Խոսելավարձը «նկարո՞ւմ» են «ԱրմենՏելը» վերջին 3-4 ամիսների ընթացքում մարալիկցիներին սյուրպրիզներ է մատուցում՝ hրամցնելով ճոխ գումարներով ցուցակներ: Օրերս մեր թերթին էին դիմել մի խումբ մարալիկցիներ՝ բողոքելով, որ հեռախոսավճարների մուծման օրերին Մարալիկի փոստում «իսկական մարդասպանություն է տեղի ունենում»: Բանն այն է, որ մարալիկցիները փոստատան աշխատողներին ոչ մի կերպ չեն կարողանում ապացուցել, որ իրենց խոսելավճարը «ուռճացված» է՝ ոչ միայն կրկնապատկված, այլ լեցուն անծանոթ համարներով: «Այդ օրերին ողջ-առողջ փոստ գնաս՝ ինվալիդ հետ կդառնաս: Չեք պատկերացնի, թե փոստում ինչ ռազբոռկեք են տեղի ունենում»,- պատմում են մարալիկցիները՝ մանրամասնելով իրենց ընտանիքների գլխին եկածը: Ըստ բնակիչներից մեկի ( հեռախոսահամարն է 2-13-97 ). «Պերմ խոսելու համար գնել ենք ինտերնետային «Ավրորա» հեռախոսաքարտ, որի համար նախապես ենք վճարում եւ «ԱրմենՏելին» վճարելիք գումարի հետ կապ չունի, սակայն խոսելավարձի ցուցակներում Պերմի խոսակցության դիմաց հեռախոսավճարը եւս ֆիքսված էր: Եթե ինտերնետային քարտով ես խոսում, պիտի այլ գումար չգրի, բացի նրանից, որ տվյալ երկիր միանում ես Երեւան զանգելով, բնականաբար քեզանից գանձվում է միայն մայրաքաղաք խոսելու վճարը»: Մարալիկցիների պատմելով, «երբ գնում ենք փոստատուն տեղի ունեցածը պարզաբանելու, փոստատան աշխատակիցները առիթը բաց չեն թողնում եւ սկսում են իրենց ունեցած ինտերնետ քարտերը գովազդել, ասելով, որ «Ավրորան» ստից քարտ է, եւ եթե ուզում ենք ավել գումարներ չգրվի, պետք է իրենց մոտի քարտերից գնենք»: Չնայած բնակիչների բողոքներին, այս ամիս եւս մարալիկցիները խոսելավարձի ցուցակում բջջայինի բազմաթիվ անծանոթ հեռախոսահամարներ են հայտնաբերել: Բաժանորդների խոսքերով, խոսելիս ժամ են պահում, սակայն երբ ցուցակները ստանում են՝ մեծ տարբերություններ են հայտնաբերում. «Չգիտես ինչու՝ 7 րոպե տեւած խոսակցությունը 15 րոպե է դառնում, 15-ն էլ՝ 40»: Մարալիկցիներից մեկն էլ 1 ամսում 3 անգամ Գյումրի է զանգահարել, որի համար նրանից գանձվել է 3000 դրամ, վերջինս ստիպված հեռախոսի կոդն անջատել է տվել. «Հո կրակը չենք ընկել, «ԱրմենՏելին» պա՞րտք ենք, թե՞ երեւանցիների գլխին սարքած Գվինեա, Հոնդուրաս եւ այլ անտիկվար երկրներ խոսելու տրյուկը հիմի էլ շիրակցիների գլխին են սարքում»: Տուժած բաժանորդները «ԱրմենՏելի» դեմ դիմում-բողոք են ներկայացրել Մարալիկի փոստ, սակայն փոստատան աշխատակիցները զայրացած մարալիկցիներին պատասխանում են, որ իրենք մեղք չունեն, եւ որ ցուցակները ստանում են մայրաքաղաքից: Ի դեպ, բողոքավորները մեզ հետ զրույցում ասացին, որ փոստատունն էլ իր հերթին է գումար գանձում՝ «կոդերի թուղթը տալու համար մի տողը 5 դրամ են հաշվում»: Երբ մարալիկցիների բողոքը փոխանցեցինք «ԱրմենՏելին», ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Չութիլյանը բացառեց, որ երեւույթը համատարած է եւ ասաց, որ իրենք կկարողանան հարցը պարզաբանել միայն այն դեպքում, եթե բողոքավորներն իրենց հեռախոսահամարները ներկայացնեն ընկերությանը: «Ի՞նչ անենք, գյուղովի Երեւան ներկայանա՞նք, թե՞ թաք-թաք ձեզ զանգենք, էս քանի օրը վարձավճարի մուծման օր է, նեղություն կրեք, եկեք-աչքներովդ տեսեք, որ համոզվեք»,- ասում են մարալիկցիները: Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ