Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես իրանահայ ամերիկացի եմ»

Մայիս 13,2006 00:00

Ամերիկահայ նկարիչ եւ բանաստեղծ Սերոժ
Խաչատրյանի հետ մեր հանդիպման շարժառիթը նրա այցն էր Հայաստան՝ ցուցահանդես կազմակերպելու
նպատակով։ Ինչո՞վ է նա հետաքրքիր։ Թերեւս իր ճակատագրով, կենսագրությամբ,
որտեղ գրեթե համամասնորեն երեք տարբեր երկիր, երեք տարբեր մշակույթ ու ավանդույթ
է տեղ գտել։ Ծնվել եւ իր կյանքի առաջին տասնինը տարիները անց է կացրել Իրանում։ Նրա
պատանեկան շրջանի գծանկարները հրապարակվել են Թեհրանի երիտասարդական պատկերազարդ
հանդեսներում։ Այնուհետեւ նա հայրենադարձվել է Հայաստան եւ բնակություն հաստատել
Հրազդան քաղաքում։ Հրազդանի բնանկարները հայրենի եզերքի այլ հիշարժան վայրերի համատեքստում
շոշափելի տեղ են զբաղեցնում նկարչի ստեղծագործության մեջ։ Հայաստանում անցնում է
նրա կյանքի երկրորդ շրջանը՝ քսաներկու տարի տեւողությամբ։ 1991 թ. Սերոժ Խաչատրյանը
տեղափոխվում է մշտական բնակության ԱՄՆ, Լոս-Անջելես։ Իր գեղանկարչական եւ
բանաստեղծական ստեղծագործության ու նախասիրությունների մասին խոսում է մի տեսակ ինքնահեգնանքով։
Գտնում է այդ պարզապես հրապուրանք եւ ինքն իրեն արհեստավարժ նկարիչ կամ բանաստեղծ
չի համարում։ Սակայն մասնագետները Սերոժ Խաչատրյանին շնորհաշատ նկարիչ ու բանաստեղծ
են համարում։ – Դուք Հայաստանից հեռացաք, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից»
անմիջապես առաջ, երբ տնտեսական փակուղու մեջ հայտնված մեր հանրապետությունը պատրաստվում
էր պետական անկախության ճանապարհով ուղեւորվել։ Հիմնական փորձությունները, խավար
ու ցուրտ ձմեռները առջեւում էին։ Դուք կանխազգո՞ւմ էիք այդ ամենը, այդ դժվարությունները։
– Ոչ։ Դա պարզապես զուգադիպություն էր։ Ես վաղուց էի պատրաստվում մեկնել Հայաստանից,
որովհետեւ այստեղ ինձ ազատ չէի զգում։ Դեռեւս վաղ դեռահասության եւ պատանեկության
տարիներին իմ ծննդավայր Իրանում ես երազում էի գալ Հայաստան, երազում էի հայրենիքի,
իմ նախնիների, ապուպապերի երկրի հետ կայանալիք հանդիպման մասին։ Սակայն որոշ ժամանակ
անց անուրջներն ու պատրանքները ցրվեցին, իրենց տեղը զիջեցին հիասթափությանը։ Իհարկե,
մենք հարկադրված եղանք անցնել զրկանքների միջով, երկար տարիներ ապրում էինք վատ կենցաղային
պայմաններում, սակայն ինձ համար ամենագլխավոր ու կարեւոր խնդիրը ոչ թե դժվարությունների
ու զրկանքների առկայությունն էր, այլ ազատության բացակայությունը, այն ազատության,
որի հետ ես լավ ծանոթ էի մինչեւ Հայաստան հայրենադարձվելը եւ որին հասցրել էի վարժվել,
ընտելանալ։ Իսկ Հայաստանից ես մեկնեցի այն ժամանակ, երբ հնարավորություն ընձեռվեց։
– Իսկ ինչպե՞ս անցկացրիք վերաբնակեցման շրջանը։ Ամերիկան իր «խաղի կանոններն»
է առաջադրում նորաբնակներին, եւ ադապտացման շրջանը շատերի համար բավական բարդ ու
ցավալի է լինում։ – Ինձ համար այդ շրջանը բավական աննկատ անցավ։ Երեւի դեր
խաղաց Իրանում ապրած տարիների փորձը։ Ես առաջին իսկ օրվանից ինձ լավ էի զգում այնտեղ
եւ կարելի է ասել՝ ոչ մի ֆինանսական խնդիր չունեի։ Եվ ոչ մի տեսակ հոգեկան աններդաշնակություն
չէի զգում։ Գեղանկարչությունն ինձ համար եղել եւ այսօր էլ մնում է իմ կյանքի կարեւոր
զբաղմունքը, նախասիրությունը, հրապուրանքը։ Իսկ իմ հիմնական աշխատանքը, որի շնորհիվ
ես վաստակում եմ իմ հանապազօրյա հացը՝ գովազդային ցուցանակների պատրաստումն է։ Ես
ձեւավորում եմ մեծ ու փոքր խանութների, ձեռնարկությունների փեղկերը, ցուցանակները,
նախասրահները։ Դա բավական եկամտաբեր բիզնես է։ Ի դեպ, Հայաստանից հեռանալու իմ ամենակարեւոր
պատճառներից մեկն էլ հենց այն էր, որ խորհրդային տարիներին ես հնարավորություն չունեի
զբաղվել իմ նախասիրած գործով։ Չկար համապատասխան օրենսդրական դաշտ։ Եվ ինձ պարզապես
սպանում եւ վիրավորում էր անտարբերությունն ու անպահանջկոտությունը աշխատանքի որակի
հանդեպ։ Թացն ու չորը նույն գինն ունեին։ Կարելի էր գլուխ պահել եւ բարգավաճել։ –
Ի՞նչ կասեք կարոտախտի մասին։ Ձեզ ծանո՞թ է այդ զգացումը։ – Իհարկե, ես կարոտում
եմ իմ Հայաստանը, Արարատը, ընկերներիս ու հարազատներիս։ Բարեբախտաբար, հնարավորություն
ունեմ ամեն տարի այցելել Հայաստան։ Արդեն մի քանի ցուցահանդես եմ կազմակերպել, այդ
թվում՝ նաեւ անհատական։ Հայկական պարբերականներում տպագրվում են իմ բանաստեղծությունները:
Ի դեպ, ինձ ինչ-որ տեղ դուր են գալիս փոփոխությունները Հայաստանում եւ Երեւանում։
ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել