Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՓԱՆԻԿՅԱՆԸ՝ «ԲԻՏԱ»

Մայիս 13,2006 00:00

Հայաստանի
Ռեգբիի ֆեդերացիան այսուհետ կունենա ոչ թե մեկ, այլ երկու նախագահ Մայիսի
11-ին տեղի ունեցավ Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի (ՀՌՖ) հանդիսավոր նիստը, որը միաձայն
որոշեց՝ Ֆրանսիայում ՀՌՖ-ն պետք է ղեկավարի Րաֆֆի Երամյանը, իսկ Հայաստանում՝ Յուրա
Բեգլարյանը: Վերջինս «Հավաքական թիմերի մարզական կենտրոնի» տնօրենն է: Այս
ընտրությունը ֆրանսիական կողմի սրտով էր, քանի որ ՀՌՖ-ի նախկին նախագահ Գագիկ Փանիկյանի
աշխատանքից ֆրանսիական կողմը, մեղմ ասած, գոհ չէր: Հենց ֆրանսիական կողմի առաջարկն
էր, որ Փանիկյանի փոխարեն ֆեդերացիայի նախագահ ընտրվի Յուրա Բեգլարյանը: Յ.
Բեգլարյանն իր խոսքում նշեց, որ ֆեդերացիայի աշխատանքը լինելու է պարզ ու թափանցիկ.
«Կա մեծ ուժ, մնում է ոտքի կանգնեցնենք ռեգբին Հայաստանում: Դրա համար աշխատելու
ենք բաց: Յուրաքանչյուր խաղացող իրավունք ունի տեղեկանալ, թե ինչ է կատարվում ֆեդերացիայում»:
Նիստին Գ. Փանիկյանը չկար: Փոխարենը ներկա էր Գագիկ Փանիկյանի «աջ ձեռքը»՝
ՀՌՖ փոխնախագահ Պետրոս Ասլանյանը: Վերջինս, շուրջ մեկ ամիս առաջ, իր նախագահի «թասիբը»
պահելու համար մամլո ասուլիս էր հրավիրել՝ հերքելու մամուլում շրջանառվող այն լուրը,
թե Գ. Փանիկյանը Ֆրանսիայի ՀՌՖ-ի ուղարկած գումարներով մեկնել է ԱՄՆ եւ բացատրություն
չի տվել, թե ինչի վրա են ծախսվել ռեգբիի զարգացմանն ուղղված գումարները: Դեռ այն
ժամանակ Պետրոս Ասլանյանը կտրականապես հերքում էր Յ. Բեգլարյանի՝ ֆեդերացիայի նախագահ
դառնալու լուրը՝ ասելով. «Յուրա Բեգլարյանը սպորտդպրոցի տնօրեն է, ըմբշամարտիկ է
եւ ռեգբիի հետ կապ չունի»: Սակայն մայիսի 11-ի նիստից հետո Պ. Ասլանյանը մեր
հարցադրմանը նախկին հայտարարության առնչությամբ պատասխանեց. «Կապ չուներ, հիմա էլ՝
ունի: Քոչարյանն էլ պրեզիդենտ չէր, հիմա պրեզիդենտ ա: Ով ինչ ասել ու արել ա, ներվում,
ջնջվում ա: Բեգլարյանը ինձ ընկեր ա»: Այս առիթով Յ. Բեգլարյանը «Առավոտին»
պատասխանեց. «Թե ով ինչ գումար է վերցրել՝ ինձ չի վերաբերում: Ես դրա հետ գործ չունեմ:
Փանիկյանը հո փախած չի՞: Բուժվում է, երբ գա, ծախսված գումարների մասին հաշվետվություն
կտա»: ՀՌՖ-ի մենեջեր Պատրիկ Ուտամյանն իր խոսքում նշեց. «Մինչ այս, ինչ արվել
է Հայաստանում ռեգբին զարգացնելու ուղղությամբ, մեզ այդքան էլ չի գոհացրել: Այսօր
արդեն դրվեցին այս մարզաձեւի զարգացման նոր հիմքերը: Նպատակ ունենք այն զարգացնել
մեր հայրենիքում: Հույս ունեմ, որ Յ. Բեգլարյանի հետ մեր համատեղ աշխատանքի արդյունքում
լուրջ հաջողություններ կարձանագրենք»: ՀՌՖ-ի ֆրանսիական կողմի նախագահ Րաֆֆի
Երամյանի տեղեկացմամբ՝ շուտով Հայաստան կայցելեն ռեգբիի պրոֆեսիոնալ մարզիչներ, որոնք
հայաստանցի մարզիկների հետ կկատարեն փորձի փոխանակում: Բացի այդ, 15-17 տարեկան պատանիներից
կձեւավորվեն չորս թիմեր: Լավագույն մարզիկները հնարավորություն կունենան Եվրոպայում
ներկայացնել Հայաստանի հավաքականը: Անդրադառնալով մայիսի 13-ին Աբովյան քաղաքի
մարզադաշտում կայանալիք Հայաստան-Սլովենիա խաղին՝ Ր. Երամյանը հույս հայտնեց. «Մայր
հողի վրա, անշուշտ, պետք է հաղթի Հայաստանի թիմը: Եվ այս հաղթանակները չպետք է դադարեն
այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությունում չեմպիոն չդառնա»:
ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել