստ էության առաջին գործնական քայլի «արդյունքն» այնքան շշմեցուցիչ է եղել, որ դրա կապակցությամբ բավական սուր արտահայտություններ է թույլ տվել անգամ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, մասնավորապես ընդգծելով, որ «ՄԱԿ-ի բարեփոխումներն այն տեսքով, ինչ տեսքով որ դրանք ընթանում են հիմա, որեւէ արդյունք չեն տալիս»: Բուշը ձախողման պատճառների շարքում, մասնավորապես, ակնարկել է զարգացող երկրների մեծ եւ բնավ ոչ կառուցողական ակտիվությունը, ինչի արդյունքում վտանգ կա, որ բարեփոխվելու փոխարեն ՄԱԿ-ի առանց այդ էլ հսկա բյուրոկրատական կառույցն ավելի կուռճանա: Բուշին կարելի է, իհարկե, հասկանալ: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի բարեփոխման ամենաարմատական կողմնակիցն ու նախաձեռնողը հենց ԱՄՆ-ն էր, հետեւաբար՝ ձախողման պատասխանատուն եւս այս երկիրը կարող է դիտվել: Իսկ ի՞նչ են մտածում կատարվածի մասին Երեւանում: Ահա թե Հայաստանի անհաջողության մասին, մասնավորապես, ինչ է ասել ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վալերի Մկրտումյանը. «Հայաստանը, երկու ժամկետ ընտրվելով Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, (նախկինում, խմբ.) այս բնագավառում կուտակել է բավական մեծ փորձ (՞, խմբ) եւ պատրաստ էր իր նպաստը բերել նորաստեղծ Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին»: Մեզ մնում է միայն ափսոսալ, որ աշխարհը զրկվեց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կուտակած հիրավի անգնահատելի փորձից: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել