ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՄԵԾ ԵՆ Եկող սեպտեմբերից այս տարվա առաջին կուրսերի ուսանողների միջեւ, ըստ կառավարության համապատասխան որոշման, տեղի կունենա անվճար եւ վճարովի ուսուցման տեղերի ռոտացիոն սկզբունքով վերաբաշխում: Այսինքն՝ ի սկզբանե հատկացված անվճար տեղերը 2 կիսամյակի արդյունքում կվերաբաշխվեն ու կհատկացվեն առավել բարձր մակարդակ դրսեւորած ուսանողների միջեւ: Ըստ այդմ, այս ուսումնական տարվա սկզբին բուհերը ուսանողների հետ նոր պայմանագրեր պետք է կնքեին, ինչը սովորաբար արվում է սեպտեմբերին: Արդեն տարին ավարտվում է, սակայն այդ պայմանագրերի կնքման գործընթացը դեռ չի ավարտվել: Բացի այդ, ուսանողները, փաստորեն, նախապես չեն իմացել իրենց գլխի գալիքը: Իսկ նման դեպքերում այդ մասին նրանց պետք է զգուշացվեր նախօրոք: «Օրենքը ավելի ուշ եղավ, այդ պատճառով պայմանագրերի կնքման գործընթացը խախտվեց,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի թեկնածու եւ պաշտոնակատար Արամ Սիմոնյանը:- Երեւի թե ճիշտ կլիներ մյուս տարվանից կիրառել, բայց ամեն ինչ արդեն սկսված է, պրոբլեմները կհարթվեն, արդեն ամփոփվում են առաջին կիսամյակի արդյունքները»: Պրն Սիմոնյանը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ ամեն ինչ խիստ թափանցիկ եւ բաց կլինի, թեեւ ավելի վաղ թերթերից մեկում կարծիք էր հայտնել, թե, հաշվի առնելով մեր ժողովրդի մենթալիտետը, հնարավոր է՝ բարձր միավորների համար օրինական ճանապարհները շրջանցելու գայթակղությունները մեծանան: Այսօր էլ չի բացառում, որ կոռուպցիան կաճի, բայց, ըստ նրա, կոռուպցիա ցանկացած դեպքում էլ կարելի է գտնել, պարզապես ճիշտ մեխանիզմներ պետք է մշակել: Ա. Սիմոնյանը կարծում է, որ ուսանողներն էլ խեղճ չեն, եւ եթե որեւէ անարդարություն տեսնեն՝ հաստատ բողոքի ալիք կբարձրացնեն: Օրերս մեզ հետ ունեցած զրույցում ԵՊՀ ռեկտորի թեկնածու, իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ասաց, որ իրենք արդեն ամփոփել են առաջին կիսամյակի արդյունքները, եւ պարզվել է, որ անվճար համակարգում սովորող 21 ուսանողից առաջին կիսամյակի արդյունքներով, միայն 7-ն է պահպանել գերազանցության կարգավիճակը: Անուններ չնշվեցին, բայց հայտնի մարդկանց երեխաները (ովքեր անվճար տեղերն են զբաղեցնում հիմնականում իմիջի համար) 1-ին կիսամյակի արդյունքում չեն կարող հավակնել այդ տեղերին: Ավելին՝ կային ուսանողներ, որ գրեթե առավելագույն՝ 58 (անցողիկը եղել է 58.6) միավորով են ընդունվել, բայց այսօր սովորում են «2»-ներով ու «3»-ներով: Միայն հունվարին 30-ից ավելի ուսանողներ են հեռացվել ֆակուլտետից. «Եթե խիստ օբյեկտիվ լինենք, երեւի մի 30-40 տոկոսից պետք է ազատվել: Նրանք մեզ պատիվ չեն բերում: Բայց աղջիկներ ունենք, որ 4-րդ կուրսից արդարադատության նախարարի խորհրդական են աշխատում»: Գ. Ղազինյանը խոստովանում է, որ բուհի, այսպես կոչված, Էլիտար ֆակուլտետները պահում են մյուս ֆակուլտետները, եւ հաճախ դժվար է ազատվել վարձավճար մուծող ուսանողներից: «Հուլիսի 15-ից հետո ֆակուլտետը փակ է, օգոստոսի 26-ին մեզ տալիս են ցուցակ՝ սրանք ձեր ուսանողներն են, Աստված գիտի՝ ովքեր են, եւ որպես կանոն մենք դժգոհ ենք այդ ընտրությունից՝ եւ քանակից, եւ որակից, չնայած ունենում ենք շատ փայլուն երեխաներ,- ասում է իրավաբանականի դեկանը:- Մենք մեր ուսանողների ընտրության հարցում որեւէ դերակատարում չունենք: Հաստատ հասարակության մեծ մասը չգիտի, որ եթե այլ ֆակուլտետների դասախոսներ կարող են առարկայական հանձնաժողովների կազմում լինել, մենք որեւէ ձեւով չենք առնչվում դրանց»: Պրն Ղազինյանի կարծիքով, իրենց ֆակուլտետի մասին կարծիքները, թե ամենակոռումպացվածն է, արդարացի չեն, թեեւ պոտենցիալ հնարավորությունները շատ ավելի մեծ են այդպիսին լինելու համար՝ «նկատի ունեմ այն, թե ովքեր են հայտնվում այստեղ: Պարարտ հողը ստեղծված է դրա համար»: Միաժամանակ պրն Ղազինյանը նշում է, որ դիմադրողականությունն էլ է մեծ եւ ռոտացիոն սկզբունքի մեջ որեւէ անարդարություն չի կարող լինել: «Որեւէ դժգոհություն չկա այս արդյունքներից: Ես ամեն քննությանը 3 ժամ կանգնում եմ: Թեեւ վստահում եմ իմ կոլեգաներին, բայց ճնշումներն այնքան մեծ են, ընդ որում՝ խնդրանքներն են շատ, ասենք՝ կոլեգաների կողմից»: Նշենք, որ խնդրանքներն ու, այսպես կոչված, հովանավորչությունը եւս կոռուպցիայի դրսեւորում են: Պրն Ղազինյանը բացառում է, որ իմացող ուսանողը չգնահատվի ըստ արժանվույն. «Ցույց տվեք դեպք, երբ երեխան գիտի ու չի ստանում, այդ դասախոսին պետք է ոչ թե կախել, այլ քառատել: Ես ուսանողներին ասել եմ՝ կարող են բողոքել, հասնել մինչեւ դատարան: Ուրիշ բան է, թե չիմացողն ինչպես է ստանում, ամբողջ խնդիրը դրա մեջ է»: Սա էլ պրն Ղազինյանը կապում է վերոնշյալ փաստի հետ, թե ինչ ճանապարհով է այստեղ հայտնվում ուսանողների մեծ մասը. «Ցավոք, որպես կանոն, կոնտինգենտը գնալով վատանում է: Տարեցտարի վատ իմաստով ավելի մեծ անակնկալի եմ գալիս՝ տեսնելով ընդունվողների ցուցակը»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ