Պոլիտեխնիկական ողջույն Արթուր Բաղդասարյանը պոլիտեխնիկցի չէ «Պոլիտեխնիկը մեր ապագան է»,- այս տեսակետը հայտնեց ՀՀ վարչապետը երեկ Երեւանի ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Շրջանավարտների միության ընդհանուր ժողովի ժամանակ: Միության նախագահ, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար, պոլիտեխնիկցի Էդվարդ Սանդոյանը երեկ բուհի կիբեռնետիկայի ֆակուլտետի շրջանավարտ Անդրանիկ Մարգարյանին առաջարկեց «տեղերով փոխվել», եւ քանի որ լրանում էր միության նախագահի պաշտոնավարման 5 տարին՝ այդ պաշտոնում առաջարկեց Անդրանիկ Մարգարյանի թեկնածությունը: Վարչապետը միաձայն ընտրվեց Շրջանավարտների միության նախագահ, իսկ պրն Սանդոյանի ճակատագիրը դեռեւս անհայտ է: Ի դեպ, պրն Սանդոյանը Ա. Մարգարյանին առաջարկեց նաեւ ժամեր վերցնել բուհում, որպեսզի բուհի հետ ամենօրյա՛ կապը պահպանի: Երեկ ժողովը նաեւ հաստատեց միության խորհրդի պոլիտեխնիկական կազմը, որ բավական ներկայանալի էր՝ ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյան, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյան, ներկա նախարար Վարդան Խաչատրյան, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան, ԱԺ պատգամավորներ Կարեն Կարապետյան, Ոստանիկ Մարուխյան, Գագիկ Մինասյան, Խաչատուր Սուքիասյան, ինչպես նաեւ՝ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյան, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյան, Աղի հանքի տնօրեն Լաերտ Հովհաննիսյան, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյան, «Գրանդ Հոլդինգի» տնօրեն Հրանտ Վարդանյան եւ այլն, եւ այլն: Այս կազմը ժողովից հետո Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ գնաց նիստի, իսկ մյուսները՝ ճաշկերույթի: Նիստից մի քանի րոպե անց լրագրողների հիասթափությունը մեծ էր: Անդրանիկ Մարգարյանը ճաշկերույթին չեկավ, ավելին՝ մինչեւ վերջ չմասնակցեց նիստի աշխատանքներին: Նա չսպասված ելքով անակնկալ հեռացել էր: Եվ երեկվա քաղաքական անցուդարձի մասին այդպես էլ չհաջողվեց վարչապետից մեկնաբանություն ստանալ: Մասնավորապես անպատասխան մնաց լրագրողներից մեկի բարձրացրած հարցը, թե արդյո՞ք Արթուր Բաղդասարյանի հրաժարականի պատճառը նրա՝ պոլիտեխնիկցի չլինելու հանգամանքն էր: Հիշենք, որ պոլիտեխնիկցի է նաեւ երկրի առաջին դեմքը: Հ. Բ.