Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրոպան՝ ռուսական էներգետիկ շանտաժի ներքո

Մայիս 13,2006 00:00

Եվրոպան՝ ռուսական էներգետիկ շանտաժի ներքո Արեւմուտքում վաղուց արդեն պատրանքներ չունեն Մինչ թերահավատների մի հզոր բանակ Հայաստանում դեռ տանջվում է հետեւյալ հարցի պատասխանի անհստակությունից՝ մեր երկրի էներգետիկ հզորություններին տիրանալով ռուսներն իսկապե՞ս ոչ այնքան ազնիվ, այսպես ասենք՝ ոչ տնտեսական նպատակներ են հետապնդում, Եվրամիությունում վաղուց արդեն Մոսկվայի գազային քաղաքականության հետ կապված պատրանքներ չունեն: Իսկ վերջին շրջանում Հայաստանում խիստ մոդայիկ դարձած «էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիա» արտահայտությունը առավել մեծ եռանդով շրջանառվում է հենց այնտեղ՝ Հայաստանին տնտեսապես հազարապատիկ գերազանցող Արեւմուտքում: Այո, Եվրոպան եւս ցանկանում է դիվերսիֆիկացնել էներգառեսուրսների աղբյուրներն ու դրանց առաքման ճանապարհները եւ այդ ցանկությունը, այս դեպքում եւս, թելադրված է Ռուսաստանի վարքագծով: Եվրոպայում, արդեն առանց դիվանագիտական սեթեւեթանքների, հայտարարում են «Գազպրոմի» անհուսալի էներգետիկ գործընկեր լինելու եւ Կրեմլի կողմից ժամանակ առ ժամանակ էներգետիկ «շանտաժ» իրականացնելու անթույլատրելիության մասին: Հատկապես Ուկրաինայի «գազային» ոդիսականից հետո ԵՄ-ում բավական զգաստացել են եւ ամենեւին չեն բացառում, որ Մոսկվան ապագայում էլի կդիմի իր քաղաքական զինանոցում մնացած թերեւս միակ ու վերջին ազդեցիկ գործիքին՝ գազային շանտաժին: Ուստի, Եվրոպայում ցանկանում են, որ Ռուսաստանը վավերացնի, այսպես կոչված, էներգետիկ խարտիան, որը նախատեսում է խողովակաշարերի շահագործման ազատականացում, ինչպես նաեւ առաքող երկրին թույլ չի տալիս գազի գնի հետ կապված վեճերի դեպքում միակողմանիորեն դադարեցնել առաքումը: Փոխարենը ռուսական ընկերություններին հիշյալ խարտիայով թույլտվություն կտրվի մուտք գործել եվրոպական մանրածախ շուկա: Մոսկվային, սակայն, այս տարբերակը, ինչպես ասում են, ձեռք չի տալիս: Այնտեղ ունեն էներգետիկ համագործակցության իրենց մոդելը: Ըստ այդմ, նրանք արեւմտյան ընկերություններին թույլատրում են ոչ խոշոր բաժնետերերի կարգավիճակով մասնակցել էներգակիրների արդյունահանման բավականաչափ թանկ եւ տեխնոլոգիապես հագեցած պրոցեսին, իսկ փոխարենն ակնկալում են զգալի բաժիններ ստանալ այդ նույն էներգակրի իրացման արտասահմանյան շուկաների մեծածախ հատվածներում, որտեղ շահույթները, ինչպես հայտնի է, մի քանի անգամ ավելի բարձր են: Բացի այդ, ռուսական կողմն անզուսպ ցանկություն է դրսեւորում մենատիրությանը մոտեցող հսկողություն սահմանել սպառող կամ տարանցող երկրներով անցնող խողովակաշարերի նկատմամբ: Նակտենք, որ սա հենց այն դեպքն է, ինչն առկա է Հայաստանի պարագայում, եւ ինչը Մոսկվան ձախողեց Ուկրաինայում: Ահա սա է էներգետիկ համագործակցության ռուսական սխեման, ինչը, ըստ էության, այլ բան չէ, քան տնտեսության շուկայական հիմնավորվածության հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող քաղաքական ճնշման վատ քողարկված ձեւ: Պատահական չէ, որ երբ Կիեւը մերժեց դեպի Եվրոպա ռուսական գազը տարանցող Ուկրաինական գլխավոր մագիստրալը հանձնել ռուսներին, «Գազպրոմն» անմիջապես սպառնաց սակագինը բարձրացնել միանգամից չորս անգամ (մինչդեռ նկատենք, որ այդ սխեման Հայաստանում անվրեպ գործեց): Սրա դեմ է, որ վերջին շրջանում ակտիվ հակաքայլեր է կատարում Եվրամիությունը: Մինչդեռ Ռուսաստանը, գոնե առաջին հայացքից, կարծես թե չի վախենում ԵՄ-ի «հակագազպրոմյան» դեմարշից: Ավելին, Մոսկվայում արդեն անցել են առավել գլոբալ շանտաժի եւ, առայժմ հայտարարությունների մակարդակով, սպառնում են «խելոք չմնալու դեպքում» «գազից կտրել» ոչ միայն Ուկրաինային, այլեւ ողջ Եվրոպային, ցուցադրաբար խոսելով դեպի ասիական անծայրածիր եւ զարգացող շուկաներ (Չինաստան, Հնդկաստան եւ այլուր) վերակողմնորոշվելու իրենց մտադրության մասին: Արեւմտյան առաջատար փորձագետները, սակայն, Ռուսաստանի այդօրինակ սպառնալիքները լուրջ չեն համարում: Նրանք պնդում են, որ այդպիսի գլոբալ վերակողմնորոշման տեխնիկական ապահովվածության համար կպահանջվի նվազագույնը 10 տարի: Իսկ Ռուսաստանի հումքային բյուջեն այդ ընթացքում առանց եվրոպական «գազային» մուտքերի՝ ուղղակի չի դիմանա: Ռուսները դա հրաշալի գիտակցում են, ուստի ակնհայտ է, որ առաջիկա տարիներին ԵՄ-ին ուղղված նրանց սպառնալիքները խոսքից գործի չեն վերածվի: Իսկ ի՞նչ կանեն Եվրոպայում 10 տարի հետո: Համենայնդեպս, դժվար թե այնտեղ էներգետիկ ճգնաժամ սկսվի: Եվրոպան Հայաստան չէ, եւ այնտեղ պետական ֆունկցիոներները հավանաբար մտածում են իրենց երկրների ապագայի մասին: Մեկ տասնամյակը թերեւս քիչ չէ ռուսական էներգետիկ շանտաժի դեմ ինչ-որ հակամիջոցներ մտմտալու, այսինքն՝ դիվերսիֆիկացիա կոչվածը իրականություն դարձնելու համար: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել