Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԿԱՆԽՎԻ՞ ԻՐԱՆԱԿԱՆ ԱՂԵՏԸ

Մայիս 13,2006 00:00

ԿԿԱՆԽՎԻ՞ ԻՐԱՆԱԿԱՆ ԱՂԵՏԸ Միջազգային անմիաբանության վտանգները «Իրանը պետք է կասեցնի ուրանի հարստացման հետ կապված ցանկացած գործունեություն եւ դադարեցնի ծանր ջրով աշխատող ռեակտորի կառուցումը»: Այսպիսի պահանջ է պարունակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծը՝ մշակված Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի կողմից: Բացի այդ, փաստաթղթում լուրջ մտահոգություն է հայտնվում Իրանի կողմից ՄԱԳԱՏԷ-ի պահանջներն անտեսելու, ի հետեւանք՝ «միջուկային զենքի տարածման վտանգ առաջացնելու» կապակցությամբ: Այս եւ մի շարք այլ մտահոգությունների թվարկումը, ի վերջո, հանգում է Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառման գաղափարին, որը, սակայն, այս դեպքում եւս, շնորհիվ Ռուսաստանի եւ Չինաստանի գործադրած ջանքերի, դարձյալ զուրկ է հստակությունից: Չնայած դրան, Ռուսաստանի եւ Չինաստանի ներկայացուցիչներին նախագիծը դուր չի գալիս անգամ այդ տեսքով եւ նրանք պնդում են էլ ավելի մեղմացնել փաստաթուղթը, գործնականում զրոյի հավասարեցնելով կոշտ պատժամիջոցի (այդ թվում՝ ռազմական միջամտության) կիրառման հնարավորությունը: «ՄԱԳԱՏԷ-ի եւ Իրանի հնարավորությունները դեռ չեն սպառվել, եւ մենք կարծում ենք, որ խնդիրը դեռ հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով»,- միանգամայն անհասկանալի լավատեսությամբ ասում է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Հետաքրքիր է, որ այսպիսի պնդում է անում այն երկրի ներկայացուցիչը, որին Եվրոպան եւ ԱՄՆ-ն Իրանի հետ երկարատեւ բանակցային «սիլիբիլիներ» անելու հսկայական հնարավորություն էին տվել: Ի վերջո, ռուսներն իրենք էին խոստովանել, որ ինչպես Մոսկվայում, այնպես էլ Թեհրանում անցկացված բանակցությունների շարքը բացարձակ որեւէ արդյունքի չի հանգեցրել: Այնուամենայնիվ, Չուրկինն ամենեւին հուսահատի տեսք չունի. «Մեր դիրքորոշումը հստակ է եւ զերծ՝ էմոցիոնալ երանգներից, հարցը լուրջ է, բայց՝ լուծելի: Եվ կան բաներ, որոնց նկատմամբ մենք շատ վճռական ենք տրամադրված»,- ասում է ռուս դիվանագետը: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի այս խոսքերի արեւմտյան մեկնաբանությունները, ի դեպ, միանգամայն տարբերվում են հենց իր՝ Չուրկինի պարզաբանումներից: Եթե վերջինս խոսում է խաղաղությունից եւ տարածաշրջանային կայունությունից, ապա արեւմտյան դիտորդները պնդում են, որ Ռուսաստանում իսկապես շատ վճռական են տրամադրված, միայն ոչ թե խաղաղության պահպանման, այլ Բուշերի ատոմակայանի (որը, ի դեպ, Իրանում առաջինն ու առայժմ միակն է) շինարարությունն ու համապատասխան սարքավորումներով հագեցումը ավարտին հասցնեու հարցում: «Եթե Մոսկվայում իսկապես անկեղծորեն շահագրգիռ են խնդիրը խաղաղ ճանապարհով, այսինքն բացառապես բանակցությունների միջոցով լուծելու հարցում, ապա դրան հասնելու համար բավական է, որ ռուսներն ուղղակի դադարեցնեն Բուշերի ԱԷԿ-ի շինարարությունն ու Իրանի առջեւ ուրանի ինքնուրույն հարստացումը դադարեցնելու հստակ պահանջ դնեն: Այդ լծակը, թերեւս, ազդեցիկ կլիներ իրանական իսթեբլիշմենթի համար, մինչդեռ Մոսկվայի մտքով անգամ չի անցնում գնալ այդ քայլին, հետեւաբար դժվար է հալած յուղի տեղ ընդունել ռուսների «կառուցողական հայտարարությունները»,- օրերս հայտարարել էր արեւմտյան փորձագետներից մեկը: Չնայած սրան, Արեւմուտքում քիչ չեն նաեւ այնպիսի կարծիքները, համաձայն որոնց՝ ռուսներն այստեղ կապ չունեն, եւ Իրանի նախագահ Ահմադինեջադն ինքն է ամեն կերպ մոտեցնում ԱՄՆ-ի հետ ռազմական բախման ժամը: Իհարկե՝ «պայմանով», որ իսլամական աշխարհի կողմից այդ բախումն ընկալվի իբրեւ առաջինը Իրանին հասցված հարված: Ըստ նույն գնահատականների, այդպես ավելի հեշտ կլիներ կատարվածը մատուցել որպես քաղաքակրթությունների հակամարտություն եւ այդ «սոուսի տակ» ԱՄՆ-ի դեմ տրամադրել ողջ իսլամական աշխարհը: Պետք է նկատել, որ անկախ այս կարծիքի ճշմարտացիությունից, առնվազն Իրանի ներսում վարչախումբը, կամ ավելի ճիշտ՝ կղերախումբը, այսպես կոչված, աշխատավորական զանգվածների աջակցության խնդիր չունի: Բնակչությունը գտնվում է հիրավի «գեբելսյան» քարոզչության հիմարացնող ազդեցության տակ, եւ որքան էլ տարօրինակ է նորմալ հասարակությունների համար, այնտեղ հազարավոր մարդիկ կարծես երազում են ամենակործան պատերազմի մասին: Այս ամենով հանդերձ, Իրանի միջուկային ծրագրով հարուցված միջազգային ճգնաժամն աստիճանաբար ավելի տագնապեցնող եւ վտանգավոր բնույթ է ստանում: Ու թերեւս միայն մի բան կարող է տարածաշրջանն ու աշխարհը փրկել վերահաս աղետից՝ խնդրով շահագրգիռ գերտերությունների շահերի հստակ հաշվարկը: Եթե ավերիչ պատերազմի կանխումը, մեծ հաշվով, ձեռնտու է բոլորին (կամ գոնե՝ մեծամասնությանը), իսկ պարզագույն տրամաբանությունը հենց այդ է հուշում, ապա գուցե դեռ ամեն ինչ կորած չէ: Այս իմաստով, բավական հետաքրքիր է դիտվում մի քանի օր առաջ Իրանի նախագահի կողմից ԱՄՆ ղեկավարին ուղղված (շվեյցարական դեսպանատան միջոցով) աննախադեպ նամակը: Հայտնի է, որ Իրանում իսլամական հեղափոխությունից ի վեր երկու երկրների միջեւ բացարձակ որեւէ շփում չէր եղել: Մինչ նամակի բովանադակության հրապարակումը, փորձագետները ենթադրում էին, որ դրանում գուցե Իրանի միջուկային ծրագրի հետ կապված անհամաձայնությունները հարթելուն ուղղված ինչ-որ առաջարկներ կան: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Ահմադինեջադի նամակն ավելի շուտ կրոնաբարոյական քարոզ է, քան պրագմատիկ երկխոսության փորձ: Իհարկե, այս նամակի հղման բուն փաստն ինքնին ողջունելի է, սակայն ամերիկյան որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնել, թե սա ժամանակ շահելու համար Իրանի բանեցրած հերթական հնարքն է: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել