«ԿԼՈՒԲԸ» ՔԱՅՔԱՅՎՈՒՄ Է ԱՊՀ-ն լքող Թբիլիսիի օրինակին հետեւում է Կիեւը Անցյալ տարի, խոսելով ԱՊՀ-ի մասին, այցով Հայաստանում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լավագույնս բնորոշեց այդ կառույցի էությունը, այն անվանելով ընդամենը քաղաքական բանավեճերի ակումբ, որն ստեղծվել էր ԽՍՀՄ փլուզման հարուցած ցնցումները մեղմելու նպատակով: Թվում էր, թե ԱՊՀ-ի այս «բարձր» բնորոշումից հետո, գոնե ռուսական կողմից, հետխորհրդային այդ անախրոնիզմի հետ կապված այլեւս խնդիրներ չպետք է ծագեն: Միամիտ հույսեր: Բավական էր, որ Վրաստանը պաշտոնապես կասկածի տակ առնի իր՝ ԱՊՀ-ում մնալու հետագա նպատակահարմարությունը, որ ռուսական մամուլը չտեսնված վայնասուն բարձրացնի «Թբիլիսիի սանձազերծած նոր քաղաքական արկածախնդրության» շուրջ: Բայց, պարոնայք, ի՞նչ է պատահել, չէ՞ որ հենց ձեր նախագահի գնահատմամբ, ԱՊՀ-ն ընդամենը բանավեճերի ակումբ է, եւ չէ՞ որ ԽՍՀՄ-ը, վատ թե լավ, վաղուց արդեն փլուզվել է, եւ ցնցումների վտանգն արդեն ետեւում է: Հետեւաբար ի՞նչ կարիք կա աղմկելու, երբ ինչ-որ մեկը ցանկություն է հայտնում դուրս գալ ինչ-որ ակումբից: Մինչ ռուսական այս քաղաքականացված վայնասունին անդրադառնալը, արձանագրենք, որ տառացիորեն մի քանի օր առաջ, «կլուբից» դուրս գալու հերթական հայտը ներկայացրեց ԱՊՀ մեկ այլ անդամ՝ Ուկրաինան: Ահա թե ինչպես է հիմնավորում այդ մտադրությունը Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար Անատոլի Կինախը. «ԱՊՀ-ն վաղուց արդեն կորցրել է իր տնտեսական իմաստը: Իհարկե, դրա շրջանակներում հարյուրավոր տնտեսական բնույթի փաստաթղթեր են ընդունվել, սակայն դրանք կամ չեն կատարվել, կամ ընդհանրապես չեն վավերացվել Ռուսաստանի Պետդումայի կողմից»: Իր հերթին, Ուկրաինայի փոխարտգործնախարար Վլադիմիր Օգռիզկոն ասել է, որ ներկայումս իրենք համակողմանիորեն վերլուծում են առհասարակ բոլոր միջազգային կազմակերպություններին (այդ թվում՝ ԱՊՀ-ին ) Ուկրաինայի անդամակցության հետ կապված բոլոր թեր եւ դեմ կողմերն ու շատ շուտով կհանգեն համապատասխան եզրակացության, ելնելով «տնտեսական նպատակահարմարությունից»: Ի դեպ, տնտեսական նպատակահարմարության մասին: Զարմանալի է, որ ռուսներն իրենք են զարմանում Վրաստանի ըմբոստության վրա ու նեղվում վերջինիս՝ ԱՊՀ-ից դուրս գալու ցանկությունից: Ըստ էության, վերջին բանը, որ վրացիներին դեռ կարող էր պահել ԱՊՀ-ի կազմում, դա ռուսական սպառման շուկաներում վրացական որոշ ապրանքատեսակների իրացման հնարավորությունն էր: Սակայն դեռ չէր մարել վրացական գինիների հետ կապված էժանագին ու երիցս քաղաքականացված աղմուկը, երբ, ակնհայտորեն Կրեմլի հրահանգով, Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկն ի լուր աշխարհի հայտարարեց վրացական «Բորժոմի» հանքային ջրի վաճառքը եւս Ռուսաստանում արգելելու մասին: Իհարկե, այդ արգելքը հիմնավորելով «Բորժոմիի» բաղադրության մեջ վնասակար նյութերի եւ թույների մեծ քանակությամբ: Հիմա հարց է ծագում. բա էլ ինչո՞ւ վրացիները մնան այդ անհեթեթ կառույցում՝ Պուտինի սիրուն աչքերի՞: Այսպես թե այնպես, հարկ է արձանագրել, որ որոշ ժամանակից ի վեր ԱՊՀ տարածքում սկզբնավորված գործընթացներն այլեւս անդառնալի բնույթ են կրում, եւ այն, ինչը սկսվել է Վրաստանում եւ իր զարգացումն է ունեցել Ուկրաինայում, ի վերջո ավարտվելու է այդ երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցությամբ: Այս համապատկերում արժե թերեւս մեջբերել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու՝ մի քանի օր առաջ Վիլնյուսի համաժողովում հնչեցրած հետեւյալ խոսքերը (որոնցում ամփոփված ենթատեքստը, ի դեպ, բացահայտորեն հասցեագրված է մոսկովյան ռեժիմին). «Վրաստանում եւ Ուկրաինայում ժողովրդավարությանը վտանգ է սպառնում: Ավելին, այդ վտանգն արդեն սպառնում է ողջ Եվրոպային: Իհարկե, ինչ-որ շրջանակների ձեռնտու է տոտալիտար ռեժիմների վերածնունդը: Բայց մենք պայքարելու ենք այդ միտումների դեմ, եւ մեզ աջակցություն է հարկավոր: Հակառակ դեպքում՝ պարզ չէ, թե հանուն ինչի էինք մենք պայքարում վերջին 15 տարիների ընթացքում»: Բնականաբար, չի ուշացել նաեւ «ինչ-որ շրջանակների» արձագանքը: ՌԴ Դաշնային խորհրդի ԱՊՀ-ի հարցերով կոմիտեի նախագահ Վադիմ Գուստովը հայտարարել է, որ եթե Վրաստանն ու Ուկրաինան ԱՊՀ-ից դուրս գան, նրանք «ավելի շատ կկորցնեն, քան կգտնեն»: «Միանգամայն ակնհայտ է, որ ԵՄ-ն, ուր ձգտում են այդ երկրները, պատրաստ չէ ընդունել նրանց»,- ասել է Գուստովը: Որոշ առումով Գուստովը, իհարկե, ճիշտ է: Վերցնենք, թեկուզ, Հայաստանի օրինակը: Քաղաքակիրթ Եվրոպայում ո՞վ է կարոտ մեր խայտառակ ընտրական համակարգին (ավելի ճիշտ՝ այդ համակարգի բացակայությանը), անհուսալի կոռուպցիային եւ ասիական մենթալիտետին: Այդ «բարեմասնություններով» մեզ կընդունի միայն հոգեհարազատ Ռուսաստանը: Թեեւ, խոսքը մեր մեջ, Ռուսաստանը նույնպես, ցանկացած իրեն հարմար պահի, կարող է «ծախել» իր ստրատեգիական գործընկերոջը: Այնպես որ, ԱՊՀ ճակատագիրը զարգացման ցանկացած սցենարի դեպքում կանխորոշված է: Նույնիսկ եթե ինչ-որ կարապետյաններ, արշակյաններ կամ միտրոֆանովներ այդ բանը սաստիկ չեն ցանկանում: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ