Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպարտամենտը չի միջամտի

Մայիս 13,2006 00:00

Դեպարտամենտը չի միջամտի Բյուջետային միջոցների ծախսումը հսկվելու է «Դատական իշխանության վերաբերյալ սահմանադրական փոփոխություններով է պայմանավորված նաեւ ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումների 2-րդ փուլը, որն իր մեջ, ի թիվս այլ խնդիրների, ընդգրկում է նոր օրենքների ընդունումն ու նոր մարմինների ձեւավորումը, որոնք հնարավորություն կտան ունենալ կենսունակ ու արդյունավետ դատական համակարգ»,- երեկ «Առավոտին» փոխանցեց ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Սեդրակյանը: Ըստ նրա էլ՝ այդ նպատակով կստեղծվի դատական դեպարտամենտ: «Ներկայումս ՀՀ դատարանները, մասնավորապես դատարանների նախագահները զբաղված են դատարանների ֆինանսական գործունեությամբ, նյութատեխնիկական ապահովմամբ, ինչը, անշուշտ, խոչընդոտում է նրանց հիմնական գործառույթին՝ արդարադատության իրականացմանը»,- ասում է զրուցակիցս՝ պրն Սեդրակյանը: Ստեղծվելիք դատական դեպարտամենտը աջակցելու եւ նպաստելու է դատարանների ինքնուրույնությանը, դատավորների անկախության ամրապնդմանը՝ չմիջամտելով արդարադատության իրականացմանը, ինչպես նաեւ ապահովելու է ՀՀ դատարաններին, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին, ՀՀ դատարանների նախագահների խորհրդին եւ Արդարադատության խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք իրականացումը եւ քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մաuնակցությունը: Այն ըստ աշխատակազմի ղեկավարի՝ միասնական համակարգ է՝ բաղկացած կառուցվածքային եւ առանձնացված՝ ՀՀ դատարանների աշխատակազմերն ընդգրկող ստորաբաժանումներից: Դեպարտամենտը կվերլուծի եւ կամփոփի դատական պրակտիկան եւ դատական վիճակագրությունը, կկազմակերպի դատարանների արխիվների արխիվավորում, կկազմակերպի դատավարության եւ գործավարության անհրաժեշտ ծրագրային միջոցների մշակում, ինչպես նաեւ դատական գործունեության տեղեկատվա-իրավական ապահովում, կիրականացնի օրենսդրության համակարգման աշխատանքներ: Իսկ դատավորների եւ դատական ծառայողների անձնական գործերը նույնպես կվերանայվեն, կիրականացվեն դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն ու մրցութային հանձնաժողովների գործունեության կազմակերպական ապահովումը: Վերահսկվելու է ՀՀ դատարանների եւ դատական դեպարտամենտի ստորաբաժանումների կողմից բյուջետային միջոցների ծախսումը: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել