Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՑԱԽԻ

Մայիս 13,2006 00:00

«ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՓՈԽԶԻՋՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ» Հարցազրույց «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ – Մայիսի 9-ը Շուշիի ազատագրման օրն է: Շատերն են գնահատական տվել այդ օպերացիային, ոմանք նույնիսկ հաղթանակը վերագրելով մեկ-երկու անձի: Ինչպիսի՞ն է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատարի վերաբերմունքն այդ տեսակետներին: – Չգիտեմ՝ հնչած տեսակետներից որը նկատի ունեք, բայց ակնհայտ է, որ պատերազմի ողջ պատմությունը խեղաթյուրված է՝ մասամբ գիտակցաբար, թե՝ ոչ, կարեւոր չէ: Ոմանք այն խեղաթյուրել են՝ իրենց կարծիքով օգտակար գործ արել, ինչ- որ մարդկանցից հերոսի կերպար են ստեղծել՝ այն աստիճանի, որ մի ամբողջ ռազմական գործողության հաջողություն կամ անհաջողություն վերագրել են մի անձի, սակայն պատմությունը կեղծիքներ չի ներում, ժամանակի ընթացքում այն բոլորին իր անաչառ գնահատականներն է տալիս: Իրական պատմության հիմքում այսօր արխիվային գաղտնի փաստաթղթերն են, որոնք կբացվեն 25 տարի անց: Ցավում եմ, որ պատերազմի ու հաղթանակների հետ իրենց անունները կապում են նրանք, ովքեր հարյուրավոր կիլոմետրեր հեռու են գտնվել ռազմաճակատից, ովքեր երբեք չեն առել նույնիսկ վառոդի հոտը: Արցախյան պատերազմի հաղթանակը ոչ թե որեւէ նախարարի, հրամանատարի սեփականությունն է, այլ ողջ ժողովրդինը՝ շարքային զինվորինը, նրան պատերազմ ճանապարհած ու սպասումով ապրած ծնողներինը: Մենք պարտավոր ենք հիշել ու խոնարհվել նրանց բոլորի առջեւ: Ինչ վերաբերում է Շուշիի օպերացիային, ապա պետք է նշեմ, որ այն ազատագրել ենք տակտիկապես: Ստեղծեցինք մի իրավիճակ, երբ հակառակորդը շրջափակման մեջ մնալու վտանգի առջեւ կանգնեց: Այդ պատճառով էլ հակառակորդը լքեց քաղաքը: Շրջափակման մեջ գցելու մարտավարությունը կիրառել ենք բոլոր մյուս օպերացիաների ժամանակ, ինչը հնարավորություն է ընձեռել ունենալ ավելի քիչ մարդկային կորուստներ: – Սակայն Քելբաջարում մարդկային կորուստները մեծ եղան: – Խնդիրն այն է, որ 1993-ին եւ 1994-ին մշակվել ու իրականացվել է Քելբաջարի երկու գործողություն: 1993-ին, երբ որոշ հաջողություններ ունեինք Մարտակերտում, հակառակորդն էլ սպասում էր, որ դրանք կզարգացնենք հենց այդ ուղղությամբ: Ռազմական գործողությունների ուղղությունը տեղափոխեցինք Լաչին-Քելբաջար: Պատերազմի ժամանակ պետք է կարողանաս թելադրել, եւ հակառակորդը չպետք է զգա կամ հասկանա, թե որտեղ է լինելու հաջորդ հարվածը: Պատերազմի օրենքն է՝ ռազմի դաշտում հաղթանակում է իր կամքը թելադրողը: Արդյունքում՝ հաջողվեց վերցնել Քելբաջարը, ուր տեղակայվեցին ՀՀ պաշտպանության նախարարության ուղիղ ենթակայության տակ գտնվող զորքերը, քանի որ իմ ենթակայության տակ գտնվող զորքը ես պետք է տեղափոխեի այլ ուղղությամբ: 1994-ի հունվարին սկսվեց Ադրբեջանի լայնածավալ հարձակումը, եւ Քելբաջարում գտնվող հայկական զորքը նահանջեց՝ նաեւ սարսափելի սառնամանիքի պատճառով, եւ հենց այդ ժամանակ զգալի կորուստներ ունեցանք: Իմ ուժերը կրկին տեղափոխեցի Քելբաջար, որի աշխարհագրական դիրքը շատ կարեւոր է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար: Հենց այդ պատճառով եմ միշտ շեշտում Քելբաջարի կարեւորությունը եւ այդ մասով զիջումների անհնարինությունը: 1994-ի օպերացիայի ժամանակ, ցավոք, շուրջ երկու տասնյակ զոհ տվեցինք: Սակայն հաշվի առնելով բարդությունները, մեր կորուստները կարող էին ավելին լինել: Հակառակորդի ուժերի մի մասին գերի վերցրինք, մյուս մասը՝ ձյան մեջ մնաց կամ փախավ: Քելբաջարում դիրքավորված ադրբեջանական այդ բրիգադը 2500-ից ավելի զինվոր ուներ, թե դրանցից քանիսն են փրկվել՝ չեմ կարող ասել: – Ըստ Ձեզ, ի՞նչ սխալներ կամ բացթողումներ եղան, որոնք թեկուզ անփորձության պատճառով ունեցավ հայկական բանակը: – Հիմնական սխալը, կարծում եմ, հայկական բանակինը չէ, այլ մեր պետությանն է: Խաղաղության թանկագին տարիները մենք սխալ օգտագործեցինք: Բուն հակամարտության լուծումը պետք էր սկսել պատերազմի հետեւանքները վերացնելուց: Իսկ գլխավոր հետեւանքը շուրջ 400.000 հայ փախստականների եւ մոտ 300.000 ադրբեջանցի տեղահանվածների խնդիրն էր: Հասկանալի է, որ խաղաղության պայմանագիրը չկնքած՝ հնարավոր չէր լուծել այդ խնդիրն ամբողջությամբ: Բայց գոնե հայ փախստականների մասով մենք կարող էինք ճիշտ քաղաքականություն վարել: Պետք էր այդ մարդկանց խնդիրները լուծել, վերաբնակեցնել ազատագրված տարածքներում, որովհետեւ հասկանալի է՝ փախստականներին չենք կարող համոզել, թե ապագայում Բաքվում իրենց սպասում է անվտանգ կյանք: Ահա սա եմ համարում մեր ամենամեծ բացթողումը: Իհարկե, սա չի նշանակում, թե այլ սխալներ տեղ չեն գտել: Ժամանակը սխալ է օգտագործված թե՛ քարոզչական, թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական առումներով: – Պրն Բաբայան, համամի՞տ եք այն տեսակետին, թե մենք դեռեւս պատերազմական իրավիճակում ենք գտնվում: – Իհարկե: Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիրը՝ պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է: Ես մի վտանգ եմ տեսնում. բոլորն անհամբեր սպասում են հաշտությանը, եւ այնպիսի տպավորություն կա, որ համաձայնագրից հետո բոլոր սպառնալիքները կվերանան: Մեր նման պետությունը, անկախ նրանից՝ գտնվում է պատերազմի մեջ, թե՝ ոչ, միշտ պետք է պատրաստ լինի իրադարձությունների անսպասելի զարգացումներին: Իսկ դրա համար զինված ուժերը միշտ պետք է պատշաճ մակարդակի լինեն: – Կարելի է ենթադրել, որ ձեզ չի գոհացնում Հայաստանի զինված ուժերի պատրաստվածության ներկա վիճակը: – Զինված ուժերի պատրաստության իրական մակարդակը երեւում է ռազմական գործողությունների ժամանակ: Մեր հրամանատարությունը միշտ պետք է ջանա ցուցադրել ողջ կարողությունը, որպեսզի թշնամին պատերազմը վերսկսելու ախորժակ չունենա: Ինչ վերաբերում է իմ գնահատականին, մամուլն այն տեղը չէ, որտեղ հարկ է քննարկել բանակային խնդիրները: – Ինչպե՞ս եք տեսնում հակամարտության կարգավորումը եւ հնարավոր համարո՞ւմ եք դրա լուծումն այս տարի: – Արցախի հիմնախնդրի լուծումը հն արավոր է միայն հակամարտող կողմերի ժողովրդավարացման, փոխզիջման դեպքում: Կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն որեւէ միջազգային հեղինակավոր կազմակերպության հովանու ներքո Արցախի միջանկյալ ինքնիշխանության, փախստականների եւ ներքին տեղահանված անձանց կամավոր վերաբնակեցման, Արցախում տնտեսության զարգացման նախադրյալներ ստեղծելու եւ Արցախի կարգավիճակը նոր հանրաքվեի միջոցով որոշելու սկզբունքները: Լուրջ չեմ համարում խնդրի կարգավորման առումով որեւէ ժամկետի նշումը: Առավել կարեւորում եմ, որ հայկական կողմը բանակցություններում հանդես գա մեկ միասնական տեսակետով: Մինչդեռ տարբեր գործիչների հայտարարություններից պարզ է դառնում, որ կան հակասություններ Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ: Պետք է ընդունել մի ճշմարտություն, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը հաշվի առնելու՝ հնարավոր չէ վերջնական հաշտության հասնել: – Պրն Բաբայան, քաղաքականությամբ զբաղվելու Ձեր ներկայացրած հայտը որոշ քաղաքական գործիչների, մեղմ ասած, դուր չեկավ: Ոմանք անթույլատրելի համարեցին զինվորականների՝ քաղաքականության մեջ խառնվելը: – Եթե խոսք լիներ գործող զինվորականի մասին՝ կհամաձայնեի, բայց քանի որ ես այլեւս գործող հրամանատար չեմ, հետեւաբար բոլոր այդ մարդկանց նման հայտարարությունները համարում եմ վախի հետեւանք: Բոլորն էլ հասկանում են, որ քաղաքական դաշտ մտնելով մենք խնդիրներ արդեն իսկ ստեղծել եւ դեռ կստեղծենք շատերի համար: Արդյունքները կերեւան 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: – Բայց «Դաշինքը» ակտիվ մասնակցություն չի ունենում քաղաքական գործընթացներին: Ինչո՞վ դա կբացատրեք եւ արդյո՞ք նման քաղաքականությունը ձեզ հաջողություն կբերի: – Ակտիվության՝ Ձեր գնահատականի հետ մի փոքր համաձայն չեմ: Նայած թե ինչ եք պատկերացնում՝ ակտիվություն ասելով: Եթե նկատի ունեք առավել հաճախ տարբեր հեռուստաեթերներում երեւալը, ապա դա իմ ոճը չէ: Կուսակցությունը որդեգրել է քաղաքականություն՝ առավել ակտիվ աշխատելու ժողովրդի հետ, եւ ոչ թե հեռուստաաստղ դառնալ: Մենք դեռեւս մեր հիմնադիր համագումարում հայտարարել ենք, որ ցանկանում ենք դաշինք կազմել ժողովրդի հետ, ինչին էլ ներկայում նպատակաուղղված են մեր ջանքերը: Հենց այդ նպատակով են աշխատում շուրջ վեց տասնյակ տարածքային կազմակերպություններ՝ Հայաստանի ողջ տարածքում, եւ մարդկանց փորձում ենք համախմբել կուսակցության ծրագրային այն գաղափարների շուրջ, որոնք, կյանքի կոչելով, հնարավոր կլինի ներկա իրավիճակի փոփոխությունը: Իհարկե՝ ես չեմ թերագնահատում ԶԼՄ-ների դերը եւ աստիճանաբար մենք կակտիվացնենք նաեւ աշխատանքներն այդ ուղղությամբ, բայց գլխավորը մեզ համար կշարունակեն մնալ անմիջական շփումները բնակչության հետ: Թե ո՞ր չափով կունենանք հաջողություն՝ ցույց կտա ժամանակը: – Քաղաքական ո՞ր ուժերին եք տեսնում ապագա խորհրդարանում եւ ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել ընտրակեղծիքների դեմ, որոնց մասին այդքան խոսում են: – Կան քաղաքական գործիչներ, ովքեր շատ են սիրում կանխատեսումներ անել: Ձեր հարցը երեւի նրանց է ուղղված: Ես տեսնում եմ ապագա խորհրդարանում միայն այն ուժերին, ում կվստահի ընտրողը: Պայքարը, անշուշտ, լինելու է շատ ավելի դժվար՝ բոլոր առումներով. կարելի է ասել, որ քարոզարշավն արդեն սկսված է, իսկ այդ պայքարում կշահի այն քաղաքական ուժը, որը ճիշտ մարտավարություն կընտրի: Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, ապա կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին՝ գոնե մեկ անգամ հանդես բերել պատասխանատվություն ու քաջություն՝ տեր կանգնելու սեփական քվեներին: Ինչ վերաբերում է մեզ, ապա ցանկացած ոտնձգություն կամ մեր դեմ ուղղված կեղծիք ստանալու է արժանի հակահարված: Սրանում կարող են համոզված լինել բոլորը: – Ձեր դատավարությունը լուսաբանողս կարող է ասել, որ 2000թ. հայտնի դեպքերից, ապա նաեւ՝ Համլետ Ղուշչյանի տեսաերիզի ցուցադրումից հետո Ձեր անձի վերաբերյալ հակասական վերաբերմունք ձեւավորվեց: Եթե նկատի ունենանք, որ «Դաշինք» կուսակցությունը դեռեւս այդքան ճանաչում չունի, ընտրություններն էլ սարերի ետեւում չեն, ինչպե՞ս եք գնահատում ձեր հնարավորությունները: – Մեր հնարավորությունների մասին արդեն նշեցի՝ ամեն ինչ կախված է ժողովրդի ընտրությունից: Ինչ վերաբերում է հիշատակված տեսաերիզին, ապա պետք է նշեմ, որ կգա ժամանակը եւ ինչպես տեսաերիզի հեղինակները, այնպես էլ պատվիրատուներն առնվազն ներողություն կխնդրեն, իսկ եթե ոչ՝ հարցը լուծում կստանա օրենքի շրջանակներում: «Առավոտի» իրավական բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել