Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԼԱՆԺԸ

Մայիս 13,2006 00:00

ՄԵԼԱՆԺԸ ԿՎԵՐԱՄՇԱԿՎԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՓՈՂԵՐՈՎ Հրթիռային վառելիքը կվերամշակվի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերա դը Բրիշամբոն ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինի, Հայաստանում ԱՄն դեսպան Ջոն Էվանսի եւ մի շարք այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ երեկ այցելել էր Լոռու մարզ՝ 872 տոննա մելանժի՝ հրթիռային վառելիքի վերամշակման մեկնարկի կարմիր ժապավենը կտրելու համար: Մինչ ժապավենը կտրելը՝ ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Մարկ Պերա դը Բրիշամբոն ողջույնի խոսք ասացին: ԵԱՀԿ քարտուղարը նշեց. «Հայաստանում մելանժի ծրագիրը ԵԱՀԿ գրասենյակի եւ մասնակից պետության միջեւ ծավալված գործնական համագործակցության ձեռքբերումների վառ օրինակ է եւ կարող է մոդել հանդիսանալ ողջ ԵԱՀԿ տարածաշրջանում»: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը իր հերթին նկատեց. «ԵԱՀԿ աջակցությամբ հնարավոր դարձավ իրականացնել այս նախաձեռնությունը, որը կբարելավի շրջակա միջավայրի պահպանումը ու հետեւաբար Հայաստանի բնակչության անվտանգությունը», նաեւ հարկ համարեց թարգմանչին խնդրել, որ մասնակից բոլոր երկրների անունները հատուկ շեշտի: Նախարարը նաեւ շեշտեց, որ ԵԱՀԿ գործունեությունը մեր տարածաշրջանում իր մեջ ներառում է անվտանգության ամենալայն շրջանակ. «Սկսած ռազմական անվտանգությունից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրներից, հակամարտության գոտում պարբերաբար անցկացվող մոնիտորինգներից մինչեւ բնապահպանական անվտանգությանն ուղղված ձեռնարկումներ»: Ելույթներից հետո Սերժ Սարգսյանը եւ ԵԱՀԿ քարտուղարը փորձեցին կտրել կարմիր ժապավենը: Մկրատներից մեկը երեւի վատ էր սրված, քանի որ ազնվական գլխավոր քարտուղարին բավականին երկար չէր հաջողվում կտրել ժապավենը: Ի վերջո, գործը գլուխ եկավ, եւ ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետ Տիգրան Գասպարյանը ներկաներին որոշ բացատրություններ տվեց վերամշակման գործարանի հնարավորությունների եւ նրբությունների վերաբերյալ: Որպես հրթիռային վառելիքի բաղադրիչ՝ օգտագործվող խիստ թունավոր եւ գոլորշիացող նյութը՝ մելանժը, մնացել է Հայաստանում Խորհրդային Միության փլուզումից հետո: Պաշտպանության նախարարի խնդրանքով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը երեկվանից սկսեց ծրագիր, որի արդյունքում այդ նյութի ողջ պաշարը պետք է յոթ ամսվա ընթացքում վերամշակվի՝ վերածելով այն էկոլոգիապես անվնաս, ցածրակարգ պարարտանյութի: Վերամշակման ներկայիս փուլին նախորդել են միջազգային եւ հայ փորձագետների կողմից կատարված տեխնիկական եւ էկոլոգիական գնահատումները: Ծրագիրը ֆինանսավորվում է Կանադայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի եւ Միացյալ Նահանգների կողմից: Այս ծրագրի արդյունքում կստացվի շուրջ 5200 տոննա հեղուկ պարարտանյութ, որով կմշակվի 1300 հա տարածք: Ձեռնարկությունում կաշխատի 35 աշխատող: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել