Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ՕԵԿ-ի մասին

Մայիս 13,2006 00:00

Սերժ Սարգսյանը ՕԵԿ-ի մասին Ըստ նրա, գործարարներին ոչ ոք չի ճնշել Մելանժի վերամշակման գործարանի բացմանը ներկա լրագրողներին առաջին հերթին հետաքրքրում էին ոչ այնքան մելանժի հարցերը, որոնք ոչ պակաս կարեւոր էին, որքան ՕԵԿ-ից հրաժարականների եւ կուսակցության՝ կոալիցիայից դուրս գալու մասին որոշումը: Նախարարը պատասխանելով՝ ասաց. «Չեմ կարծում, որ ինչ-որ արտառոց բան է տեղի ունեցել եւ տեղի ունեցածի մեջ բոլորին էլ խորհուրդ եմ տալիս ինչ-որ բաներ չփնտրել: Գիտեք, որ 2003-ին ստեղծվել էր կոալիցիա՝ երեք կուսակցություններից բաղկացած, եւ հիմա կուսակցություններից մեկը, ունենալով անհամաձայնություններ, դուրս է եկել կոալիցիայից»: Դիտարկմանը՝ կարծես թե ժամանակին այդ կուսակցությունը ստեղծվել է հենց Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, նախարարը համաձայն չէր. «Դուք ձեզ համար հնարում եք հիպոթեզ եւ հետո, ելնելով այդ հիպոթեզից, կառուցում եք հարցը, ինչը կարծում եմ՝ արդարացի չէ: Ինչո՞ւ արդարացի չէ, որովհետեւ ես երբեւէ առնչություն չեմ ունեցել այդ կուսակցության ստեղծմանը: Ես դա ասել եմ բազմիցս»: Մեր այն հարցին՝ ընդհանրապես, ինչո՞վ բացատրել այն փաստը, որ Հայաստանում քաղաքական ուժերի հետ շարունակ նման բաներ են կատարվում, եւ ինչ-որ մեկի կողմից կուսակցությունները նույն սցենարով «քանդվում են», պաշտպանության նախարարը պատասխանեց. «Եթե կգտնեք այդ գործարարներից որեւէ մեկին, որը կասի, որ ոչ թե իր վրա ճնշում են գործադրել, այլ նույնիսկ առաջարկել են այդ կուսակցությունից դուրս գալ, այն ժամանակ ես կփորձեմ ձեր հարցին պատասխանել, բայց ինչո՞ւ եք դուք այդ մարդկանց փոխարեն այդպիսի եզրակացություններ անում: Այդ մարդիկ միաձայն հայտարարում են, որ որեւէ մեկը իրենց չի ճնշել: Այդ մարդկանց վարմունքը ինձ համար հասկանալի է: Հասկանալի է, որ մարդիկ մտել են այդ կուսակցություն կոնկրետ նպատակներով եւ կոնկրետ ուժին աջակցելու համար: Հիմա այդ ուժը տարաձայնություններ ունի իշխանությունների հետ, մյուս կուսակցությունների հետ: Այդ մարդիկ ինչպե՞ս պիտի վարվեին: Բոլորը չեն, որ պատրաստ են գնալ ընդդիմություն, բոլորը չեն, որ համարում են, թե այս իշխանությունները ամեն ինչ սխալ են անում: Այդ մարդիկ իրավունք ունեի՞ն այդպես կարծելու: Ինչո՞ւ անպայման փնտրել խիստ ճնշումներ»: Կարելի՞ է գնահատել, որ կատարվածով Սերժ Սարգսյանն այս պահի դրությամբ հաղթել է Արթուր Բաղդասարյանին՝ նախագահական ընտրություններից առաջ: Ասաց հետեւյալը. «Կարծում եմ՝ այդ հարցը դուք կտաք Արթուր Բաղդասարյանին: Որովհետեւ չեմ կարծում, որ մեր միջեւ որեւէ հակամարտություն կա, եւ չեմ կարծում, որ մենք դուրս էինք եկել պայքարի: Այդպիսի բան չկա»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել