Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՐՁԻԳ ՀԵՐՈՍՏՐԱՏԻ ՓԱՌՔԸ

Մայիս 13,2006 00:00

Որը
չի մարում Դրամատիկականի բեմում Երեկ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում
կայացավ Գ. Գորինի «Մոռանալ Հերոստրատին» պիեսի ներկայացման 240-րդ բեմելը: Նշենք,
որ բեմադության պրեմիերան տեղի է ունեցել 1976թ. մարտի 1-ին: «Առավոտը» զրույցի հրավիրեց
բեմադրության նախագծի հեղինակներից դրամատուրգ, թատերագետ Վալերի Թումասյանին: –
Եթե մի բան չի մարում, ուրեմն ունի էներգիայի աղբյուր: Այս ներկայացման դեպքում դա
Վլադիմիր Մսրյանի, Անահիտ Թոփչյանի խա՞ղն է, Ա. Խանդիկյանի կատարյալ բեմադրությո՞ւնը…
– Երեսուն տարի առաջ էր, նախագծի հեղինակներս էլ՝ երեսունի մեջ: Արդեն գիտեի,
որ չեմ կարող չլինել թատրոնի մարդ: Թատրոնի մասին կարդում էի ամեն ինչ եւ նույնիսկ
համարձակվում գրիչ բանեցնել: Ոտքերս էլ հաճախ տանում էին Դրամատիկական թատրոնի մոտ
գտնվող «Առագաստ» սրճարան: Հենց այդտեղ իմացա, որ Արմեն Խանդիկյանն ուզում է թատրոնում
հաստատվել որպես բեմադրող ռեժիսոր: Իմացա, որ Վլադիմիր Մսրյանը վրդովված է Ռիչարդ
3-րդի դերը չխաղալու պատճառով եւ ուզում է մեկ ուրիշ հանճարեղ չարագործի դեր՝ իր
իսկ դերասանական հանճարով, որ Եդեմի Եվայի դերից հետո, որի պատճառով Անահիտ Թոփչյանը
երես է թեքել համալսարանից, կուզենար հիմա էլ մի տրոյական պատերազմի պատճառ լինել…
Քանի որ բոլորիս մտադրությունը ինքնահաստատվելն էր թատրոնում, կազմեցինք տանդեմ՝
ընդդեմ… մեր լավը չուզողների: Որոշեցինք առաջարկել մի անմեղ, անվնաս գործ, որի
ներքին աշխարհում լինի մեր ուզածը, իսկ արտաքինում՝ ոչ հանճարեղ, ոչ էլ հակա կամ
այլախոհական: Տպավորիչ ասած՝ մենք հրձիգներ էինք ու մեր հերոսն էլ պետք է լիներ հրձիգ:
Կարդալով Գորինի «Մոռանալ Հերոստրատին» պիեսը, հասկացանք, որ մեր ետին միտքը շատ
խորն է թաղված: Այդտեղ մի գործող անձ կար՝ թատրոնի մարդը, որ հարկավոր ժամին բռնում
էր Հերոստրատի ձեռքը, սովորական հայհոյանքներով գամում անարգանքի սյանը եւ աղաղակում՝
մոռանալ (մերժել) Հերոստրատին (այդ թվում եւ՝ Ներոնին, Հիտլերին…): Իսկ բեմադրող
ռեժիսոր Խանդիկյանը գիտեր եւ գիտե, որ բեմը ողբերգական (կամ կատակերգական, կամ ողբերգակատակերգական)
քավության կատարսիսի վայր է, ոչ թե քարոզիչների, գաղափարախոսների ու հրահանգիչների
ամբիոն կամ հրապարակ: Ի իրականացումն իր տեսիլքի, նա բեմից վռնդեց թատրոնի մարդուն,
որ դեպքերն ընթանան դեպի իրենց վատթարագույն վախճանը, եւ թող ինչ մտածվում է, մտածվի
դահլիճում, այլ ոչ թե բեմում: Երեսուն տարի է մտածվում է. ահա ներկայացման
կենսունակության գաղտնիքը: Քանի՜-քանի մարդ է նայել այս ներկայացումը, վերապրել Հերոստրատի
փառքն ու վախճանը, եւ իր մտքից հանել ինչ-ինչ մտքեր: Այն ժամանակ, հիմա էլ ներկայացումը
համարում եմ հոգեթերապիայի զանգվածային սեանս: Իսկ եթե հաշվի առնենք, որ մեր երկիրը
դեռ անցման փուլում է, մաքրագործումը հարկավոր է նաեւ այս շրջանին: Որեւէ բան մոռանալու
համար նախ պետք է հիշել հանրահայտ այն, որ նորը լավ մոռացված հինն է: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել