ՇԱՏ ԷԼ ԼԱՎ ՈՐՍՈՒՄ ԵՆ Ձկնորսները նախարարի հրամանին չեն ենթարկվում Չնայած ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի՝ Սեւանա լճում սիգի որսը արգելելու հրամանին, այսօր թե՛ շուկաներում, թե՛ մայրաքաղաքի փողոցներում սիգն ազատ վաճառվում է: Եթե հրամանի ընդունման սկզբնական շրջանում ձկնավաճառները խուսափում էին գնորդներին ասել, որ դա «Սեւանի ձուկ» է եւ ստիպված պատմություններ էին հորինում, թե իրենց արհեստական լճակներում են բազմացրել, ապա հիմա պարզ ասում են՝ «Սեւանից ենք բռնում, ընտիր ձուկ ա, կուզես փորը բացեմ՝ համոզվես, որ թարմ ա»: Դատելով թե՛ շուկաներում, թե՛ փողոցներում վաճառքի հանված սիգի քանակից՝ ակնհայտ է, որ որսը ոչ թե կարթով, այլ ցանցով է եղել, այսինքն՝ որսը իրականացվել է հենց արդյունագործական նպատակով: Հիշեցնենք, որ նախարարի 2006-ի փետրվարի 9-ին ընդունած հրամանի համաձայն, Սեւանա լճի սիգն այսուհետեւ չի համարվում արդյունագործական նշանակության ձկնատեսակ: Խնդիրն այն է, որ այդ հրամանն ի սկզբանե դատապարտված էր չկատարման՝ այն առումով, որ զուտ հրամանի ձեւակերպման մեջ ձկնորսներին «տեղ է թողնվում» այն շրջանցելու, քանի որ մինչեւ 10 տոկոս սիգի որս (սեփական կարիքների համար), այնուամենայնիվ, թույլատրվում է: Հրամանի համաձայն, 2006-ի ընթացքում թույլատրվում է ձգովի ուռկաններով եւ դնովի ցանցերով իրականացնել 400 տոննա կարասի որս (200 տոննան՝ մայիս-հունիս ամիսներին, մյուս 200 տոննան՝ հուլիս-օգոստոսին), իսկ սիգի որսի քանակը սահմանել կարասի ընդհանուր որսաչափի մինչեւ 10 տոկոսը: Ուստի շուկաներում ո՛ր ձկնավաճառին նախարարի արգելքի մասին հիշեցնում ես՝ արդարանում է, թե «ես 10 տոկոսի մեջ եմ մտնում»: Սա հաստատեցին նաեւ բնապահպանության նախարարությունից: Ըստ լրատվական ծառայության պետ Արծրուն Պեպանյանի՝ «վերահսկողությունը 100 տոկոսով չի լինի իրականացնել, քանի որ այդ 10 տոկոսը չի թողնում, ոչ ոք չի կարող ասել՝ դա 10 տոկոսի մե՞ջ է, թե՞ ոչ»: Հրամանի տակ ստորագրելուց բացի, նախարարը նաեւ ամրագրել է, որ «սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ»: Մինչդեռ, ինչպես երեւում է, նախարարն իրեն վերապահել է ուժերից վեր մի գործ, որի լուծումն այսօր ոչ ոք չի պատկերացնում: Հրամանում նաեւ նշված է, որ այնտեղ ամրագրված պահանջների կատարումը հանձնարարվում է «Սեւան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Ա. Հովհաննիսյանին, որը պետք է խնդրի հետ կապված համագործակցի նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի եւ իրավապահ մարմինների հետ: Ստացվում է, որ ոչ «Սեւան ազգային պարկի» տնօրենը, ո՛չ մարզպետարանը, ոչ էլ իրավապահ մարմինները նախարարի հրամանը չեն կատարում: Ագաթանգեղոսի փողոցում նույնիսկ հրամանի ընդունման առաջին օրերին մի քանի ձկնավաճառ սիգը բաց վաճառում էին: Երեկ մեր հարցին ի պատասխան, թե «որտեղի՞ց եք բռնել», ձկնավաճառներից մեկը պատասխանեց. «Սեւանից, հա, մի զարմացեք, ոչ մի արգելք էլ չկա, այ մարդ, սուտ բաներ ա, Վրաստան էլ են արտահանում, էս մի քանի յաշիկն ի՞նչ ա, որ չթողեն՝ ծախենք, բա էլ ինչո՞վ պիտի ապրենք»: Կասկածելով, որ մենք կարող է հենց վերահսկող մարմնի ներկայացուցիչ լինենք՝ ձկնավաճառը սկսեց մանրամասն ներկայացնել իրենց ընտանիքի սոցիալական պայմանները. «Ամուսինս ոչ մի տեղ չի աշխատում, մենակ էս ձկան գործի վրա ենք նստած, հեսա սեպտեմբերի 1 ա գալու, երեխեքս ոչ կոշիկ ունեն, ոչ գրիչ ու տետրակ, մենք էլ, բացի ձկից ու բախչի կանաչիից, ոչ մի բան չենք ուտում, եթե էս էլ մեր վրայից կտրեն՝ ավելի լավ ա միանգամից ասեն՝ գնացեք ձեզ գցեք»: Իսկապես, նախարարի հրամանի հետ կապված ձկնորսների գործազրկությունը լուրջ խնդիր է դարձել հատկապես Գեղարքունիքի մարզի բնակչության համար, որոնց մի զգալի հատված ապրում եւ գոյատեւում է հենց ձկան առեւտրով եւ ապրուստի այլ միջոց չունի: Սրա մասին տեղյակ են նաեւ բնապահպանության նախարարության մասնագետները: Դեռ տարիներ առաջ որոշվել էր Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում ընդգրկել նաեւ Սեւանի ավազանում արտադրամասեր ստեղծելու խնդիրը, որոնք այլընտրանքային աշխատատեղեր կդառնային բնակչության համար եւ վերջիններս կդադարեցնեին ամբողջ կյանքում սիգի որսի հույսով ապրել, բայց այդպես էլ այդ բնակիչների զբաղվածության խնդիրը մինչ օրս չի լուծվել: Այս օրերին շուկայում միջին չափսի ձուկն արժե 130-170 դրամ, իսկ 1-2 ամիս առաջ կրկնակի թանկ էր՝ 300-400 գրամ կշռող 1 սիգը՝ 500-600 դրամ: Գների անկումը նույնպես վկայում է այն մասին, որ օր օրի սիգի որսը ավելի ու ավելի մատչելի է դառնում: Փաստորեն, նախարարի հրամանը եւ որսի վերահսկողությունը միայն նպաստեցին շուկայում ձկան գների բարձրացմանը: Մինչդեռ այդ արգելքներն ի սկզբանե նպատակ ունեին նպաստելու ձկան ապահով վերարտադրմանը, ինչը մեծ խնդիր է Սեւանի սիգի համար: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ